«Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագրի ամփոփում
16:31, February 3, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2014 թվականի օգոստոս – դեկտեմբեր ամիսներին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ իրականացրել է «Տեղական իրավապաշտպանության խթանում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ ութ մարզերի ութ քաղաքներում՝ Աշտարակ, Արմավիր, Արտաշատ, Գավառ, Գորիս, Եղեգնաձոր, Իջևան և Չարենցավան՝ իրավապաշտպանության, լրագրության և ակտիվության թեմաներով: Ծրագրի նպատակն էր նպաստել տեղական մակարդակում իրավապաշտպանության խթանմանը` հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման և մարզային երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով:
Իրազեկվածության մակարդակի բարձրացման արշավ կազմակերպելու գաղափարը պայմանավորված էր այն հանգամանքով, որ իրավապաշտպանությունը և քաղաքացիական ակտիվությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հավասարապես չեն զարգացած՝ տեղական իրավապաշտպան կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների բացակայության պատճառով: Այս առումով ծրագրի նպատակն էր համագործակցություն հաստատել տեղական հասարակական կազմակերպությունների, իրավաբանների, և լրագրողների հետ՝ իրավապաշտպանությանն առնչվող խնդիրների լուծման նպատակով: Ծրագիրը նաև հեռահար նպատակ ուներ բացահայտելու ակտիվ երիտասարդների և երիտասարդական խմբերի՝ համայնքային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական գործընթացներում նրանց մասնակցության խթանման և կայուն համագործակցության հաստատման նպատակով:
Ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից ներկայացվել են կարճաժամկետ ծրագրային առաջարկներ, որոնցից մրցութային կարգով ընտրվել և իրականացվել են յոթը:
2015 թ. հունվարի 30-ից փետրվարի 1-ը Երևան քաղաքում տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից իրականացրած ծրագրերը, քննարկեցին բացթողումները և հետագա համագործակցության հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև ծրագրի արդյունքում պատրաստված ձեռնարկը, որն ամփոփում է դասընթացի նյութերը և մասնակիցների կողմից իրականացված ծրագրերը: