Հայտարարություն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների վերաբերյալ
17:54, April 4, 2016 | Հայտարարություններ, ՍեփականՀայտարարություն
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերի եւ խաղաղ բնակիչների նկատմամբ հարձակումների վերաբերյալ
2016 թվականի ապրիլի 1-ից 2-ի գիշերը փաստացի վերսկսվել և ներկայումս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բաժանարար գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից նախաձեռնված լայնածավալ ռազմական գործողությունները: Հրթիռահրետակոծման են ենթարկվել նաև խաղաղ բնակավայրերը, որի հետևանքով սպանվել եւ վիրավորվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից պատերազմական գործողությունների հետևանքով իրենց տիրապետության տակ հայտնված խաղաղ բնակավայրերի բնակիչների նկատմամբ իրականացվել է անմարդկային և դաժան վերաբերմունք (գլխատումներ և մարմնի այլ անդամահատում):
Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հարկադրված պատասխան և կանխիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը նույնպես կրել է զինուժի կորուստ՝տասնյակ զինծառայողներ։
Տեղի ունեցածը հետևանք է վերջին տարիներին տարածաշրջանում սպառազինությունների մակարդակի աննախադեպ աճի, որին հատկապես նպաստում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը։
Խաղաղ բնաչության նկատմամբ կիրառված բռնությունները, դաժան սպանությունները միջազգային քրեական իրավունքի շրջանակներում համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ շեշտել, որ միջազգային մարդասիրական իրավունքը բացառում է բնակավայրերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ռազմական գործողությունները: Ավելին, այն առանձնակի պաշտպանության տակ է առնում երեխաներին: Բացի դրանից՝ հակառակորդի տիրապետության տակ հայտնված անձը (այդ թվում՝ գերիները) օգտվում են ժնեւյան կոնվենցիայով ապահովված իրավունքներից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է բնակավայրերի և խաղաղ բնակիչների վրա հարձակումները, ինչպես նաև Ադրբեջանի զինուժի կողմից գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և դաժան ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները:
Կազմակերպությունը կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ի գործող նախագահին և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, անհապաղ գործուն միջոցներ ձեռնարկել պատերազմական հանցագործությունների դեպքերը բացառելու, պատերազմական գործողությունները դադարեցնելու և կատարված հանցագործությունների դեպքերով քննություն իրականացնելու և իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Կազմակերպությունը վերստին ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միմիայն խաղաղ բանակցությունների ճանապարհով, որից բացի բոլոր այլ ուղիները հանգեցնում են մարդկային զոհերի։
Կազմակերպությունը վերստին կարևորում է տարածաշրջանում սպառազինությունների հետագա վաճառքի անհապաղ կասեցումը, ԵԱՀԿ սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի կիրառումը, որպես հակամարտության գոտում միլիտարիզացիայի մակարդակի նվազեցմանն ուղղված հրատապ գործողություններ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
04.04.2016 թ.