Դատավորն իրավապաշտպանից ներողություն չի խնդրում, ասելով՝ «փողոցային» բառն այլ իմաստով էր (Տեսանյութ)
18:32, July 2, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ փաստաբան, «Բժիշկների գործով» ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջեւ այսօր մի քանի անգամ դատական նիստի ժամանակ միջադեպեր գրանցվեցին: Գիվի Հովհաննիսյանը հորդորում էր իրավապաշտպանին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան ներկայացած փորձագետին հարցեր տալ փորձագիտական եզրակացության շրջանակներում, իրավապաշտպանն էլ հակադարձում էր, թե իրեն որեւէ մեկը չպիտի ուղղորդի:
Իրավապաշտպանը դիմեց նաեւ դատավոր Լեւոն Ավետիսյանին, թե ինչո՞ւ է կողմն առանց թույլտվության հայտարարություն անում: Այստեղ տեղի տվեցին դատավորի նյարդերը, նա դիմելով պաշտպանական եւ մեղադրանքի կողմի ներկայացուցիչներին, հորդորեց «փողոցայինի» նման չպահել: Երբ Արթուր Սաքունցը պահանջեց դատավորից ներողություն խնդրել, դատավորն ասաց, թե խոսքը վերաբերում է դատարանում փողոցային փոխհարաբերություններ չհաստատելուն: 2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով շարունակվում է փորձագետների դատակոչը:
Դատարան ներկայացած Աննա Չոբանյանն անդրադարձավ երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, «Արաբկիր» բուժհաստատություն ընդունելուց հետո բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի ձեռնարկած միջոցառումներին: Փորձագետի խոսքը եւ հարցերին պատասխանելն ուղեկցվում էր բժշկական տերմիններով, բառերով, ինչը շփոթության մեջ էր գցում դատական նիստը հետեւողներին: Հիմնական հարցերը, որոնք տվեցին Լիայի հայրը՝ Գեորգի Միսակյանը, , մեղադրանքը պաշտպանող Դավիթ Կարապետյանը եւ Արթուր Սաքունցը վերաբերում էր նրան, թե կապրե՞ր երեխան նման ախտանիշներով, եթե նրան նույն օրը՝ անցյալ տարվա հունվարի 31-ին, երբ բուժկենտրոն էին ընդունել, համաչափ, իրավաչափ օգնություն ցույց տրվեր: «Ինչպես կարելի էր կանխել վիրուսային ինֆեկցիան», «ցնցումներ կարո՞ղ էր երեխան ունենալ, ինչը տեսանելի չլիներ», «գրանցվե՞լ է երեխայի ձեռքին կադետր տեղադրելը», «արյան լեյկոցիտները , եթե պակաս են եղել, ազդե՞լ է երեխայի իմունիտետի վրա, ինչպես».հարցերի չնչին մասը:
Փորձագետը խոսքի մեջ հաճախ էր ասում, թե «համաշխարհային գրականության մեջ» դա այդպես է, իսկ այդ համաշխարհային կոչված բուժգրականությունն էլ կամ ռուսերեն էր կամ՝ անգլերեն: Առանձին վեճի առարկա դարձավ տվյալների գրանցման եւ նշանակումների հարցը: Չունենալով անալիզի տվյալները երեխային նշանակումներ են արվել, ինչը իրավապաշտպանի կարծիքով, անընդունելի է: «Թույլատրելի է՞»,-հարցրեց նա փորձագետին, եւ փորձագետի «խուճուճ» պատասխանից պարզ դարձավ՝այո: Դատարանը ընդմիջում հայտարարեց: Դատարան են ներկայացել եւս երկու փորձագետ: Մանրամասները` տեսանյութում
Աղբյուրը՝ www.aravot.am