Դատավոր՞, թե՞ ԱԱԾ աշխատակից
15:26, March 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թվականի մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանի Երևանի նստավայրում տեղի ունեցավ «ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության» գործով դատաքննություն:
Դատական նիստի սկզբում հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ներկայացրեց հայցադիմումի փաստական և իրավական հիմքերը, որոնցով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը չի կարող համարվել պետական, ծառայողական գաղտնիք, հետևաբար՝ տեղեկատվության տրամադրումը չի կարող վտանգ ներկայացնել ՀՀ անվտանգության համար: Հայցվոր կողմը ընդգծեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից պահանջվող տեղեկատվությունը վերաբերում է կազմակերպչական և ընթացակարգային հարցերին և չի դասվում պետական ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունների ցանկին:
Դատարանի հարցին, թե Կազմակերպությունը ինչ պատճառով է պահանջել տեղեկատվություն և ինչպես է պատրաստվում օգտագործել այն, Ա. Չատինյանը, չնայած նրան, որ օրենքով նրա վրա նման պարտավորություն դրված չէ, պատասխանեց, որ Կազմակերպությունը, իրականացնելով իրավապաշտպան գործունեություն, կարևորում է Կառավարության կողմից հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից» բխող միջոցառումների պատշաճ իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համապատասխան մասնագետների պատրաստվածությունը և պահանջվող տեղեկատվությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատարաստվում է օգտագործել ոլորտը բարելավելուն ուղղված գործողությունների շրջանակում:
Դատարանը, ի թիվս գործին ըստ էության չառնչվող այլ հարցադրումների, հարցեր ուղղեց նաև այն մասին, թե արդյոք հայցվոր կողմը մտահոգություն չունի, որ պահանջվող տեղեկատվության հրապարակումը կարող է Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվել Հայաստանի Հանրապետության դեմ:
Դատարանը հետաքրքրվեց նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անվան ծագումով, ինչը ևս գործի հետ որևէ առնչություն չուներ:
Պատասխանող կողմը ևս պնդեց այն տեսակետը, որ պահանջվող տեղեկատվությունը պետական, ծառայողական գաղտնիք է և հրապարակման ենթական չէ:
Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված, դատական ակտը կհրապարակվի 2016 թվականի մարտի 22-ին՝ ժամը 14:55-ին:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից դատական հայց էր ներկայացվել ՀՀ Վարչական դատարան, որով Կազմակերպությունը պահանջել էր պարտավորեցնել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը՝ տրամադրել դեռևս 2015թ. հունվարի 26-ին Կազմակերպության կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ Կառավարության 2014թ. փետրվարի 27-ի N 303-ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով սահմանված գործողությունների կատարման վերաբերյալ»: