Զինված ուժերում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ պատրաստվել է տեղեկանք
15:38, October 2, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից այսօր հրապարակվել է տեղեկանք, որում ամփոփված են 2014 թ. հունվար-սեպտեմբեր ամսիներին զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերը:
Այսպես, 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող:
2013 թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով:
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման, 1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:
Հարկ է նշել, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %: Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերիի ներթափանցման հետեւանքով: Ի դեպ, միայն 5 հոգի մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով: Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը:
Ամբողջական ուսումնասիրությունը և առանձին դեպքերի մասին տեղեկատվությունւը կարող եք տեսնել տեղեկանքում: