«Անկախ դիտորդ» նախաձեռնությունը 200 տեղամասերից 52 %-ում գրանցել է վերահսկվող քվեարկության դեպքեր
15:37, April 3, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԱյսօր հրավիրված ասուլիսի ընթացքում «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ այս պահին ունեն տվյալներ, որոնք մտահոգության առիթ են տալիս։ Իոաննիսյանի հաղորդմամբ՝ իրենց կողմից դիտարկված 200 տեղամասերից 52 %-ում գրացվել են վերահսկվող քվեարկության դեպքեր. «Այսինքն՝ բացի ընտրողից, այլ անձ նայել է, թե ում է ընտրողը քվեարկում։ Եվ սա չի վերաբերում սահմանված կարգով օգնողներին և սա չի վերաբերում նաև այն դեպքերին, երբ ընտրողն իր հետ քվեախցիկ է բերել երեխային։ Այսինքն՝ չափահաս մարդ է եկել քվեախցիկ ընտրողի հետ, և այդ չափահաս մարդն օգնող չէ, այլ ընդամենը նայում է, թե ում է այդ ընտրողը քվեարկել»։
Ասում է՝ այս դեպքերն առավել առատ են եղել Գեղարքունիքի մարզի հարավ-արևելյան հատվածի և Նոյեմբերյանի տարածաշրջանի ընտրատեղամասերում։ Հավելում է, որ երեկ եղել է տևական ժամանակ, երբ ընտրատեղամասում գեթ մեկ ընտրող չի քվեարկել ինքնուրույն:
30 % տեղամասերում դիտորդական խումբն արձանագրել է բաց քվեարկություն, այսինքն՝ երբ ընտրողը քվեարկել է քվեախցիկից դուրս։ Բացի այդ, ընտրատեղամասերի 5 %-ում «Անկախ դիտորդ»-ի դիտորդները նկատել են տեսախցիկի և քվեախցիկի փոխադարձ դասավորվածություն, որը չի ապահովել ընտրողի քվեարկության գաղտնիությունը։ Իսկ իրենց դիտարկած տեղամասերի 20 %-ում ընտրատեղամասում տևական ժամանակ առանց վկայականի, այնտեղ գտնվելու իրավունք չունեցող անձիք են եղել. «Մենք կասկած ունենք, որ որոշ կուսակցություններ իրենց ընտրողներին առավոտյան հանում, տանում էին քվերակության, որպեսզի առավել շուտ պարզեն, թե իրենց ընտրողների որքան հատվածն է քվեարկել, որ հետո՝ օրվա ընթացքում ժամանակ ունենային դեռ չքվեարկածներին «բերման ենթարկելու»,-ասաց Իոաննիսյանը։
Տեղամասերի մեկ քառորդում նկատել են, որ «իշխանությունը պատկանել է» ոչ թե ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, այլ որևէ կուսակցության վստահված անձին։
Հանրապետության ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն է իրականացրել նաև «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը։
Նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը նշեց, որ թեև ավարտվել է ընտրությունների օրը, սակայն ընտրական գործընթացներն ավարտված չեն. «Կխնդրեի բոլորին, հատկապես միջազգային հանրությանը չշտապել շնորհավորել որևէ կուսակցության»,-ասաց նա:
Հակոբյանը հորդորեց ուշի ուշով հետևել ներկայացված դիմում-բողոքների քննության վարչական և բողոքարկման գործընթացներին։
Ասուլիսին ներկա ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հայտարարեց, որ չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգն ընտրությունների նկատմամբ վերականգնելու էր հանրային վստահությունը, նման բան տեղի չի ունեցել. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահգություն և կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը»,-ասաց նա։