Իրավապաշտպանների բողոքի քննությունը անընդհատ հետաձգվում է
10:35, June 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, Արայիկ և Օֆելյա Զալյանների ներկայացուցիչ Սուքիասյանի ներկայացրած բողոքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցի, Արայիկ և Օֆելյա Զալյանների իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պահանջի մասին:
Այս էլ որերորդ անգամն է նիստը հետաձգվում է, քանի որ վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչը դատարան չի ներկայանում:
Ըստ Սուքիասյանի, դատարանը նախորդ անգամներն էլ դատական նիստը հետաձգելը հիմնավորել էր վարույթ իրականացնող մարմնից որոշակի հարցերի ճշտման անհրաժեշտությամբ:
«Դատարանը նրանց ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է համարում, բայց այս էլ որերորդ նիստն է, չեն ներկայանում»,- ասաց Սուքիասյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի քսանմեկին:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զբաղվում է Վանաձոր ՔԿՀ դատապարտյալ Կ. Ս.-ի խախտված իրավունքների պաշտպանությամբ: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը արձանագրել էր, որ դատապարտյալ Կ. Ս.-ը շարունակական ճնշումների է ենթարկվում ՔԿՀ աշխատակցի կողմից: Դրան հաջորդել էր Դիտորդական խմբի՝ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմումը՝ դատապարտյալին, անվտանգության նկատառումներից ելնելով, այլ ՔԿՀ տեղափոխելու հարցով:
Նախարարությունը ընդառաջ չէր գնացել Դիտորդական խմբի խնդրանքին: 2015 թ. սեպտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել էր:
Որոշումը վերադասության կարգով բողոքարկելուց հետո 2015 թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Է. Արամյանի կողմից որոշում է կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ 29.09.2015թ.-ի որոշումը վերացնելու և ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Հարուցված քրեական գործը 2015 թ. դեկտեմբերի 9-ին կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Քննիչը որոշում է կայացրել նաև հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սուտ մատնության հանցակազմի բացակայության հիմքով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2015 թ. դեկտեմբերի 21-ին բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին՝ քրեական գործը կարճելու մասին վերոնշյալ որոշումը վերացնելու, ինչպես նաև՝ հաղորդում ներկայացրած և վկայի կարգավիճակում գտնվող իրավապաշտպանների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված /սուտ մատնություն/ հանցակազմի շրջանակներում վարույթն իրականացնող քննիչի կողմից քրեական հետապնդում իրականացնելուն իրավական գնահատական տալու պահանջով:
2016 թ. հունվարի 8-ի որոշմամբ ՀՀ Գլխավոր դատախազությունը մերժել է Կազմակերպության վերոնշյալ բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Իրավապաշտպանների նկատմամբ սուտ մատնության հանցակազմի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելու առնչությամբ ՀՀ Գլխավոր դատախազության որոշման մեջ նշվում է. «Այս առումով տեղին է նախաքննության մարմնի կողմից գնահատական տրվել ակնհայտ սուտ մատնություն կատարելուն, քանի որ գործով ձեռք են բերվել Արայիկ և Օֆելյա Զալյանների, Արթուր Սաքունցի հայտնած հանգամանքները հերքող ապացույցներ, ուստի այդ մասով ևս բողոքաբերների հետևությունն անհիմն է»:
ՀՀ Գլխավոր դատախազության այս տարվա հունվարի 8-ի որոշումն էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից բողոքարկվել է ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: