«Մսագործները» շարունակում են աշխատել ու մնալ անպատիժ
20:02, February 20, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵթե պետությունը չի պատժում խոշտանգողին, դառնում է նրա հանցակիցը
Հայաստանի վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր զեկույցները` սկսած առաջին` 2002թ. զեկույցից աննշան սրբագրումներով կրկնում են իրար: Այս մասին պարբերաբար բարձրաձայնում են տեղական ու միջազգային կազմակերպություները, իրավապաշտպանները:
«Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2013 և 14թթ. Հայաստան այցելությունների վերաբերյալ հաշվետվությունների» երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ (նախաձեռնող` «Գործընկերություն հանուն բաց հասարակության» հիմնադրամ) Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մեջբերեց ԽԿԿ տարբեր զեկույներից հատվածներ:
Իրավապաշտպանը ներկայացրեց, որ գրեթե բոլոր զեկույցներում առկա են փակ հիմնարկներում գտնված մարդկանց վկայություններ ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասին. ծեծ` աթոռի ոտքերով, ռետինե մահակներով, պոլիէթիլենային տոպրակով խեղդամահ անելու դեպքեր, հակագազով խեղդելու մասին վկայություն, հարթաշուրթով մատներն ու եղունգները սեղմելու դեպքեր:
ԽԿԿ բոլոր զեկույցներում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին ամենաբարձր քաղաքական մակարդակով իրականացնել քաղաքացիների՝ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքը, պատշած քննություն իրականացնել յուրաքանչյուր գործով, պատասխանատվության ենթարկել խոշտանգողներին:
«Եթե պետությունը չի պատժում խոշտանգողին, դառնում է նրա հանցակիցը»,-այս նախադասությունը մեջբերեց փորձագետ Դավիթ Խաչատրյանը՝ հղում անելով ընդդեմ Թուրքիայի խոշտանգման գործով կայացրած վճռին: Փորձագետը նկատեց, որ պետք է այնպես անել, որ խոշտանգումները դառնան անիմաստ: Այսինքն՝ ապացուցվի, որ ապացույց-ցուցմունքը ձեռք է բերվել խոշտանգման հետևանքով, հետևաբար ճանաչվի անթույլատրելի ապացույց ու անհնար լինի այն դնել դատավճռի հիմքում: Սրա համար պետք է պատշաճ քննություն, սակայն փորձը ցույց է տալիս, որ քրեական գործերը հարուցվում են ու կարճ ժամանակ անց կարճվում՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանը նշեց, որ ՔՕ նոր նախագծով խոշտանգման հանցակազմը վերջապես կհամապատասխանի խոշտանգումների դեմ կոնվենցիային: Այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանը: Խոշտանգողը կազատազրկվի 4-8 տարի ժամկետով, որոշակի իրավունքներից կզրկվի, իսկ խոշտանգվողը, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ, պետությունից կստանա 3 մլն դրամի բարոյական վնասի փոխհատուցում:
Հայաստանում խոշտանգողները չեն պատժվում, ավելին՝ ունենում են պաշտոնական առաջխաղացում
Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը՝ մսագործ է այն ոստիկանը, ով ցուցմունք կկորզի ծեծով ու ջարդով:
Սակայն, ըստ իրավապաշտպանների, «մսագործները» շարունակում են աշխատել ու մնալ անպատիժ:
Իրավապաշտպան Արայիկ Զալյանը խոշտանգումների զոհ է դարձել հանրությանը հայտնի «Մատաղիսի» գործի քննության ժամանակ: Նա երեք մեղադրյալներից մեկն էր այդ գործով: 19-ամյա երեք զինվորները 2 համածառայակիցների սպանության առնչությամբ 2004թ. տարվել էին նախ Մարտակերտի ռազմական ոստիկանություն, 7-8 օր այնտեղ պահվել, սակայն առանց կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի զինվորներին տեղափոխել էին Երևան ու ՌՈ-ում պահել 3 ամիս: «Հետքի» հետ զրույցում Արայիկ Զալյանը նշեց, որ այդքան ամիս իրենց պահելու նպատակն այն էր, որ ծեծի հետքերն անցնեն, նոր տանեն կալանավայր: Արայիկի խոսքավ` «խոշտանգողների խմբի ղեկավարը» եղել է քննչական խմբի ղեկավար Արմեն Հակոբյանը, ով հիմա պաշտոնական առաջխաղացում ունի՝ Ոստիկանության ներքին անվտանգության պետն է: «Այնքան էին ծեծել զինվորներից Ռազմիկ Սարգսյանին, սեռական բռնության սպառնալիքներ արել, որ նա տվել էր ինքնախոստովանական ցուցմունք: Հանրությանը հայտնի նման այլ դեպքեր կան. Վահան Խալաֆյանի դեպքը, ով Չարենցավանի ոստիկանությունում էր սպանվել, Միշա Վիրաբյանի դեպքը: Խոշտանգողները հիմա էլ համակարգում են, ավելին՝ պաշտոնական առաջխաղացում են ունենում»,- նշեց Արայիկ Զալյանը՝ նշելով, որ ժամանակին իրենց փաստաբանները բողոքներ են ներկայացրել խոշտանգումների մասով, սակայն հանցակազմի բացակայության հիմքերով գործերը կարճվել են:
Ցմահ դատապարտվածների խնդիրները` ԽԿԿ զեկույցում
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն՝ ԽԿԿ-ն 2011թ.-ի դեկտեմբերին հրապարակել է Հայաստան կատարած արտահերթ այցի հիման վրա կազմված զեկույցը: Արտահերթ այցը վերաբերել է ցմահ ազատազրկան դատապարտվածների նկատմամբ վերաբերմունքին: Պատվիրակությունը չի ստացել հաղորդումներ անձնակազմի կողմից բանտարկյալների նկատմամբ դիտավորությամբ իրականացված ֆիզիկական բռնության նոր դեպքերի մասին:
Ինչ վերաբերվում է «Երևան- Կենտրոն» ՔԿՀ-ում պատիժը կրող 2 ցմահ բանտարկյալների պայմաններին, ԽԿԿ-ն նշել է, որ դրանք կարող են հավասարեցվել անմարդկային վերաբերմունքի:
«ԽԿԿ–ն մեծապես մտահոգված է այն հանգամանքով, որ որևէ առաջընթաց չի արձանագրվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբաղվածության ապահովման հարցում։ Խցից դուրս աշխատանք այլեւս չի առաջարկվում (աշխատանքի համար նախատեսված սենյակները եւ մարզասրահները վերածվել էին խցերի)։ Ավելին, քրեակատարողական հիմնարկում պահվող ոչ մի անձ աշխատանք չուներ։ Քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկվածներից միայն երկուսն էին ներգրավված հեռավար ուսուցման ծրագրերում։ Ամփոփելով` նշենք, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք օրվա 24 ժամն անցկացնում էին իրենց խցերում՝ մատնված հարկադիր պարապուրդի. նրանց հիմնական զբաղմունքը հեռուստացույց կամ տեսաձայնային մագնիսական կրիչներով նյութեր դիտելն էր կամ գրքեր կարդալը։ ԽԿԿ–ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին մշակել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբաղվածության ծրագիր (ներառյալ՝ աշխատանքային, կրթական, շփման ու սպորտային, ինչպես նաեւ նպատակային վերականգնման ծրագրեր)»,-նշված է 2011թ. զեկույցում։
Կոմիտեն արձանագրել է, որ նախկին այցերի արդյունքում ցմահ բանտարկյալների պատժի կրման վերաբերյալ արված հանձնարարականներից և ոչ մեկը չի իրականացվել: Իրենց պատասխանի մեջ Հայաստանի իշխանությունները տրամադրել են լրացուցիչ տեղեկատվություն օրենսդրական նախագծերի մասին, որոնք պետք է զգալիորեն բարելավեն ցմահ ազատազրկվածների վիճակը։
Սակայն «Հետքը», պարբերաբար հետևելով ԱԺ-ում ներկայացված օրինագծերի շարժին, արձանագրում է, որ խնդրի լուծմանը վերաբերող օրինագծերը 2 տարի շարունակ գտնվում են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, սակայն քվեարկության չեն դրվում: Հետևաբար, չեն ստանում օրենքի ուժ: