Պատժում են, քանի որ «համարձակվել է» դուրս գալ փողոց. Անի Չատինյան
22:13, December 3, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սասնա Ծռեր«Անձին պատժում են միայն նրա համար, որ ինքը «համարձակվել է» դուրս գալ փողոց և իրացնել իր խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքը, այլ բան քան նման որակում տալ, ես չեմ կարող».- փաստաբան Անի Չատինյանի խոսքերն են, ով հանդիսանում է Սարի թաղի դեպքերի առնչությամբ կալանավորված Հովհաննես Ղազարյանի փաստաբանը:
Տեղեկացնենք, որ արդեն 4 օր է, ինչ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստը հացադուլ է հայտարարել, վերջինս պահանջում է իրեն արդարացնել և ազատ արձակել։ «Հիմնադիր խորհրդարանի» գաղափարակիցն արդեն 5 ամիս է անազատության մեջ է գտնվում։
Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ՝ «զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների ցուցմունքների հիման վրա։
«Հովհաննեսն անժամկետ հացադուլ է իրականացնում և պահանջում է իրեն ազատ արձակել և ոչ թե խափանման միջոցը փոխելը».- տեղեկացնում է Անի Չատինյանը։ Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Ղազարյանն առողջական բարդացումներ դեռ չունի. «Առողջական վիճակը, իմ հանդիպած ժամանակ, դեռ նորմալ էր, որովհետհև մենք հացադուլի առաջին օրն ենք հանդիպել։ Ամենայն հավանականությամբ երկուշաբթի, կամ երեքշաբթի նորից նրան կայցելեմ՝ իմանալու վիճակը։ Դիտորդական խումբն էլ էր այցելել իրեն, արձանագրել էին, որ այդ պահին վիճակը լավ է եղել, հիմա չգիտեմ, արդեն երրորդ-չորրորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է։ Բարդությունները բնականաբար պատկերացնում ենք և ես, և ինքը, և բոլորն են պատկերացնում այդ հացադուլի հետևանքները։ Այնուամենայնիվ, ծայրահեղ քայլի է գնացել Հովհաննեսը, բայց այլ տարբերակ քան դա երևի թե արդեն չկար իր համար, որովհետև 4-5 ամիս արդեն անազատության մեջ է, որևէ ապացույց, որևէ հանգամանք չկա ու շարունակվում է պահվել անազատության մեջ, հետո էլ այդ խցից հեռախոս հայտնաբերելու պատճառով կալանքի ժամկետն են երկարացնում, ինչն առհասարակ տրամաբանական չէ։ Մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի հեռախոսի հայտնաբերումը, կամ դրա հետ կապված քննչական գործողություններ իրականացնելը։ Ընդամենը վարչարարությամբ կարելի էր հարցը լուծել, բերդի պետն ինքը պետք է դա քննության առարկա դարձնի, քննարկի, թե ինչ ճանապարհով է հայտնվել։ Ակնհայտ է, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեղավորությունն էլ կա, իրենց միջոցով կարող է միայն արգելված իրերը հայտնվել հիմնարկում»։
Նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել արդեն երրորդ անգամ երկարաձգել Հովհաննես Ղազարյանի կալանքի ժամկետը, քանի որ այն խցից, որտեղ պահվում է երիտասարդ ակտիվիստը, բջջային հեռախոսներ են հայտնաբերվել: Թեպետ արգելանք էր դրվել Հովհաննես Ղազարյանի տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների վրա, փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել և ստացել որոշում, որով տեսակցությունները մերձավոր ազգականների հետ թույլատվում է։
«Գալիս ենք եզրակացության, որ պատժում են մարդկանց։ Երկարատև կալանքը, տեսակցությունների արգելքը հարազատների հետ, այն դեպքում, երբ հարազատները քրեական գործով որևէ առնչություն չունեն, սա միայն դրա մասին է վկայում, անձին փորձում են ցանկացած ձևով պատժել, քանի որ ինքը դուրս է եկել, կամ դեմ է արտահայտվել ինչ-որ բանի, իրացրել է իր սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքը».- եզրափակեց Անի Չատինյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորումը գրավել էր ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքն ու պահանջում էր քաղբանտարկյալների ազատումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների` բազմաթիվ ցույցեր և հավաքներ են իրականացվել, որոնցից մեկի ժամանակ՝ հուլիսի 29-ին, բախում է տեղի ունեցել ոստիկանների և քաղաքացիների միջև։ Այդ օրը ոստիկանները բիրտ ուժ են կիրառել։ Սարի թաղի դեպքերի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ են ձերբակալվել, կամ կալանավորվել։