«Հրամանատարը պետք է մարդ լիներ, վերջին օրով զինվորին դիրքեր չուղարկեր». Արթուր Սաքունց
16:04, December 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԼՂՀ ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանն, ով այսօր պետք է զորացրվեր, զոհվել է` գիշերը հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետևանքով: Հարց է առաջանում` եթե զինծառայողը պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, ապա ի՞նչ գործ ուներ նա դիրքերում, ինչո՞ւ էին դիրքեր բարձրացրել: Դեպքն, ինչպես միշտ, լայն արձագանք է ստացել համացանցում:
Շրջանառվում են լուրեր, որ զորացրվող զինծառայողը չպետք է դիրքեր բարձրանա: ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը փորձեց հարցի պարզաբանումն ստանալ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանից: Վերջինը մեկ նախադասությամբ պատասխանեց` նշելով, որ զինվորը մինչև իր զինծառայության ավարտը պաշտպանում է հայրենիքի սահմանը: Դիրքեր բարձրանալուն առնչվող մեր հարցին Հասրաթյանը պատասխանեց, որ չի պատրաստվում հեռախոսով մեկնաբանել: «Այն, ինչ պետք է տեղեկացնեինք լրատվամիջոցներին, պաշտոնապես արդեն արել ենք, խնդրում եմ բավարարվեք դրանով, բջջային հեռախոսով նման հարցերը չեն քննարկվում»,- իր խոսքն ավարտեց ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով` օրենքով դիրքեր բարձրանալու սահմանափակում չկա. «Զինվորը մինչև վերջին օրն էլ ծառայող է համարվում, ուղղակի պետք է հրամանատարը մարդ լինի` չտա նման հրաման»,- ասաց իրավապաշտպանը: