Ինչ գործոններն են նպաստում լարվածության աճին
09:58, March 3, 2015Շփման գծում լարվածության սրումը մի քանի հանգամանքներով է պայմանավորված, որոնցից գլխավորն այն է, որ Ռուսաստանը հակամարտության գոտում խթանում է սպառազինությունների մրցավազքը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին:
Սաքունցը նկատում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ Ռուսաստանը նպաստում է հակամարտության գոտում սպառազինությունների մրցավազքին՝ զենք վաճառելով ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին:
«Այդ վարքագիծն ու մոտեցումը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, ընդհանրապես դեմ է խնդրի կարգավորման սկզբունքներից մեկին՝ խաղաղ կարգավորմանը: Ռուսաստանն իրականացնում է այն գործողությունը, որն իրականում չի նպաստում լարվածության թուլացմանը, այլ սպառազինությունների մրցավազքն է զարգանում”,- ասաց նա:
Երկրորդ պատճառն, ըստ Արթուր Սաքունցի, կապված է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման խայտառակ վիճակի հետ: Այն բռնությունները, որոնք իրականացվում են այդ երկրում իրավապաշտպաների, լրագրողների ու ընդդիմադիրների նկատմամբ, հակամարտության խաղաղ կարգավորման տեսանկյունից նպաստավոր պայմաններ չեն ստեղծում:
“Խոսքը վերաբերվում է ոչ միան Ադրբեջանին, այլ տարածաշրջանում մարդու իրավունքների խախտման տեսանկյունից իրավիճակին: Անհրաժեշտ է առաջնահերթ բավական լուրջ ճնշումներ բանեցնել Ալիևի վարչակազմի վրա, որպեսզի չունենանք այն վիճակը, որը կա»,- ասաց նա:
Ստեղծված իրավիճակի երրորդ պատճառը Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն է: Արթուր Սաքունցը նկատում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից ՀՀ իշխանությունները երկրի արտաքին քաղաքականությունն ամբողջովին հանձնեցին Կրեմլի հայեցողությանը, արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի դիրքերն էական թուլացան:
Այս պայմաններում, արտաքին քաղաքականության ոլորտում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը նպաստող հնարավորություններն ըստ էության նվազել են, որովհետև այս հարցում որոշիչ դեր է խաղում ոչ թե Հայաստանի արտաքին գերատեսչության կամ Սերժ Սարգսյանի խոսքն ու գործելաոճը, այլ Կրեմլի դիրքորոշումը: Իսկ Ռուսաստանի դիրքորոշումը, Սաքունքի խոսքով, սպառազինությունների մրցավազքն է, որը վտանգում է խաղաղ կարգավորման գործընթացը:
«Այս երեք բացասական գործոններով է պայմանավորված չորրորդ գործոնը՝ Մինսկի խմբի արդյունավետության խաթարումը: Եթե համանախագահող երկրներից մեկը նման գործելակերպ է դրսևորում, հավասարակշռությունը խաթարվում է: Այն հավասարակշռությունը, որ գոյություն ուներ Մինսկի խմբում, կարևոր երաշխիք էր նաև կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերի միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից: Իսկ հիմա այդ հավասարակշռությունը խախտվել է”,- ընդգծեց նա:
Ստեղծված իրավիճակում ելքերից մեկն, ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ առաջին հերթին խաղաղ կարգավորման թեմայով հրատապ համաժողով պետք է հրավիրվի Թբիլիսիում, որը պետք է լինի ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ ու որին պետք է մասնակցեն հակամարտող կողմերը, ԵԱՀԿ-ն, միջնորդները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը: Համաժողովում պետք է քննարկվեն այս հարցերը և մատնանշվեն քայլեր, որոնք պետք է արվեն լարվածության թուլացման ուղղությամբ:
“Այդ համաժողովի կարևոր քայլերից մեկը սպառազինությունների մրցավազքի դադարեցման խնդիրը պետք է լինի: Ըստ էության, Սովորական սպառազինությունների վերաբերյալ ԵԱՀԿ-ի փասաթուղթը, որը չի վավերացրել ռուսական կողմը, խախտվում է: Փաստաթուղթը Հարավային Կովկասի երկրների համար ունի սահմանված չափաքանակներ: Պետք է սպառազինությունների չափաքանակի վերահսկման մեխանիզմները հաստատվեն»,- նշեց Սաքունը:
Նրա խոսքով՝ հաջորդ քայլը պետք է լինի շփման գծից դիպուկահարների հեռացումը: «Այսինքն՝ իրավիճակի նկատմամբ հսկողական մեխանիզմները պետք է դարձնել շատ ավելի տարողունակ, նկատի ունեմ Կասպշիկի մոնիթորինգային խումբը՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի: Այն պետք է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտման հարցերով զբաղվի, այլ նաև մարդասիրական խնդիրներով լուրջ առաքելություն պետք է ունենա: Նաև մոնիթորինգի ինստիտուտ պետք է նշանակել սպառազինությունների մրցավազքի նկատմամբ”,- ընդգծեց Սաքունցը:
Աղբյուրը՝ lragir.am