Խոսում է ԻԼԻՊ-ի զինյալի նման. իրավապաշտպանը Առաքել Մովիսյանի հարցազրույցի փաստով դիմելու է իրավապահներին
14:38, June 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովիսյանի (Շմայս) հարցազրույցում հնչած արտահայտությունները ո′չ թե էթիկայի հանձնաժողովի, այլ՝ իրավապահների խնդիր է համարում: Վանաձորի ՀՔԱ գրասենյակը այս հարցով դիմելու է իրավապահներին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արթուր Սաքունցը` նշելով, որ տպավորություն է, թե խոսում է ԻԼԻՊ-ի զինյալը:
«Շմայսի արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք են: Դա ուղղակի սպառնալիք է, և մարդը հայտնում է իր մտադրության մասին` կատարելու քրեորեն հետապնդելի արարք: Ըստ որում, ծանր հանցագործությունների` սպանության մտադրության և նաև` սեռական ոտնձգության»:
Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակի» ` Շմայսը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարի տիկնոջ դեմ հրապարակումների հեղինակներին պետք է գլխատել` («Աստված տա՝ իմ ձեռքը որ ընկնի, անձամբ կգլխատեմ») , իսկ հեղինակների մասին էլ ասել էր՝ «որ բռենցինք, իրենք հաստատ բռնաբարվելու են»:
Ի պատասխան դիտարկման, թե ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկել էր ասվածը բառացի չհասկանալ, Արթուր Սաքունցը նկատեց, որ չի պատրաստվում այդ արտահայտությունները հասկանալ Գալուստ Սահակյանի մեկնաբանությունների հիման վրա:
«Բառացի է ասել, թե ուղիղ՝ դա իրապես քննչական մարմինների գործն է` բացահայտելու, քննություն իրականացնելու և, վերջին հաշվով՝ գնահատական տալու: Գալուստ Սահակյանը բացարձակապես ծպտուն չէր հանում, երբ քրեական գործ էին հարուցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ: Նրանք, ընդհանրապես, զնգվածային անկարգություններ են անելու մտադրության մասին չեն հայտնել»,-նկատեց իրապաշտպանը:
Աղբյուրը՝ www.tert.am