Գործը կփակվի Պերմյակովի անմեղսունակության հիմքով
14:59, March 3, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԱնցյալ շաբաթավերջին ռուսական լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Պերմյակովի գործով պատասխանատվության կենթարկվեն տարբեր ատյանների 52 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք Պերմյակովին զինվորական ծառայության համար պիտանի են ճանաչել: Ավելին՝ Չիտայում արդեն երեք քրեական գործ է հարուցվել 321-րդ զինվորական հոսպիտալի բժիշկների նկատմամբ:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց՝ ռուսական կողմի պաշտոնական ներկայացուցիչներից նման հայտարարության տարածումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Հայաստանի քննչական մարմինների հետ որևէ համագործակցության մասին խոսելն ավելորդ է՝ չնայած այն հավաստիացումներին, թե ՌԴ և ՀՀ քննչական կոմիտեների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, հակառակ դեպքում պետք է մտածել, որ ՀՀ քննչական կոմիտեն առնվազն տեղյակ է եղել ռուսական կողմի այս քայլերի մասին և լռել է, որը քիչ հավանական է:
Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, ըստ էության՝ ռուսական կողմն իր հայտարարություններով ցույց է տալիս, որ որևէ պարագայում թույլ չեն տալու, որ Պերմյակովը հայտնվի դատարանում, և Ավետիսյանների իրավահաջորդները և իրավահաջորդների ներկայացուցիչները հնարավորություն ունենան հարցեր ուղղելու և դատաքննություն իրականացնելու: Նրա համոզմամբ՝ Ավետիսյանների ընտանիքի ահաբեկչական գործողության փաստով դատավարությունը տեղի չի ունենա՝ ըստ ռուսական կողմի վարքագծի, և գործը կփակվի Պերմյակովի անմեղսունակության հիմքով:
«Ըստ էության՝ այն կասկածների համար, թե այդ սարսափելի հանցագործությունը կմնա չբացահայտված, առավել քան լուրջ հիմնավորումներ են ստեղծվում: Խնդիրն այն է, որ, ինչպես միշտ նշել ենք, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործում բացակայում էր շարժառիթը: Ռուսական կողմն, ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ որևէ ողջամիտ, տրամաբանական շարժառիթ չի կարողանում հորինել, լավագույն տարբերակը գտավ ընդհանրապես շարժառիթի հարցը փակելը, թեկուզ 50 հոգու նկատմամբ պատասխանատվության ենթարկելու միջոցով Պերմյակովին անմեղսունակ ճանաչելը և հետևաբար քրեական գործը կոծկելը»,- հավելեց Արթուր Սաքունցը:
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմի դիրքորոշմանը, ապա Արթուր Սաքունցի խոսքով՝ պահանջներ կներկայացվեն մյուս շաբաթ. «Կարող եմ ասել, որ այս պահին ՀՀ իրավապահ մարմինների, դատախազի և քննչական խմբի պատասխանատվության հարցը դառնում է առաջնային խնդիր»:
Անդրադառնալով Հյուսիսկովկասյան շրջանային ռազմական դատարանի ղեկավար Միխայիլ Պտիցինի հայտարարությանը, թե Պերմյակովի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում, Արթուր Սաքունցը նշեց, որ այդ հայտարարությունն ավելի շատ պետք է վերաբերի ՀՀ գլխավոր դատախազի քննչական մարմնին, որը բազմիցս հրապարակավ հայտնում էր, թե իբր Պերմյակովը Հայաստանում է կանգնելու դատարանի առջև: Արդեն իսկ ռուսական դատարանի նախագահի հայտարարությունը վկայում է այն մասին, որ այդպես չի լինելու, կամ նման մտադրություն չկա, և սա ուղղակի մարտահրավեր է ՀՀ իրավապահ մարմիններին, որոնք մինչև այժմ Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց չեն կիրառել՝ ստորագրությամբ չհեռանալու կամ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Դա նշանակում է, որ հայկական կողմը՝ հանձինս իր քննչական մարմինների, որևէ իրավական հիմնավորում չունի ներկայացնելու ռուսական կողմին՝ Պերմյակովին ՀՀ տարածքից դուրս բերելու վերաբերյալ: Արդար դատաքննություն, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չապահովելու հետ կապված՝ ռիսկերի առումով պատասխանատվությունն ընկնում է ՀՀ գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի վրա:
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի կարծիքով՝ դեռևս վաղ է մտածել, որ այդ քայլերը միանշանակ ուղղված են Պերմյակովին պատասխանատվությունից ազատելուն, որովհետև պետք է նախ հաստատվի այդ փաստը: Լուրով որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկում, դրա համար պետք է քրեական գործ հարուցվի: Բայց այստեղ, նրա խոսքով, երկրորդ հարցը կա՝ պարտադիր չէ, որ անմեղսունակ լինի, որպեսզի ինչ-որ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկեն: Գուցե նա հոգեկան կամ ուղեղի հիվանդություն ունեցած լինի, որը կոմպետենտ մարմինները պարտավոր էին տեսնել, նկատել և ասենք՝ չզորակոչել, բայց այդ հոգեկան հիվանդությունը դեռևս անմեղսունակության հիմք չլինի: Այսինքն՝ դա չհանգեցնի անմեղսունակության այս հանցագործության կատարման պահին: Իսկ այն, որ Պերմյակովի գործողությունները կամ այն, ինչ մեզ հայտնի է, բացարձակ չեն վկայում անմեղսունակ արարքի մասին, գոնե առաջին հայացքից նման դիրքորոշում կարող ենք հայտնել, իհարկե՝ խորը մասնագիտական վերլուծության պետք է ենթարկվի:
Երկրորդ՝ հետագայում եթե արդեն գործերը միացվեն, կամ մեզ մոտ փորձաքննություն նշանակվի, ամեն դեպքում իրավասություն կունենանք բողոքարկելու և կրկնակի փորձաքննություն կատարելու նոր միջնորդություն կներկայացնենք, որը կկատարվի մեր մասնակցությամբ: Նաև կարող ենք միջնորդել, որ մեր փորձագետները նույնպես մասնակցեն փորձաքննությանը, և այդ ժամանակ արդեն գործը ավելի խորը վերլուծության կենթարկվի:
Պերմյակովի գործողությունները, համենայնդեպս, գիտակցված էին:
Անդրադառնալով Պտիցինի հայտարարությանը՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ խոսքը ոչ թե Դոնի Ռոստովի դատարանի, այլ հյուսիս-կովկասյան շրջանային դատարանի մասին է, որը Գյումրիի ռազմաբազայի տարածքում նստավայր ունի:
Նրա խոսքով՝ դատավարությունը Դոնի Ռոստովում կլինի, թե այլ տեղ, խոսքը հյուսիս-կովկասյան դատարանի մասին է: Ավելին՝ պաշտոնատար անձը, որի մասին նշվում է, բացարձակապես իրավասու չէ ասելու, թե որտեղ է քրեական գործը քննվելու, բայց հայտարարությունը տրամաբանական է այն առումով, որ եթե ռուսական կողմն, ի վերջո, չտրամադրի վարույթը մեզ, բնականաբար՝ տարածքային ենթակայության կարգով պետք է դատարանը քննի գործը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք տեղեկություններ ունեն, որ Պերմյակովը ենթարկվում է փորձաքննության: «Եթե հանկարծ տուժող կողմի համար կասկածելի թվան փորձաքննության արդյունքները, մենք միանշանակ կփորձենք հասնել կրկնակի փորձաքննության, որպեսզի մեր մասնակցությունը մեր նախընտրած փորձագետներով ապահովվի»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:
Աղբյուրը՝ www.1in.am