Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն արատավորվել է ընտրակեղծիքների մասին պնդումներով
16:50, January 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունք | Սահմանադրական փոփոխություններՔաղաքական ընդդիմությունը հայտարարում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, իսկ միջազգային դիտորդները կոչ են անում՝ հետաքննել համատարած խախտումների վերաբերյալ հաղորդումները:
Հայաստանի կառավարությունը ողջունում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «այո»-ի հաղթանակը, մինչդեռ ընդդիմությունը պնդում է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են կես միլիոն ձայնով:
Հանրաքվեի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, հարյուրավոր մարդիկ մայրաքաղաք Երևանում բողոքի ցույց են անցկացրել հանրաքվեի արդյունքների առնչությամբ, և ընդդիմությունը զգուշացրել է, որ ցուցարարների թիվը կարող է աճել: Ընդդիմությունը նաև հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները վիճարկելու է Հայաստանի Սահմանադրական դատարանում:
Դեկտեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես ընդունել է հանրաքվեի արդյունքները՝ հայտարարելով, որ ստացված արդյունքների և բողոքների վերանայումից հետո սահմանադրական բարեփոխումների փաթեթը հաջողությամբ ընդունվել է:
Հանձնաժողովը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է ընտրողների 63,4 տոկոսը, իսկ հանրաքվեին մասնակցել է 2,5 միլիոն կազմող ընդհանուր ընտրազանգվածի 50,5 տոկոսը: «Այո»-ի օգտին ձայները կազմում եմ բոլոր գրանցված ընտրողների, այդ թվում՝ քվեարկությանը չմասնակցած ընտրողների մոտ 32 տոկոսը. հանրաքվեի արդյունքները վավեր են համարվում, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների առնվազն 25 տոկոսը:
Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հետագա նախագահները հիմնականում կունենան ձևական դերակատարում, միաժամանակ կամրապնդվեն խորհրդարանական մեծամասնության և դրա կողմից ընտրված վարչապետի դիրքերը: Նախագահը կընտրվի ոչ թե ընտրողների, այլ՝ խորհրդարանի կողմից յոթ տարի պաշտոնավարման ժամկետով՝ ներկայումս սահմանված հինգ տարի ժամկետի փոխարեն (տե՛ս՝ մեր նախորդ հոդվածը՝ «Armenians to Vote on Constitutional Reform»:
Սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները շարունակ կրկնում են, որ ավելի ժողովրդավարական համակարգին առերևույթ անցումը նպատակ ունի հաստատել Հանրապետական կուսակցության հավերժական իշխանությունը՝ ընդ որում հաշվի առնելով, որ 2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահի պաշտոնում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:
Քվեարկության ավարտից հետո կարճ ժամանակ անց ընդդիմությունը հայտարարություններ է արել լայնածավալ խախտումների վերաբերյալ:
«Տեղի են ունեցել զանգվածային կեղծիքներ, – ասել է «ոչ»-ի շարժումը գլխավորած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, – Կեղծվել է կես միլիոն ձայն»: «Ընդդիմության ներկայացուցիչները, անկախ դիտորդները և լրագրողներն ահաբեկումների և բռնությունների են ենթարկվել», – հավելել է Զուրաբյանը:
Մեկ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրաքվեն բնութագրել է որպես «դավաճանություն»: «Սերժ Սարգսյանը (նախագահ), Հովիկ Աբրահամյանը (վարչապետ), մարզպետները և տարբեր քաղաքապետները, պաշտոնատար անձինք, օլիգարխները և իշխանություններին ծառայող անձինք մասնակցել են պետական հանցագործության՝ կեղծելով ժողովրդի ձայնը», – ասել է նա: «Եվ մեղավորները պետք է անմիջապես հրաժարական տան: Մենք պետք է ունենանք ազատ, արդար ընտրություններ»: Սոցիալական ցանցերում հայտնվել են քվեարկության կանոնների խախտումների մասին հաղորդումներ: Որոշ օգտատերեր տեղադրել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ընտրատեղամասերից հեռացող ընտրողներին կաշառք բաժանում, քվեատուփերի մեջ լցոնումներ կատարում, և սպառնում ընդդիմության ներկայացուցիչներին, լրագրողներին և տեղական դիտորդներին:
Թեև Ոստիկանությունը հայտարարել է, որ մանրակրկիտ քննելու է խախտումների մասին բոլոր հաղորդումները, ընդդիմության ներկայացուցիչները և իրավապաշտպան կազմակերպությունները թերահավատորեն են վերաբերում նման հայտարարություններին:
«Բոլոր (նախորդ) ընտրություններից հետո իշխանությունները հայտարարել են, որ հետևողականորեն ուսումնասիրելու են քվեարկության ընթացքում կատարված կեղծիքների և գործադրված բռնությունների մասին հաղորդումները», – ասել է հանրաքվեին դիտորդություն իրականացրած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Սաքունցը համոզմունք է հայտնել, որ ոստիկանությանը կեղծիքները քննելու հրահանգ տալու լիազորություն ունեցող անձինք իրենք են հրահանգել կատարել նշված կեղծիքները:
Իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ընդդիմությանը կոչ է արել ներկայացնել հիմնավոր ապացույցներ:
«Մենք չենք ժխտում, որ քվեարկության ընթացքում ընտրախախտումներ են եղել, սակայն նման հայտարարությունները պետք է հիմնավորված լինեն փաստերով, – ասել է Կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: – Երկրորդ, հավաստիացնում եմ ձեզ, որ բոլոր ընտրախախտումները, միասին վերցված անգամ, չեն կարող ազդել քվեարկության վերջնական արդյունքի վրա»:
Շարմազանովն ասել է, որ եթե Լևոն Զուրաբյանը չներկայացնի կես միլիոն ձայնը կեղծելու մասին վկայող ապացույցներ, ուրեմն նա «ստախոս» է:
Հանրաքվեն քննադատության է արժանացել միջազգային դիտորդների լայն շրջանակներում: «Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը՝ բնակչության մոտ 50 տոկոսը, վկայում է այն մասին, որ հանրաքվեի անցկացումը պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե՝ Հայաստանի ժողովրդի կարիքներով», – նշվում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության` քվեարկությանը հաջորդող օրն արված հայտարարության մեջ:
ԵԽԽՎ պատվիրակությունը նշել է, որ խորհրդարանը միայն մի քանի շաբաթ է ունեցել տեքստը քննարկելու համար, իսկ հանրային քննարկումների համար տրվել է ընդամենը 2 ամիս ժամանակ:
Նշվել են նաև հանրաքվեի անցկացման հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում՝ «լայնածավալ կազմակերպված ընտրակաշառք և «կարուսելային (բազմակի) քվեարկություն» (որի դեպքում մարդիկ գնում են մեկ ընտրատեղամասից մյուսը՝ մի քանի անգամ քվեարկելու համար), ընտրական պաշտոնյաների նկատմամբ ճնշումներ, գործադիր մարմինների միջոցով կառավարության կողմից վարչական ռեսուրսների չարաշահում և անճշտություններ ընտրացուցակներում, որոնք ներառել են «մշտապես արտերկրում բնակվող կամ նույնիսկ մահացած անձանցից շատերի անունները, ինչը տեղիք է տվել այն պնդումներին, որ նրանց ինքնությունն օգտագործել են մի քանի անգամ քվեարկած անձինք»:
Հանրաքվեի վերաբերյալ մտահոգություն են հայտնել նաև Միացյալ Նահանգների դեսպանատունը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը:
«Ինչպես քաղաքական կուսակցությունների, այնպես էլ անկուսակցական դիտորդների՝ ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումները մտահոգիչ են», – նշվում է ԱՄՆ դեսպանատան՝ դեկտեմբերի 8-ի հայտարարության մեջ, – «Կոչ ենք անում ընտրական հանձնաժողովին և ՀՀ Կառավարությանը կատարել ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ քննություն»:
ԵՄ պատվիրակությունը կրկնել է ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների ամբողջական և թափանցիկ քննություն կատարելու կոչը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում «հանրաքվեն կվերածվի բաց թողնված հնարավորության՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից»:
Ընդդիմադիր ուժերը մտավախություն ունեն, որ ներկայիս նախագահը, իրեն հաջորդող զգալիորեն սահմանափակ լիազորություններով նախագահին իշխանությունը փոխանցելուց հետո, կարող է պահպանել վերահսկողությունը վարչապետի պաշտոնում, որի ժամկետը, ի տարբերություն նախագահի պաշտոնից, չի սահմանափակվում երկանգամյա ժամկետով:
Թեև անցած տարվա ապրիլին Սարգսյանը հայտնել է, որ նոր սահմանադրության ընդունման դեպքում վարչապետ դառնալու մտադրություն չունի, վերջերս նրա կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչներն ակնարկել են, որ նա կարող է առաջադրվել որպես վարչապետ:
Հանրաքվեից երեք օր առաջ կայացած մամլո ասուլիսին Սարգսյանը խուսափեց իր քաղաքական ծրագրերի մասին հարցին ուղիղ պատասխանելուց՝ էլ ավելի խորացնելով կասկածները, որ բարեփոխումները ծառայելու են իր անձնական շահերին. «Կարծում եմ՝ դրա մասին կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո. հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը»:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանի կարծիքով՝ պետության ներկայիս ղեկավարը, մասնավորապես, ձգտում է կանխել նախորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, ով 2008 թվականին ճանապարհ է հարթել, որպեսզի Սարգսյանը փոխարինի իրեն: Ներկայումս նրանց հարաբերություններում, կարծես, սառնություն է նկատվում, և Քոչարյանը քննադատել է իր երբեմնի դաշնակցին: Հանրաքվեին ընդառաջ նա զգուշացրել է, որ սահմանադրական բարեփոխումները կհանգեցնեն «մենաշնորհային քաղաքականությանը» (տե՛ս՝ «Nothing Straightforward About Armenian Referendum» հոդվածը:
«Հիմնական նպատակն է ստեղծել այնպիսի կուսակցական համակարգ, որտեղ Սարգսյանի հիմնական մրցակցի՝ Հայաստանի երկրորդ նախագահ անկուսակցական Ռոբերտ Քոչարյանի համար տեղ չի լինելու», – ասել է Ենոքյանը:
Նա հավելել է, որ հանրաքվեին առնչվող քաղաքականության շրջանակներում «ժողովրդի ձայնը որևէ արժեք չունի»: