Պերմյակովի գործով. ՀՀ Քննչական կոմիտեն հրաժարվում է տեղեկատվություն տրամադրելուց
18:49, October 2, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Գ. Աղաբաբյանին 2015թ. սեպտեմբերի 9-ին ուղարկված գրությամբ 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժողի իրավահաջորդ Ա. Պողոսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և գրասենյակի իրավաբան Ա. Զալյանը խնդրել էին տրամադրել տեղեկատվություն՝ քրեական գործը ՌԴ Քննչական կոմիտեից ՀՀ Քննչական կոմիտե փոխանցելու և թիվ 18100115 քրեական գործին կցելու իրավական հիմքերի վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել համապատասխան իրավական ակտերի պատճենները:
ՀՀ Քննչական կոմիտեն պատասխան գրության մեջ, վկայակոչելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած (…) տուժողի իրավունքները և պարտականությունները, նույն հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև նույն օրենսգրքի 59-րդ և 79-րդ հոդվածները, որոնցով կարգավորվում են տուժողի իրավահաջորդի իրավունքները և պարտականությունները, նշում է, որ պահանջվող փաստաթղթերը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով տուժողի իրավահաջորդին կամ ներկայացուցչին տրամադրվող փաստաթղթերի ցանկի մեջ չեն մտնում և նախաքննության տվյալ փուլում տրամադրման ենթակա չեն: