Մանվել Գրիգորյանը, ըստ իրավապաշտպանների, խախտել է Ժնևի կոնվենցիաները
16:51, November 3, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպանները հայտարարում են, թե Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը անգամ պատերազմական տարիներին տանը գերի պահելու իրավունք չուներ՝ գեներալը դրանով խախտել է Ժնևի կոնվենցիաները։
Շաբաթ օրը «Ազատության» հետ զրույցում գեներալն ասել էր, թե պատերազմից Հայաստան էր վերադարձել հարյուրավոր գերիներով։
«Այո՛, խի՞ չեմ պահել, էն էլ հարյուրավորներ։ Սիմոն անունով գերուն տանն եմ պահել. 4 տարի պահել եմ՝ երկու տարի Մարտակերտ, երկու տարի բերել եմ Հայաստան, հետո Կարմիր Խաչով տվել եմ, տարել են հանձնել են իրենց, որովհետև մեր ուներ, քուր ուներ, նշանած ուներ, շատ էր ուզում գնար, ես էլ թողեցի գնաց», – «Ազատության» հետ զրույցում ասաց գեներալը։
Դիտարկմանը, թե Սիմոնը 15-16 տարեկան էր Մանվել Գրգորյանը հակադարձեց. – ««Սպեցնազ» էր՝ պարապած եզ։ Հա, 15 տարեկան, պարապած հատուկ ջոկատներից էր, դրան մինչև գերի են բռնել եսիմ ինչքան դժվարություն ա եղել»։
Հարցին, թե Սիմոն անունն, արդյո՞ք, գեներալն է կնքել և ինչո՞ւ՝ Սիմոն, Գրիգորյանը պատասխանեց. – «Հա՛, Սիմոնյան Սիմոն, բա, ո՞վ պետք է դներ՝ հո չեմ ասի Ալիևյան Ալիև»։
Ժնևի կոնվենցիաների համաձայն, պատերազմող կողմերը պարտավորված են ռազմագերիներին պահել իրենց հսկողության տակ։ Մասնավոր անձինք իրավունք չունեն տներում կամ այլ վայրերում նրանց պահել։ Հայաստանն այդ կոնվենցիաները վավերացրել է 1992 թվականին՝ երբ դեռ ավարտված չէր Ղարաբաղյան պատերազմը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե անկախ այդ կոնվենցիաների վավերացումից, ոչ ոք, այդ թվում և պատերազմի մասնակիցը, իր տանը գերի պահելու իրավունք չունի։ Իրավապաշտպանի խոսքով՝ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։
«Միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է անկախ այն հանգամանքից, թե այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել էր ժնևյան կոնվենցիաները, թե ոչ, այն, որ նշում է, որ հարյուրավոր գերիներ, բայց որևէ տեղեկատվություն չկա այդ գերիների ճակատագրերի մասին, նմանապես, նաև հայ գերիների ճակատագրի մասին, որոնք գտնվել են Ադրբեջանում», – ասաց իրավապաշտպանը։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ հեգնում է, թե սա գեներալի հերոսական կենսագրության բաղկացուցիչներից է ու խոսում է առհասարակ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին։
Աղբյուրը՝ www.azatutyun.am