Լիա Միսակյանի գործով փորձագետը նոր բացահայտումներ է կատարում
18:09, June 3, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ | Լիա Միսակյան2014 թ. մայիսի 31-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությանդատարանում, նախագահությամբ դատավոր՝ Լ. Ավետիսյանի, շարունակվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործով փորձագետ Գագիկ Հարությունյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ փորձագիտական եզրակացության կայացման համար հիմք հանդիսացածգրականության ցանկը նշված չլինելու պատճառով:
Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գ. Հովհաննիսյանը շարունակեց փորձագետ Գ. Հարությունյանի հարցաքննությունը: Վերջինս հայտնեց, որ տրված հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համար հիմք են հանդիսացել մի շարք գրքեր և դասագրքեր, սակայն նիստին փորձագետը բերել էր դրանցից միայն մեկը՝ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2007 թ. հրատարակված «Педиатрия» դասագիրքը՝ Շաբալովայի հեղինակությամբ, որը երաշխավորված է ՌԴ առողջապահության նախարարության կողմից՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում օգտագործելու համար: Փորձագետը հավելեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունի կնքված միջպետական պայմանագիր, որը թույլ է տալիս ռուսական գրականությունը կիրառել նաև ՀՀ-ում: Փորձագետը ընթերցեց հիշյալ դասագրքում ներկայացված թոքաբորբի ընդհանուր բնորոշիչ աշխատանիշները՝ միաժամանակ կատարելով ռուսերենից հայերեն թարգմանություն: Դասագրքով առաջարկվում էր թոքաբորբի ախտորշման հետևյալ սխեման՝
1.եթե, անկախ ջերմությունից, կա շնչառական հաճախություն 40 անգամ՝ 1-4 տարեկան երեխաների համար,
2. միջկողային տարածությունների ներքաշվածություն,
3. տնքացող շնչառություն,
4. քիթ-շնչառական եռանկյան ցիանոզ,
5. տոքսիկոզի երևույթ՝ հիվանդագին տեսք, սննդից և հեղուկներից հրաժարվել, քնկոտություն, գիտակցության խանգարում, մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում կտրուկ գունատություն:
Գ. Հարությունյանն ընթերցեց նաև Լիա Միսակյանի հիվանդության պատմագրի նկարագիրը՝ թե՛ անամնեստիկ և թե՛ օբյեկտիվ տվյալները: Ընդհանուր առմամբ դասագրքային սխեման համապատասխանում էր հիվանդության պատմագրում նշված տվյալներին, բացառությամբ՝ 40 շնչառական ակտի և միջկողային տարածությունների ներքաշվածության ախտանիշների: Պաշտպանական կողմը փորձեց պարզել, թե արդյոք ցիանոզըպետք է ուղեկցվի հիվանդության ամբողջ ընթացքում, որին ի պատասխան փորձագետը դրական պատասխան տվեց: Այս առնչությամբ փաստաբանը նշեց, որ օբյեկտիվ տվյալներում ցիանոզի մասին գրված չի եղել, փորձագետը հայտնեց, որ երեխայի դեպքում պետք է հաշվի առնվեն անամնեստիկ տվյալները, հակառակ պարագայում դրանք գրառելու անհրաժեշտությունը վերանում է: Փորձագետը նշեց, որ 3 օր շարունակ ջերմություն ունենալու պայմաններում պետք է պարտադիր կատարվեր ռենտգեն նկարահանում:
Պետք է նշել, որ դատական նիստն ընթացավ լարված մթնոլորտում, փորձագետի կողմից տրված պատասխանների վերաբերյալ դահլիճից հնչող զրույցների, մեկնաբանությունների և ռեպլիկների պատճառով նախագահող դատավոր Լ. Ավետիսյանը կարգադրեց ավելի ուշադիր լինել կարգադրիչներին՝ բոլորին հետևելու և դատական նիստը խանգարող քաղաքացիներին նիստերի դահլիճից դուրս հրավիրելու համար: Մեղադրող Դ. Կարապետյանն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով ներկաներին զերծ մնալ սեփական մեկնաբանություններից: Ի պատասխան մեղադրողի հայտարարության՝ պաշտպան Գ. Հովսեփյանը նշեց, որ դատախազությունը նշված գործն ուղարկել է դատարան՝ երեխայի ծնողների աչքին թոզ փչելու համար: Պաշտպանի հայտարարությունից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, ով հայտնեց, որ հունվարի 2-ին զանգահարել է տարածքային բժշկուհուն և ապահովագրություն, որի աշխատակցուհուն հայտնել է, որ «Արաբկիր» ԲԿ-ում իր երեխայի բուժմամբ չեն զբաղվում և խնդրել է միջամտել:
Պաշտպան Գ. Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատմագրում հունվարի 2-ին կատարված գրառումներում թերություններ կան, թե ոչ, որին ի պատասխան փորձագետը նշեց, որ հունվարի 2-ին ձեռնարկված միջոցառումները հիմնականում գնահատվել են բավարար, միայն նպատակահարմար չի եղել դեքսամետազոն դեղամիջոցը, իսկ ինչ վերաբերում է այն փաստին, որ ռեանիմատոլոգը չի ցուցել տեղափոխել վերակենդանացման բաժանմունք, փորձագետը պնդեց, որ Լիա Միսակյանին վերակենդանացման բաժանմունք պետք է տեղափոխեին հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո:
Լիլիթ Վարդանյանի պաշտպանը փորձում էր ճշտել, թե ինչ հիմքով է փորձագետը հունվարի 2-ի բժշկուհու գործողությունները բավարար գնահատում, երբ երեխային հակաբորբոքիչներ նշանակվել է միան 16:00-ից հետո: Փորձագետ Գ. Հարությունյանը նշեց, որ հիվանդության պատմագրում նշված չեն ձեռնարկված գործողությունների ժամերը և հավելեց, որ եթե պաշտպանը տվյալ փաստերը դիտարկում է որպես նոր երևան եկած հանգամանք, կարող է դիմել համապատասխան մարմինների: Բացի այդ, փաստաբանը նշեց, որ դեքսամետազոն դեղորայքի ազդեցությամբ երեխայի վիճակը կարող էր կարճ ժամանակով դեպի դրական փոփոխություն ունենալ, իսկ վերակենդանացման բաժանմունքի աշխատակիցը հենց այդ դեղորայքի ընդունումից հետո է զննել Լիա Միսակյանին: Պաշտպանը հետաքրքրվեց, թե ինչ կարգով է կատարվում թոքից փորձաքննության համար կտորներ վերցնելը, որին ի պատասխան փորձագետը պարզաբանեց, որ յուրաքանչյուր բլթից վերցվում է մեկ կտոր, սակայն միայն նկատելի ախտահարումների դեպքում:
Այնուհետև հարցեր սկսեց ուղղել Զարինե Այվազյանի պաշտպան Ե. Սարգսյանը: Վերջինս հարցեր ուղղեց փորձագիտական եզրակացության ամբողջականության և լրիվության վերաբերյալ: Մասնավորապես, պաշտպանը հարցրեց, թե ինչու չեն ներկայացվել բոլոր հիվանդությունների վաղեմության ժամկետները: Փորձագետը նշեց, որ եզրակացությամբ հետևություն է արվել, որ նշիկաբորբն ունեցել է մոտ 7, իսկ թոքաբորբը 4-5 օր վաղեմություն, իսկ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ ներկայացված մյուս հիվանդությունները հանդիսացել են հիշյալ հիվանդությունների հետևանքները, հետևաբար կարող էին առաջանալ միայն դրանց առաջանալուց հետո: Փորձագետը հայտնեց նաև, որ նշիկաբորբն ախտորոշվում է բկանցքը դիտելու ճանապարհով և քսուկ վերցնելը պարտադիր չէ, իսկ այն դեպքում, երբ թարախային զանգվածը պատված է ֆիբրինով, քսուկ վերցնելը ցանկալի չէ:
Դատաքննության ընթացքում պաշտպանների կողմից առաջ քաշվեց Լիա Միսակյանի՝ արյան լեյկոզ հիվանդությունն ունենալու վարկածը:
Մեկ այլ դատական նիստ նշանակված լինելու պատճառով սույն դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2014 թ. հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, որի կշարունակվի կշարունակվի Ե. Սարգսյանի կողմից փորձագետ Գ. Հարությունյանի հարցաքննությունը: