ՀՀ Գլխավոր դատախազությունից «ուղղորդում են» դատարան դիմել
15:34, May 4, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | ՀՀ Գլխավոր դատախազությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել իրավապահ մարմինների անօրինական գործողություններից տուժած Ռ. Գ.-ի իրավունքների պաշտպանությամբ:
Հիշեցնենք, որ Ռ. Գ.-ի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ 2015 թ. նոյեմբերի 23-ին հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնող մարմնի կողմից թույլ էին տրվել մի շարք ապօրինություններ: Իրավապահ մարմինները, Ռ. Գ.-ի պնդմամբ, փորձել են տարբեր եղանակներով կոծկել հանցագործությունը, որն ուղեկցվել է Ռ. Գ.-ի և վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներով, ինչի մասին փաստում են նաև Ռ. Գ.–ի ընտանիքի անդամների կողմից արված համապատասխան ձայնագրությունները:
Քաղաքացու դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ ՀՔԾ՝ Ռ. Գ.-ի և նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման, հանցագործության բացահայտման և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացվել, փոխարենը՝ հանցագործության մասին հաղորդումը գրությամբ վերահասցեագրվել է ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություններ՝ ծառայողական քննություն կատարելու նպատակով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Հատուկ քննչական ծառայության վերոնշյալ որոշման դեմ 2016 թ. ապրիլի 12-ին բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ այն հիմնավորմամբ, որ իրավապահ մարմինների կողմից Ռ.Գ.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ անօրինական հետապնդումների վերաբերյալ հաղորդման առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր կայացնել որոշում՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով:
Ավելին՝ տուժողների կողմից ներկայացված ձայնագրությունները՝ իրավապահ մարմինների կողմից սպառնալիքների և հանցագործությունը կոծկելուն ուղղված գործողությունների վերաբերյալ, որոնք որպես ապացույց կցվել են հանցագործության մասին հաղորդմանը, պատշաճ չեն գնահատվել:
Չնայած նրան, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատախազի լիազորությունների մեջ են մտնում նաև՝ հարուցել և իրականացնել քրեական հետապնդում, վերացնել հետաքննության մարմնի և քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը, 2016 թ. ապրիլի 22-ի գրությամբ հայտնել է, որ դատախազը նման բողոքներ քննելու իրավունք չունի, և սրանով մի կողմ քաշվել՝ «ուղղորդելով» դիմել դատարան:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր լիազորությունների շրջանակներում կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ վերը նշված խախտումները վերացնելու ուղղությամբ: