«ՀՔԾ-ն շարունակում է հովանավորել ոստիկանական բռնությունները». իրավապաշտպան
10:12, March 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Քաղաքացիներին մնում է համարժեք ուժ գործադրել պաշտպանվելու համար, որովհետեւ ունենք անհամաչափ իրավիճակ, երբ պետական ռեսուրսները տիրապետողը մի կողմից ուժ է գործադրում, մյուս կողմից այդ ապօրինի ուժի գործադրման իրավական գնահատական չի տալիս ու այն համարում օրինաչափ»,- այս կարծիքին է եկել իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ տեղեկանալով Հատուկ քննչական ծառայության որոշմանը՝ Ամանորի գիշերը ոստիկանական բռնությունները քննող գործը «հանցակազմի բացակայության հիմքով» կարճելու մասին:
Քննիչը հրապարակված տեսանյութերում չի տեսել կադրեր, երբ ոստիկանները ծեծում են ընդդիմադիրներին, առավել ևս՝ որ ոչ իրավաչափ են գործում: Հիշեցնենք, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը ոստիկանապետին ուղարկած գրությունում բառացի ընդգծել էր, թե իրավապահները ձեռքերով և ոտքերով հարվածել են քաղաքացիներին:
«Իրավական առումով շատ դժվար կացության մեջ ենք հայտնվում, որովհետեւ բավական վատ պրակտիկա է ձեւավորվում, երբ ՀՔԾ-ն քաղաքացիների նկատմամբ բռնությունների ակնհայտ փաստերի հիմքով քրեական գործ հարուցելուց հետո կարճում է հանցակազմի բացակայության հիմնավորմամբ, որը չի համապատասխանում ակնհայտ փաստերին: Շարունակվում է ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքներին առավել մեծ տեղ, գերադասություն տալը, քան քաղաքացիների ցուցմունքներին: Ի դեպ, որի մասին դեռեւս մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված ԵԽԽՎ-ն անդրադարձել էր իր բանաձեւերում, որ պետք է կասկածելի համարել բոլոր այն քրեական գործերով մեղադրանքները քաղաքացիների նկատմամբ, որոնցում որպես վկա հանդես են գալիս միայն ոստիկանության աշխատակիցները»,- ասաց Արթուր Սաքունցը:
Ըստ նրա, ՀՔԾ-ն խախտում է ԵԽԽՎ-ի բանաձեւով Հայաստանի վերաբերյալ դեռեւս 2008-ին ձեւակերպված հանձնարարականը. «Նման գործելակերպի շարունակությունը մի կողմից կարող է հանգեցնել ոստիկանության կողմից ապօրինությունների ծավալմանը՝ անպատժելիության պարագայում, որովհետեւ հույս դնել, որ հորդորներով, պարկեշտությամբ ոստիկանները կարող են զերծ մնալ ապօրինությունից, առնվազն անհիմն է: Մյուս կողմից ՀՔԾ-ն շարունակում է հովանավորել ոստիկանական բռնությունները, որովհետեւ մինչեւ այժմ նույնիսկ էլեկտրիկ Երեւանի գործերով հայտնի չէ, թե ինչ ընթացք է ստանում ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ քրեական գործը»: