Թուրքական պատմություններ
09:50, October 4, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԴիմացը` թուրք
Քաղաքը դուրս ցատկեց թանձր մթից ու կախվեց մեր գլխին, ինչպես մի առասպելական հրեշ` շունչը խոնավ ու ծանր: Լույսը սկսեց բացվել հատվածաբար, ուրվագծելով հսկա մարմնի բոլոր մասերը` Ստամբուլն արթնանում էր: Մենք, որ ամեն առավոտ մի հայացքով հատում ենք Երեւանի սահմանը, բախվում Մասիս սարին ու ետ թռչում, դժվարացանք ընկալել մթությունից հառնող այդ հրեշի չափը: Ու մինչեւ կփորձեինք գիշերային թքիչքից էլ ավելի ծանր մտքերից չարչարված մեր ուղեղներում ամբողջացնել տեղանքը, հրեշը մեզ կուլ տվեց: Հետո ժայթքեց օդանավակայանի հակառակ կողմի հարթ ճանապարհին եւ սկսեց հետապնդել: Քաղաքից սրնթաց փախչող մեր մեքենայի ապակիների վրա կուտակվող անձրեւի մանր կաթիլներով էր արտահայտվում մեզ հետապնդող Ստամբուլի շունչը, ու մենք փորձում էինք օդորակիչի` ինչպես արհեստական ապարատի միջոցով կարգավորել մեր շնչառությունը, քաղաքի հեւոցին համընթաց:
Գնում էինք հանդիպելու նրա բանագնացներին, գնում էինք որսալու նրա հայացքը, գնում էինք տեսնելու նրան` թուրքին, որին միայն հիշում էինք մեր անցյալի մղձավանջից: Գնում էինք պարզելու, թե ո՞վ ենք մենք, ո՞վ է այն հայը, որ կոչվում ենք, եւ ո՞վ է թուրքը` մեզ դեմ-հանդիման:
Կարթեփե հյուրանոցի համարում, գիշերային թռիչքից հոգնած, նիրհս ահաբեկեց իմ նախորդ կյանքից ինձ հետապնդող ազանի ձայնը: Վեր թռա սրտիս զարկերի դոփյունից ու չգիտեմ թե իմ մանկության սերտած տողերից ո՞րը հիշեցի շատ հստակ. «…լուսինը կեռ յաթաղանի պես կախվել էր Շուշվա երկնքում»… Բայց լուսին չկար ու Շուշին հեռու էր: Մեր արեւը մեր ետեւից չէր հասել, մնացել էր Թուրքիայի երեսը ծածկող քողի տակ եւ միայն հեռվից, այդ քողի միջով մի շող էր ուղարկել հյուրանոցի պատուհանից ներս թե. ել` լվացվիր: Դուրս եկա պատշգամբ: Իզմիթ կոչվող տեղանքը պարուրած թավ կանաչը շոյեց հայացքս, որ մի անհասկանալի տենդով փնտրում էր մոլլայի ձայնի ուղղությունը: Մինարեթներն ամենուր էին ու դրանցից անջատվող ազանը որոշեցի խլացնել ցնցուղի շիթով: Երբ իջա հանդիպման վայր, Իզմիթի թուրքերն արդեն տվել էին իրենց Աստծուն հասանելիք կեսօրի տուրքը:
Հյուրանոցի ժողովի սրահում զով էր` շնորհիվ արհեստական շնչառության ապարատների: Ցեղասպանության հարցի մասին խոսելու նպատակով մեկտեղված հայերն ու թուրքերը` երիտասարդ սերնդի բավականին մեծ խումբ, տեղավորվում էին հսկայական սեղանի բոլորը: Լարումը քողարկված էր փոխադարձ ժպիտների, քաղաքակիրթ պահվածքի եւ զուսպ բարեւների տակ: Ես փորձում էի որսալ մարդկանց հայացքները: Կապույտ, կանաչ ու հասած զեյթունի պես սեւ աչքերով աղջիկների ու տղաների հայացքները ջինջ էին ու հարցականներով լի: Հերթով ներկայանալու եւ ծանոթանալու գործընթացն ինձ թվաց հավերժություն: Ամեն մի մասնակցի ինքնակենսագրական կարճ պատմությունն ինձ համար կերպարներ էր հյուսում` հեռու անցյալի, եւ միայն հաջորդ օրը, երբ նրանք սկսեցին խոսել այս պահին հուզող իրենց հարցերից, ժամանակն իր տեղն ընկավ: Նրանց ձայնի մեջ ցավ ու արցունք հնչեց, ու չգիտեմ էլ, սփոփե՞ց, արդյոք, մեզանից ավելի դյուրազգացներին: Բայց ջահելությունն իր գործը արեց` ստեղծեց թաց վերքը չորացնող այն բալասանը, որը հեքիմի բաղադրատոմսի պես երկար պիտի բուժի, բայց շատ հիմնավոր: Միայն թե` համբերություն լինի ու վստահություն, որ կապաքինվենք: Ընդ որում` ապաքինվելու ենթակա պիտի լինի հենց ջահել օրգանիզմը, որի դիմադրողականությունն ավելի բարձր է: Իսկ ահա տարեցների համար այդ բալասանը կարող է լինել ցավազրկող միայն: Եթե, իհարկե, դրա կիրառությունը հանկարծ չընդհատվի:
Խոսեցինք անկաշկանդ ու շատ սրտաբաց: Խոսեցինք այն մասին, որ 1915-ին ու դրանից էլ վաղ Օսմանյան Թուրքիայում իրականացվել է ազգերի կոտորած` հայերի, հույների: Խոսեցինք այն մասին, որ մեզանից ամեն մեկի ընտանիքի պատմության մեջ այդ կոտորածներից լճացած արյուն կա: Խոսեցինք ու արտասվեցինք, չփորձելով անգամ թաքցնել այդ արցունքները` ոչ մենք, ոչ թուրքերը, ոչ էլ քրդերը` թուրք վաթանդաշներ: Այդ զրույցներից երկու թուրքի հնչեցրած խոստովանությունը ստիպեց ինձ կրկին վերաիմաստավորել իմ դիրքերը` մարդկության, պատմության ու իմ ինքնության նկատմամբ: Ստիպեցին կրկին ու կրկին հնչեցնել հարյուր տարի անընդմեջ մարդկությանը հետապնդող տրիվիալ հարցը` «մարդն ինչո՞ւ է մարդ սպանում, թուրքն ինչո՞ւ է հայ սպանում, հայն ինչո՞ւ է թուրքին ատում»…չէ՞ որ մարդ արարածի մարմինը հերձելիս՝ նրա օրգանների ու, հատկապես, սրտի տարբերությունը չի նկատվում, նրա ազգությունը չի նկատվում…
Կանաչ աչքերով մի սիրուն աղջիկ, որը ռեժիսոր էր եւ եկել էր մեզ ցուցադրելու հայերի ու հույների մասին իր նկարահանած վավերագրական ֆիլմերը, պատմեց. «Ես, որպես մարդ, ձեւավորվել եմ իմ պապիկի դաստիարակությամբ, որը, ինչպես ինձ էր թվում մանուկ ժամանակ, մի ազնիվ ու լուսավոր մարդ էր, իր ազնիվ քրտինքով իր հացը վաստակող` պապիկս դերձակ էր: Մի օր, երբ արդեն մեծ էի, համալսարանում էի սովորում ու ինձ հասել էին հայերի մասին տարբեր պատմություններ, պապիկիս հարցրի` մեր գյուղում հայեր եղե՞լ են: Պապիկս ասաց, որ այո, շատ վաղ ժամանակներում եղել են: Ես նրան հարցրի` իսկ ո՞ւր են նրանք: Պապիկս երկար դադար վերցրեց: Նա արդեն ծեր էր: Հետո պատմեց մի պատմություն, ըստ որի` 15 թվականներին, մի գիշեր, մի մարդ ծեծել է իրենց դուռը ու հայտնել, որ հայերն այդ գիշեր որոշել են սպանել գյուղի բոլոր թուրքերին ու թաղել գյուղի սահմանին փորած փոսերում… «Հետո մենք սպանեցինք մեր գյուղում ապրող բոլոր հայերին, բոլորին` տղամարդկանց, կանանց ու երեխաներին… ու թաղեցինք այդ փորած փոսերում»,-պատմեց պապիկս»,-աղջիկը խեղդվում էր իր այդ պատմությունից: Հազիվ զսպելով արցունքները, նա ձեռքը դրեց սրտին ու ասաց. «Ես ի՞նչ անեմ հիմա, ես ի՞նչ անեմ այս պատմության հետ, աշխարհն իմ գլխին փուլ է եկել, չէ՞ որ ես իմ պապիկին սիրում էի աշխարհի չափ, չէ՞ որ նա ինձ համար աշխարհի ամենաազնիվ ու լուսավոր մարդն էր…իսկ հիմա ես արդեն գիտեմ, որ մարդասպանի թոռ եմ»…
Տղան, որ քննարկումների ողջ ընթացքում սահմանափակվում էր միայն ճշտող հարցերով, խոսք ուզեց. «Այն, ինչ ուզում եմ ասել, միգուցե անմիջական կապ չունի այստեղ արծարծվող թեմայի հետ, բայց ուզում եմ խոսել… Մենք ապրում ենք մի տան մեջ, որի պատերին սոսկալի պատկերներով նկարներ են փակցված: Մեր տանը դիակ կա ու մի՞թե հնարավոր է ապրել այդպիսի տանը: Սա մեր բոլորի տունն է ու մենք պիտի շատ մեծ ջանք թափենք` մաքրելու այդ տունը հեղեղած արյունից, պիտի լուսավորենք այդ տան պատերը, թե չէ այսպես անհնար է ապրել… »,-նրա ձայնը դողաց ու բեկվեց, խոցելով ներկաների սրտերը, լճանալով նրանց աչքերում:
Ընդմիջմանը, երբ հայերի խմբով մի տեղ հավաքվել` զրուցում էինք, բոլորը նույն բանն ասացին. «Իմ կողքին նստած թուրքը շուռ եկավ, նայեց աչքերիս ու ասաց` ներիր ինձ այն տառապանքի համար, որ պատճառել ենք ձեզ, ես ամոթախեղդ եմ լինում»:
Յոթ օր շարունակ հայ-թուրքական հարաբերություններին մարդկային կերպարանք հաղորդելու նպատակ հետապնդող հանդիպումների վերջին փուլում, այդ հարաբերություններն արարող դասախոսներից` ազգությամբ քուրդ Բյուլենթ Բիլմեզն իր եզրափակիչ խոսքում ասաց. «Հայեր, դուք շատ փխրուն եք ու բարեսիրտ, այսպես հեշտ չներեք թուրքերին, պահանջատեր եղեք, այնպես արեք, որ ոչ միայն այստեղ հավաքված մարդիկ, այլեւ բոլորը` զղջան իրենց արարքի համար, ներողություն խնդրեն ձեզանից ու հատուցեն»:
Վերադարձին կրկին պիտի անցնեինք Օսմանյան կայսրության հրեշի միջով, որի հետ շփվելու համար մի ցերեկ օր ունեցանք: Նրա դիմագծերում ես իսկապես մարդկային հատկանիշներ հայտնաբերեցի, շատ մարդկային, ու Ստամբուլն ինձ պատկերվեց գեղեցիկ, ճշգրիտ դիմագծերով, առնական, սեւաթույր մի տղայի տեսքով, որը սիրահարվել էր մի հայ աղջկա, իր ձեռքով սպանել նրան ու հիմա արցունք էր թափում իր սիրածի դիակի վրա: Երեկո էր արդեն ու բարակ անձրեւ էր մաղում:
Գայանե Առուստամյան
Աղբյուրը՝ www.asparez.am