Մարտի 1-ի անակնկալը
16:53, July 4, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՈստիկանությունՄարտի 1-ի գործի բացահայտման լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարցաքննի մի շարք ներկա և նախկին պաշտոնյաների: Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տևական ժամանակ է բարձրաձայնում է, իսկ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այս հարցով արդեն երկու գրություն է ուղարկել ՀՔԾ:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օրերս անդրադարձավ Մարտի 1-ի գործին՝ հայտարարելով, որ այս գործի բացահայտվածությունը կարող է տևել երկար, իսկ արդյունքը կարող է լինել աննախադեպ կամ անակնկալ:
«Այստեղ կարևորն այն է, որպեսզի պետությունը, իրավապահ մարմինները կարողանան ապահովել մի քանի սկզբունքներ՝ լրիվություն, բազմակողմանիություն և օբյեկտիվություն»,- ասել էր նա:
Կոստանյանը նշել էր, որ Մարտի 1-ի գործով նախաքննությունը շարունակվում է, իսկ նախաքննությունը շարունակելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերոնշյալ երեք սկզբունքների միաժամանակյա կիրառությունը դեռևս ապահովված չէ: Գլխավոր դատախազը, սակայն, չէր մանրամասնել, թե ինչո՞ւ չեն կարողանում ապահովել այդ սկբունքների կիրառությունը:
Արթուր Սաքունը ՀՔԾ ուղղված գրությամբ առաջարկել էր հարցաքննել այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա տեղակալներին, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարին, նրա տեղակալներին:
Իրավապաշտպանը նաև ՀՔԾ-ին առաջարկել է հարցաքննել Մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից հրապարակված՝ Մարտի 1-ին իշխանության կազմակերպած և իրագործած գործողության նախապատրաստական դրվագներից մեկի վերաբերյալ զեկույցում նշված անձանց, որոնց թվում են Գագիկ Ծառուկյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը, որոնց թիկնապահներին և թիկնազորին են հատկացվել զինվորական համազգեստներ:
Արթուր Սաքունցը նաև գտնում է, որ պետք է հարցաքննել մարզպետներին ու պարզել, թե որտե՞ղ են եղել նրանք այդ օրերին, ի՞նչ հրահանգներ են ստացել ու ի՞նչ գործողություններ են արել: ՀՔԾ-ն Արթուր Սաքունցի այս գրությանը պատասխանել էր. «Քրեական դատավարության օրենսգրքով դուք նախքաննական մարմնին ցուցումներ տալու կամ քննությանը միջամտելու լիազորություններով օժտված չեք: Առավել ևս Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դիմումատուին քննչական գործողությունների վերաբերյալ տեղեկություններ հայտնելու օրենսդրական ընթացակարգ»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նույնանման մեկ այլ գրության էլ ՀՔԾ-ն հետևյալ պատասխանն էր տվել. «Քրեական գործով ձեռնարկվել ու ձեռնարկվում են ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման, զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների դեպքերը, այդ թվում՝ տասն անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»:
Արթուր Սաքունցը նկատում է, որ Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած զեկույցներում հստակ ներկայացված են գործողություններ, որոնք իրականացվել են իշխանությունների կողմից և առնչվում են խաղաղ ցուցարարների, ընդդիմության ակտիվիստների նկատմամբ ապօրինի հետապնդումներին:
«Այդ թվում՝ հիշատակվում է զինված ուժերի օգտագործման, զինվորական տեխնիկայի՝ իրենց հիմնական տեղաբաշխման վայրից Երևան տեղափոխելու մասին: Կա հիշատակում առանց Արտակարգ դրության մասին օրենքի Ռոբերտ Քոչարյանի հրամանով, առանց հիմքի, արտակարգ ռեժիմի հայտարարման մասին, լրատվամիջոցների գործունեությունն ապօրինի կասեցնելու մասին: Այսինքն՝ մի շարք ապօրինություններ են եղել, որոնց կատարման մեջ առաջին հերթին պատասխանատու են այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները և համապատասխան գերատեսչությունների ղեկավարները՝ ոստիկանապետը, ԱԱԾ տնօրենը, զինված ուժերի պատասխանատուները: Նրանք այն մարդիկ են, առանց որոնց իմացության հնարավոր չէր նման գործողություններ կատարել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ Մարտի 1-ը տեղափոխել միայն 10 մարդու սպանության հարթության վրա, նշանակում է գիտակցաբար աղճատել գործը, որովհետև այդ սպանությունները հետևանքն էին:
Իրավապաշտպանի խոսքով. «Երբ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասում է, թե գործի բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովված չէ, ես մատնանշում եմ դրա չապահովման հիմքերը»: Դա ապահովելու համար, ըստ Սաքունցի, վերոնշյալ մարդկանցից ցուցմունքներ պետք է վերցվեն:
«Քանի որ դա չի արվում, ավելին, Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ մենք չենք կարող իրեն ցուցում տալ, բայց մենք ցուցում չենք տալիս, առաջարկություն ենք անում, այդ կառույցը մատնվում է անգործության: Այսինքն՝ այստեղ իրավական գործընթացները և իրավական մեխանիզմները չեն գործում, այլ քաղաքական մեխանիզմներն են գործում, որոնց էությունն այն է, որ հանձնարարություն են տվել կամ քաղաքական որոշում են կայացրել ընդհանրապես նման քննություն չիրականացնել»,- ասաց Արթուր Սաքունցը:
Հոդվածը պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՀ հատուկ քննչական ծառայության, դատախազության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների զարգացումը որպես մարդու իրավունքների խախտման կանխարգելման երաշխիք Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Նյութը պատրաստեց՝ Ռոզա Հովհաննիսյանը, lragir.am