Աղասի Ենոքյան. «Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը նշանակված են Կրեմլից»
11:08, June 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, ԵՏՄՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խիստ մտահոգում է այն գերռազմականացվածությունը, որում գտնվում է Հարավային Կովկասը: «Ընդամենը 18 մլն մարդ է ապրում այս փոքրիկ տարածքում եւ այս չափով սպառազինությունների կուտակումը ուղղակի սարսափելի է, մենք աշխարհի ամենասպառազինված տարածքներից մեկում ենք ապրում» ,-այսօր «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց նա՝ նկատելով, որ օրեցօր ռուսական զինված ուժերը ավելացնում են իրենց ներկայությունը տարածաշրջանում:
Իսկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը հիշեց իր հայրիկի՝ Ռաֆայել Իշխանյանի հոդվածը՝ «Դեպի կործանում տանող հին ճանապարհը», որը կրկին Ռուսաստանի վրա հույս դնելու մասին էր: Իշխանյանին զարմացնում է, որ Մաքսային եւ Եվրասիական միություն կողմնորոշվելիս, անընդհատ խոսվում էր «անվտանգության մասին».«Ի՞նչ է, ՀԱՊԿ—ը ինքնին անվտանգության երաշխիք չէ՞ր, սո՞ւտ էր: Փաստորեն Հայաստան-Ռուսաստան խորացված պայմանագիրը, որի մասին այդքան խոսում էին, նույնպես անվտանգության երաշխիք չէր, սո՞ւտ էր… »,- հարցնում է Ավետիք Իշխանյանը եւ շեշտում, որ ամեն անգամ, երբ ռուսական որեւէ պաշտոնյա՝ դեսպանից մինչեւ որեւէ չինովնիկ, մեր ազգային ինքնությունը նվաստացնում է եւ որեւէ անգամ մեղմ պատասխանով չեն հակադարձում, մարդ անհարմար է զգում նման պետական այրեր ունենալու համար:
Ավետիք Իշխանյանը ցավով նշում է, որ մեր հասարակությունը միայն ծայրահեղ իրավիճակներում է ոտքի կանգնում, բայց հիմա հենց այդպիսի իրավիճակ է. «Հիմա զանգերը խփելու ժամանակն է, իսկ քաղաքական ուժերը թող չնեղանան, բայց Քաջազնունու խոսքերով ասեմ՝ իրենք այլեւս անելիք չունեն: Հասարակությանը պետք է համախմբել, քանի որ այժմ ոչ միայն Ղարաբաղն է վտանգված, այլեւ Հայաստանը»:
Նա հիշեց, որ 88-ից առաջ մեծ աշխատանքներ էին տարվում ժողովրդին անկախության արժեքը հասկացնելու համար. «Ահավոր բանավեճեր էին գնում, կներեք արտահայտությանս, քյարթուների հետ, որոնք ասում էին՝ եթե անկախություն ուզենք, թուրքերը վրա կտան, միայն ռուսները կարող են մեզ փրկել եւ այլն… ու հիմա ես զգում եմ, որ նորից եկել է ժամանակը, որպեսզի մարդկանց բացատրենք անկախության իմաստը, որ պետք է մեր ուժերի վրա հիմնվել: Փաստորեն, հիմա հետ ենք եկել ու սովետական տարիների ժամանակներին ենք հասել, որ ժողովրդին պետք է անկախության արժեքը բացատրել: Բայց հիմա ավելի բարդ է, քանի որ էն ժամանակ ազգային զարթոնք կար..»:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է, որ Ղրիմից հետո աշխարհը փոխվել է, նոր վիճակներ են առաջացել, եւ եթե մինչեւ հիմա կային մարդիկ, որ կարծում էին, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ապա հիմա վերագնահատման անհրաժեշտություն է առաջացել, եւ չկա որեւէ փաստարկ, որեւէ ապացույց, որ դա այդպես է:
Նա ասում է, որ Հայաստանի իշխանությունը եւ ընդդիմությունը նշանակված են Կրեմլի կողմից, եւ նրանք անում են այն, ինչ առաջադրանք ունեն: Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն էլ շեշտը դրեց այն փաստի վրա, որ ինքը ամիս է մենք միայն արձանագրում ենք իշխանությունների սխալները, սակայն որեւէ ակտիվ գործողություն չի լինում: Ու քանի որ իշխանությունը որեւէ մեկի կարծիքը հաշվի չի առնում, Զ. Հովհաննիսյանն առաջարկում է հանրային դիսկուրսների արդյունքում ձեւավորել խնդրի լուծման ճանապարհը եւ դա դնել իշխանության առջեւ:
Նա ներկաներին կոչ արեց ակտիվ քայլերի դիմել, ձեւավորել քաղաքական ուժ եւ գործընթաց սկսել: Նմանատիպ կոչով հանդես եկավ գրող Վահրամ Մարտիրոսյանը, ով առաջարկեց հաջորդ հավաքը անել Ազատության հրապարակում: Նա առաջարկեց հանրությանը ներգրավել երկրի ղեկավարման գործում եւ հանրաքվե կազմակերպել Եվրասիական միությանը միանալու հարցով. «Թող 99%-ը կողմ լինի, բայց էն 1%-ը, որ մենք ենք, կասենք, թե ոնց ենք զզվում էդ միությունից, կբացատրենք, խոսելու եւ քարոզ անելու հնարավորություն կունենանք»:
Աղբյուրը՝ www.aravot.am
Այս մասին նաև՝ armlur.am