2015-ի զորակոչի ժամանակ էպիլեպսիայով հիվանդ է զորակոչվել ԶՈՒ, որը տեղափոխվել է հոսպիտալ
17:07, December 2, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2015 թվականի ձմեռային եւ 2016 թվականի ամառային զորակոչի դժգոհությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 57 քաղաքացի:
Այս մասին Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Սաքունցի խոսքով՝ եղել են զորակոչիկներ, որոնք ոչ պիտանի են ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար, սակայն վախենալով քրեական պատասխանատվությունից, մեկնել են ծառայության:
Գրասենյակի աշխատակից Արմինե Սադիկյանի ներկայացմամբ՝ իրենց դիմած 57 քաղաքացու խնդիրն առողջական է եղել, որոնք «ոչ պատշաճ բուժզննություն են անցել՝ ճանաչվելով պիտանի պարտադիր զինվորական ծառայությանը».
«Մեր կազմակերպության կողմից իրավական աջակցություն է տրամադրվել եւ արդյունքում 6 հոգու վերաբերյալ կայացվել է զինվորական ծառայությունից ազատելու որոշում, 11 հոգու վերաբերյալ՝ տարկետման որոշում, 7 հոգի ճանաչվել է ծառայությանը պիտանի, բայց հրաժարվել են մեկնել ծառայության՝ հիմնվելով համապատասխան բուժզննումների եզրակացությունների վրա, այդ գործով արդեն կան դատական բողոքարկումներ»,- ասաց Սադիկյանը:
Սաքունցը տեղեկացրեց, որ 2015 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ է զորակոչվել էպիլեպսիայով հիվանդ զորակոչիկ, որը զորակոչվելուց օր անց տեղափոխվել է հոսպիտալ. այժմ էլ իր զինծառայությունն անցնում է՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով հոսպիտալ:
Ըստ բանախոսի, եթե էպիլեպսիա հիվանդության դեպքում վերջին հինգ տարվա ընթացքում հիվանդի մոտ եղել են ցնցումներ, ապա զորակոչիկը չի կարող պիտանի համարվել պարտադիր զինվորական ծառայության համար: Զորակոչիկի մոտ վերջին հինգ տարվա մեջ եղել են ցնցումներ, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը կցված են եղել զորակոչիկի գործին, սակայն վերջինիս, միեւնույն է, զորակոչել են:
Սաքունցը համոզմունք հայտնեց, որ բուժհաստատություններում ընտրողական վերաբերմունք կա զորակոչիկների եւ մյուս քաղաքացիների նկատմամբ:
Ըստ բանախոսների՝ իրենց գրասենյակ դիմած 57 քաղաքացիների մեծ մասը զորակոչվել է 2 եւ ավելի հիվանդությունների առկայության պարագայում: Ամենատարածված հիվանդություններն են սրտային, ողնաշարային, տեսողության հետ կապված, նաեւ ոտքերի ոսկորների հիվանդություններով տառապող զորակոչիկները, որոնց միեւնույն է համարում են պիտանի զինվորական ծառայությանը:
Տես նաև՝ aravot.am