Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները մասնակցում են Ընտրական օրենսգրքի կոպիտ խախտմանը
17:02, December 4, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԸստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ընտրատարածքային և տեղամասային հանձնաժողովի անդամներ, ի թիվս այլոց, չեն կարող լինել համայնքի ավագանու անդամները: Նույն կարգավորումը վերաբերում է նաև Հանրաքվեի տարածքային և տեղամասային հանձնաժողովներին:
Ժառանգություն կուսակցության ներկայացուցչի ահազանգի հիման վրա, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ուսումնասիրել է բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը և հայտնաբերել, որ ընդհանուր առմամբ 203 ավագանու անդամ է ներգրավված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, որից Արագածոտնում՝ 18, Արարատում՝ 30, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 32, Լոռիում՝ 22, Կոտայքում՝ 17, Շիրակում՝ 38, Սյունիքում՝ 17, Վայոց Ձորում՝ 14, Տավուշում՝ 8: Ընդ որում, նրանցից 83-ը ներկայացված է համապատասխան Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, 50-ը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, 22–ը՝ Հայ հեղափոխական դաշնակցության, 21-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 12-ը՝ Օրինաց Երկրի, 10-ը՝ Հայ ազգային կոնգրեսի և 5 – ը՝ Ժառանգություն կուսակցության կողմից:
Մարզային բաշխվածության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք տեսնել կից աղյուսակում:
Հարկ է նշել, որ Ժառանգություն կուսակցության ներկայացուցչի կողմից տրամադրվել է Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք մարզերի ուսումնասիրության տվյալները, որոնցում իրենք հայտնաբերել են Ժառանգություն կուսակցության կողմից նշանակված ևս 5 անդամ, որոնց իրենք փոխարինել են անմիջապես հայտնաբերելուց հետո և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության ժամանակ արդեն չեն եղել:
Այս տեղեկատվությունը՝ կից համապատասխան անձանց տվյալներով, փոխանցվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ Ընտրական օրենսգրքի խախտումը վերացնելու պահանջով:
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ բազմաթիվ են հատկապես Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված հանձնաժողովի անդամները, ովքեր հանդիսանում են տվյալ համայնքի ավագանու անդամների մերձավոր ազգականներ (քույր, եղբայր, հայր, մայր), ինչը օրենքով որևէ կերպ չի կարգավորվում, սակայն շահերի բախման հստակ խնդիր է և հատկապես փոքր համայնքներում ազդեցության ուժեղ լծակ կարող է լինել:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված գրությունը տես այստեղ