Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Սաքունցի դիմումը
13:25, March 4, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՕրեր առաջ armlur.am լրատվական կայքում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր. «ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումն իրենք ստացել են, եւ այն գտնվում է ուսումնասիրության փուլում:
Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցը ՀՀ Գլխավոր դատախազությանը հասցեագրված դիմումով պահանջել է Հոկտեմբերի 27-ի գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին` պարզելու համար, թե այդ ոճրագործության կազմակերպիչների վերաբերյալ նրան ինչ տեղեկություններ են հայտնի:
Հիշեցնենք նաև, որ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանն իրեն հայտնել է, թե ոճրագործությունը կազմակերպված է եղել:
Ուստի` Արամ Սարգսյանն ասել էր, թե ինքը հույս ունի, որ նա մի օր կասի, թե այդ ոճրագործությունն ում կողմից է կազմակերպված եղել: Ինչեւէ, կարելի է ենթադրել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դժվար թե համարձակվի թեկուզ ձեւի համար Սերժ Սարգսյանին հարցաքննել: Կասկածից վեր է, որ Սաքունցի դիմումն ինչ-որ պատճառաբանությամբ կմերժվի»:
Հավելենք, որ վերոնշյալ դիմումը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկվել է 2016 թվականի փետրվարի 9-ին և մինչ օրս ՀՀ Գլխավոր դատախազությունից որևէ պատասխան չի ստացվել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումով պահանջել է հարցաքննել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև՝ Արամ Սարգսյանին: