«Արկղի մեջ գտնվող երեխայիս ոստիկանները թողել էին նախագահականի դիմաց». գործը դատարանում է
16:20, July 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2013 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության օրը, մի խումբ ոստիկաններ բռնություն են կիրառել մի քանի օր շարունակ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց նստացույց իրականացնող Խուդոյանների նկատմամբ:
Ընտանիքի անդամներն ու նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել են իրավապահ մարմիններին, սակայն մի քանի անգամ քրեական գործի հարուցումը մերժվել է: Խնդիրը կայանում է նրանում, որ դեկտեմբերի 2-ի լուսաբացին ոստիկանները Խուդոյաններին բռնի ուժով տեղափոխել են նախագահական նստավայրի տարածքից, որպեսզի ինչպես ընտանիքի մայրը՝ Հեղինե Մակարյանը, մեզ փոխանցեց, Վլադիմիր Պուտինը չնկատի, որ Սերժ Սարգսյանի նստավայրի դիմաց բողոքող քաղաքացիներ կան. «Դեկտեմբերի 1-ին անընդհատ գալիս էին ոստիկանները մեզ ասում՝ ամոթ է, ելեք, ի վերջո Պուտինն է գալիս, ես էլ ասի՝ եթե Պուտինը ձեր պապան է, ապա ինձ համար ոչինչ է, դրա համար չենք պատրաստվում հեռանալ: Ոստիկաններին ասացինք, որ մի քանի օր շարունակ էդ ցրտին երեխաներիս հետ գիշերեցինք նախագահի դռան դեմը, ինչի պետք է լքենք, ինչ է մի հատ Պուտին է գալիս, ասին դե կտեսնեք ինչ է լինելու ու գնացին: Լուսադեմին քաղաքացիական հագուստով մի մեծ խումբ մարդիկ՝ ոստիկաններ գնում-գալիս էին, նայում դեմքիս, ծիծաղում, իսկ 6 :15 եկան կանգնան գլխներիս: Բռնի ուժով ամուսնուս մի մեքենայով տարան, գրկած հետո եկան ինձ մի ուրիշ ավտոյով տարան, հարցրեցի բա երեխեքս, ասին երեխեքիդ էլ կբերեն»,- պատմեց տիկին Հեղինեն:
Սակայն, ըստ նրա, ամենացավալին այն է եղել, որ ոստիկանները մոռացել ու իր ութ ամսական տղային թողել են նախագահական նստավայրի դիմաց՝ արկղի մեջ. «Իսկ ամուսնուս ոտաբոբիկ տարել են ոստիկանություն: Ինձ տարան տուն, երեխեքին բերեցին, ամենավերջում նոր ամուսնուս ու երկու օր մեզ պահեցին ոստիկանական հսկողության տակ: Ամեն ինչ արեցին Պուտինի համար, բայց որ Ֆրանսիայի նախագահն էր գալիս, իրանց պետքը չէր: Որեմն ՀՀ քաղաքացին անչափահաս երեխաներով բողոքում է, օրենք է ուզում, ուրիշ ոչ մի բան, տեր չեն լինում, Պուտինը գալիս է, արդեն բռնություն եք գործադրում: 20 հազար դրամ փող ունեինք էդ էլ իրանցով արեցին»,-նշեց Հեղինե Մակարյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Խուդոյանները կատարվածի մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, ճիշտ է, նյութեր նախապատրաստվել են, սակայն քրեական գործ չի հարուցվել: Հանցագործության մասին հաղորդում ներկայացրել է նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ճիշտ է, ՀՔԾ-ում նյութեր նախապատրաստվել են, սակայն դարձյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, ինչի համար դիմել են դատարան.
«Դիմում ենք ներկայացրել դատարան՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով, մինչ այդ դատախազի կողմից նույնպես մերժվեց, դատարանում դիմումի քննության արդյունքում կայացվեց բողոքը մերժելու մասին որոշում, մենք ներկայացրել ենք վերաքննիչ դատարան բողոք՝ արդեն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացնելու պահանջով: Միաժամանակ նույն գործով վարչական դատարան ենք դիմել ոստիկանական գործողությունները ոչ օրինաչափ ճանաչելու նպատակով, սակայն դեռեւս դատաքննություն դրա հետ կապված չի սկսվել»,- նշեց Տաթեւիկ Սիրադեղյանը: Ըստ փաստաբանի՝ առաջիկայում վերաքննիչ դատարանում կկայանա կողմի ներկայացրած դիմումի-բողոքի քննությունը:
Աղբյուրը՝ galatv.am