Ավետիսյանների սպանությունը կատարվել է խլացուցիչ զենքով, իսկ թե ո՞ւմ կողմից, Պերմյակովն առնվազն տեղյակ է այդ մասին. վարկած
11:50, February 3, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲերձորի իրադարձությունների ֆոնին թվում է Գյումրու ողբերգական աղմկահարույց սպանության պատմությունն ու դրա արձագանքը փոքր-ինչ ստվերվեց, սակայն իրավապաշտպան Արթուր Սաքունցը մի շատ ուշագրավ ու արժեքավոր վարկած է առաջ քաշում:
Բոլորին հետաքրքրում է մեկ հանգամանք, թե ինչպես է «Կալաշնիկովից» 28 փամփուշտ արձակվել Ավետիսյանների բնակարանում, երբ հարեւաններից ոչ ոք, անգամ նրանց հետ նույն հասցեում ապրող Կարինե Ավետիսյանը ոչ մի կրակոց չեն լսել:
Իրավապաշտպանն ասում է. «Հարեւանները կրակոցի ձայներ չեն լսել, իսկ չէին կարող չլսել, որովհետեւ «Կալաշնիկով» ավտոմատից արձակված առնվազն 27-28 կրակոցների ձայնը փակ տարածությունում կրակելու դեպքում կլսվեր ընդհուպ մինչեւ 100 մ շառավղով: Երբ որ չեն լսել, դա հակասում է «Կալաշնիկով»-ով կրակելու վարկածին: Հիմնավոր կասկած ունեմ, որ կարող են այդ գնդակներն արձակված լինել խլացուցիչ զենքից: Որովհետեւ խլացուցիչ զենքի գործադրման պարագայում կրակոցները չէին լսվի, եւ ավելին, դրանք հնարավոր է ընկալվեր որպես ցնցումներ»:
Սաքունցի խոսքերով՝ խլացուցիչ զենք կրելու եւ գործադրելու իրավունք Պերմյակովի նման շարքային զինծառայողը, առավել եւս նորակոչիկը չի կարող ունենալ:
«Նման զենք ունեն միայն հակահետախուզության կամ հատուկ ստորաբաժանման զինծառայողները: Պերմյակովը չէր կարող նման զենք կրել, որովհետեւ զինվորական հերթապահության ժամանակ ինքը չէր կարող ունենալ այդ զենքը: Պոստին կանգնած զինծառայողին ընդհանրապես խլացուցիչով զենք չեն տալիս: Այդ պարագայում անխուսափելի է դառնում այն եզրահանգումը, որ հանցագործությունը կատարվել է հատուկ պատրաստվածություն ունեցող անձի կամ անձանց կողմից, որոնց մասին առնվազն Պերմյակովը պետք է տեղյակ լինի»,-կարծում է իրավապաշտպանը:
Սաքունցն այս վարկածը հիմնավորում է նաեւ մի շարք այլ փաստերով. մասնավորապես այն, թե Պերմյակովին պատկանող իրերը ինչո՞ւ էին մնացել Ավետիսյանների ընտանիքում:
«Պերմյակովի՝ զենքի եւ այլ իրերի տեղում թողնելը, որոնց հիման վրա կարելի էր միանշանակորեն ասել կամ նույնականացնել, թե ով էր հանցագործությունը կատարել, բերում է այն եզրակացության, որ միտումնավոր է այդ զենքը եւ Պերմյակովի իրերը թողնվել դեպքի վայրում, որպեսզի շեղեն հասարակությունն այլ ուղղությամբ, չնայած որ դա շատ պրիմիտիվ հնարք է: Ես ամենասկզբում էլ ասել եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն ունեն փաստեր, որպեսզի հիմնավոր հարցադրումներ կատարեն եւ ազդեն նախաքննության ու քննության ընթացքի վրա: Օբյեկտիվ փաստերի համադրումը բերում է հենց այն վարկածի հիմնավորմանը, որ իրապես հանցագործությունը կատարվել է խմբի կողմից, ովքեր ունեցել են հատուկ պատրաստվածություն եւ հատուկ ստորաբաժանման անդամներ են եղել: Եվ միայն նրանք կարող էին ունենալ խլացուցիչ: Եվ խլացուցիչի դեպքի վայրում չհայտնաբերելը խոսում է այն մասին, որ իրենք թաքցրել են հանցագործությունը, որովհետեւ միայն խլացուցիչով էր հնարավոր հանցագործությունն այնպես կազմակերպել, որ ձայնը կրակոցների լսելի չլինեին»:
Մեր այն հարցին, թե կրակված պարկուճներից հնարավոր չէ՞ պարզել, թե արդյո՞ք տանը թողնված զենքից են արձակված դրանք, թե ոչ, իրավապաշտպանը պատասխանեց.
«Պարկուճները կարող են լինել նույն AKC ինքնաձիգի, բայց խլացուցիչ պետք էր, խլացուցիչի օգտագործման փաստը անխուսափելի է, դա բխում է դեպքի հետ կապված նախնական հանգամանքներից՝ ձայնի չլսելը: Հանցագործության ձեռագիրը խոսում է այն մասին, որ հատուկ պատրաստվածություն անցած անձանց կողմից է կատարվել: Պոստում կանգնածին, կրկնում եմ, խլացուցիչով զենք չեն տալիս»:
Աղբյուրը՝ galatv.am