Բաղրամյան պողոտայում անչափահասներին սպառնում են հենց ոստիկանները
17:31, July 2, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Բաղրամյան պողոտայում Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին օրերին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ցուցաբերած վարքին:
Երեկ երեկոյան պողոտա էր եկել Ոստիկանության՝ անչափահասների գծով վարչության պետ Նելլի Դուրյանը, ով ասաց, որ զբաղվում է ակցիային մասնակցող անչափահասների իրավունքների պաշտպանությամբ:
Արթուր Սաքունցի խոսքով՝ որպեսզի Նելլի Դուրյանն անչափահասների իրավունքների պաշտպանության հարցով զբաղվի, առաջին հերթին պետք է հետամուտ լինի, որպեսզի քրեական գործ հարուցվի ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հունիսի 23-ի լուսադեմին ապօրինի ուժ կիրառեցին խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ երեխաների նկատմամբ:
“Նա պետք է հասնի ոչ միայն քրական գործի հարուցմանը, այլ նրան, որպեսզի քննություն իրականացվի: Ինքն այդ ուղղությամբ պետք է աշխատի այս փուլում”,- ասաց իրավապաշտպանը:
Նելլի Դուրյանն ասել էր, որ երեխաների մասնակցությունը նմանօրինակ ցույցերին չի թույլատրվում: Արթուր Սաքունքի խոսքով՝ այստեղ չկա հակաիրավական որևէ վիճակ, երեխաները շատ դեպքերում իրենց ծնողների և հարազատների հետ են գալիս Բաղրամյան պողոտա, դրա իրավունքը լիովին ունեն:“Այստեղ անչափահասների նկատմամբ ոտնձգություն կատարողները միայն ոստիկաններն են: Այնպես որ, նրա պահանջը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հիմքեր չունի: Միայն մի մտահոգություն կա՝ դա ոստիկանության կողմից բռնությունների փաստն է, որը կիրառվել է նաև անչափահաս երեխաների նկատմամբ”,- նշեց նա:
Անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքին՝ Արթուր Սաքունցն ասաց, որ Վլադիմիր Գասպարյանին թվում է, թե ինքը խաղում է ոստիկանապետի դերը: Նրա խոսքով՝ ոստիկանապետի պահվածքը ոչ մի կերպ չի համապատսխանում Ոստիկանության մասին օրենքի պահանջներին: Այն գործողություններն ու արտահայտությունները, որ ոստիկանապետի կողմից վերջին օրերին արվեցին Բաղրամյան պողոտայում, բացարձակապես ոչ մի իրավական հիմք չունեն:
“Սթափվելու կամ չգիտեմ ինչ կոչերը կամ այն արտահայտությունը, թե կմաքրեն պողոտան, անթույլատրելի է: Պետք է մաքրել առաջին հերթին ոստիկանության կառույցն այն բոլոր մարդկանցից, ովքեր հակաօրինական հրամաններ են կատարում, և դեռևս ես չեմ տեսել որևէ ոստիկան, որը բողոք ներկայացնի, թե իրեն հակաիրավական հրամաններ են տալիս: Այնպես որ, իրապես սթափվելու կոչն ավելի շատ վերաբերվում էր սեփական անձին: Հույս ունեմ, որ ոստիկանապետը սթափվել է”,- ասաց Սաքունցը:
Իրավապաշտպանը նաև նշեց, որ շատ խորհրդանշական էր վերջին օրերին ոստիկանապետի՝ ցուցամատով խոսելն ու ցույց տալը: “Դա շատ նման էր նրան, որ Ազգային ժողովում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն էր ցուցամատը թափահարում: Այսինքն՝ իրավապահ մարմինների ղեկավարներին բնորոշ է ցուցամատի օգտագործումը”,- ասաց նա:
Արթուր Սաքունցն անդրադարձավ նաև ոստիկանապետի կողմից ակտիվիստներին կրոնական քարոզ անելուն, նշեց, որ ուժային կառույցի ղեկավարը քաղաքացիների հետ նման կերպ չպետք է հարաբերվի: “Ավելի շուտ կաթողիկոսը կամ թեմի առաջնորդը պետք է նման ելույթներ ունենան, բայց ոչ ոստիկանապետը”,- ասցա նա:
Արթուր Սաքունցն անդրադարձավ նաև Բաղրամյան պողոտայում բարձրախոսների օգտագործման արգելքին՝ ասելով, որ դա ակնհայտ ոչ միայն իրավական հիմնավորում չունի, այլ նաև հակատրամաբանական է:
“Ողջամիտ պետք է լինեն նաև պահանջները: Սա հանրային ցույց է, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված, և խոսքը պետք է հասցվեի տեխնիկական միջոցների կիրառմամբ: Կարծիք արտահայտելու այլ տարբերակ չկա, դրա համար այդ պահանջը ողջամիտ չէ: Դա ես համարում եմ ոստիկանության կողմից սադրանք, որովհետև գիտեն, որ այդ պահանջը հակաօրինական է, և փորձում են քաղաքացիների ընդվզումն օգտագործել, թե մարդիկ չեն ուզում ենթարկվել ոստիկանության պահանջներին”,- նշեց նա:
Աղբյուրը՝ www.lragir.am