Ժ. Բ. Օզքիրիսյանի գործով կկայանա ևս մեկ նախնական դատական նիստ
15:22, March 3, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)2016 թ. մարտի 2-ին, ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Հարությունյանի, կայացավ ըստ հայցի Ժեան Բապտիստե Օզքիրիսյանը (Շանթ Ոսկերիչյան)՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դեմ գործով նախնական դատական նիստը: Սույն հայցով հայցվորի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Անի Չատինյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Նախնական դատական նիստը կայացավ հայցվորի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Անի Չատինյանի, ինչպես նաև պատասխանող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանի մասնակցությամբ:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցադիմումի հիմքերը և առարկան: Նա նշեց, որ Ժ. Օզքիրիսյանը, որը հանդիսանում է Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգողը, և Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր է, 2015 թ. մայիսի 21-ի երեկոյան ժամանել է ՀՀ, սակայն Զվարթնոց օդանավակայանում հայցվորին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք և մոտ 12 ժամ օդանավակայանի սենյակներից մեկում պահելուց հետո, առավոտյան իր կամքին հակառակ ուղարկել են Փարիզ: Հետագայում ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն ներկայացված տեղեկատվության հարցումներից պարզ է դարձել, որ հայցվորի մուտքը ՀՀ տարածք արգելվել է նրա տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրյացիների տվյալների բանկում ներառված լինելու պատճառով: Ժ. Օզքիրիսյանի տվյալները հիշյալ բանկից հանելու վերաբերյալ ներկայացված վարչական բողոքը մերժվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից: Միաժամանակ հայցվորի ներկայացուցիչները նշեցին, որ արգելելով հայցվորի մուտքը ՀՀ՝ նրան չեն պարզաբանվել այդ արգելքի պատճառները և հիմքերը:
Դատավոր Ա. Հարությունյանը փորձեց պարզել, թե ինչ հայցատեսակներով են հայցվորի ներկայացուցիչները դիմել դատարան: Ա. Չատինյանը նշեց, որ առաջին պահանջը ներկայացվել է որպես ճանաչման հայց: Դատարանը նշեց, որ որևէ գործողություն ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի դեպքում, պետք է հիմնավորել այդ պահանջի սպառված լինելը, այլևս իրավաբանական ուժ չունենալը: Ա. Չատինյանը նշեց, որ հայցվորին տվյալների բանկում հաշվառելու գործողությունը ավարտված է, քանի որ հայցվորը նշված հաշվառման հիմքով զրկված է ՀՀ մուտք գործելու հնարավորությունից:
Ա. Չատինյանը նշեց նաև, որ հայցադիմումով ներկայացված երկրորդ պահանջը հանդիսանում է վիճարկման հայց, իսկ երրորդ պահանջի հայցատեսակի որոշումը պայմանվորված է այն հանգամանքով, թե ինչ ընթացակարգով է անձը հանվում հիշյալ տվյալների բանկից, և խնդրեց այդ պահանջը հստակեցնել պատասխանողի հիմնավորումները լսելուց հետո:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Թ. Ղուկասյանն առարկեց ներկայացված հայցադիմումի դեմ, նա հղում կատարեց այն իրավական ակտերին, որ հիմքով հայցվորը հաշվառվել էր ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում՝ իրավաչափ համարելով այդ գործողությունները: Մասնավորապես, նա հղում կատարեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի զ ենթակետին, որի ուժով անձի մուտքը ՀՀ արգելվում է, եթե գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ: Ժ. Օզքիրիսյանի մուտքը ՀՀ արգելվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ՀՀ Կառավարության 2008 թ. հունվարի 25-ի «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» N 115-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Միաժամանակ Թ. Ղուկասյանը նշեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքերի մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Սաքունցը որոշ հարցեր ուղղեց պատասխանողի ներկայացուցչին, մասնավորապես, նա խնդրեց պարզաբանել, թե ինչ ընթացակարգով է կատարվում անձանց հաշվառումը տվյալների բանկում՝ ընդունվում է իրավական ակտ, թե որևէ գործողությամբ է անձը հաշվառվում այդ բանկում: Ի պատասխան՝ Թ. Ղուկասյանը նշեց, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա ընդունվում է վարչական ակտ, որն էլ հիմք է հանդիսանում անձին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում հաշվառելու համար: Ա. Սաքունցը նաև խնդրեց պարզաբանել, թե ինչ ժամկետով է անձը հաշվառվում նշված բանկում և արդյոք այդ մասին հայտնվում է կոնկրետ անձին: Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք անձին հաշվառման վերցնելու մասին հայտնվում է նրան, սակայն տվյալ դեպքում այն հնարավոր չի եղել հայտնել հայցվորին, քանի որ նա ՀՀ-ում չի գտնվել: Նա նաև հայտնեց, որ հայցվորի նկատմամբ արգելքը կիրառվել է անժամկետ՝ մինչև հաշվառման հիմք հանդիսացող հանգամանքների վերանալը:
Հայցվորի ներկայացուցիչ Ա. Չատինյանը խնդրեց հետաձգել նախնական դատական նիստը՝ հնարավորություն տալով խորհրդակցել հայցվորի հետ՝ հայցապահանջների հնարավոր փոփոխության հարցով, քանի որ առաջին պահանջը ներկայացվել է պատճառված վնասների փոխհատուցում ստանալու նպատակով:
Պատասխանողի ներկայացուցիչը չառարկեց դատական նիստը հետաձգելու դեմ:
Դատարանը, գտնելով, որ անհրաժեշտ է հստակեցնել ներկայացված հայցապահանջները, բավարարեց ներկայացված միջնորդությունը և որոշեց հետաձգել դատական նիստը՝ նշանակելով ևս մեկ նախնական դատական նիստ, որը կկայանա 2016 թ. ապրիլի 27-ին:
Նախնական դատական նիստի արդյունքերով կարող ենք արձանագրել, որ Ժ. Բ. Օզկիրիսյանի համար գաղտնիք է համարվում իր վերաբերյալ ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հավաքված և օգտագործվող տվյալները, և փաստորեն անձը իրավունք չունի իմանալու, թե ինչով է ինքը վտանգավոր համարվում ՀՀ անվտանգության համար և ինչ գործողություններ պետք է իրականացնի, որ «հայրենիք» գալու հնարավորություն ունենա:
Տես նաև՝ azatutyun.am