Լռության մատնել այս իրավիճակը, նշանակում է հաշտվել վախճանի հետ
17:23, December 4, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ազատության հրապարակը կրկին զբաղված է։ Ըստ Ձեզ՝ Նոր Հայաստանի գործողությունները որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։ Ինչո՞ւ տեղի չի ունենում հանրային մոբիլիզացիա, երբ այդքան «ոչ» կա հանրության շրջանում։
Կա բովանդակային ոչ, և կա ոչ իրապես։ Ինչպես Սերժ Սարգսյանն է ինքնախոստովանում՝ ինչ էլ իշխանությունն առաջարկի, ոչ են ասելու, որովհետև այս փոփոխություններն իրականացվում են Սերժ Սարգսյանի իշխանության նկատմամբ խորը անվստահության մթնոլորտում։ Եվ, ցավոք սրտի, նաև կա վակուում ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշտում, ժամանակ առ ժամանակ նրանց վարքագիծն այնպես է փոխվում, որ մարդիկ այլևս չունեն հստակ պատկերացում՝ արդյոք կարելի է վստահել այդ ուժերին, թե ոչ։ Իհարկե, Ժիրայր Սեֆիլյանն իր համախոհների հետ փորձ է կատարում նախաձեռնել քաղաքացիական ընդվզում, որը, ցավոք սրտի, դեռևս չի ստացվում, որովհետև ՀՀ քաղաքացիներին էլ մյուս կողմից ակնկալում են քայլերի, գործողությունների հստակություն, դրա համար քաղաքացիները զգուշավոր են։ Ակնհայտ է, որ ընդդիմադիր կոչվող ուժերի մեջ էլ չկա գաղափարների, մոտեցումների հստակ համագործակցություն, ինչը ազդում է այս իրավիճակի վրա։ Սրանից իհարկե օգտվում է Սերժ Սարգսյանը։
Ի՞նչ առումով է օգտվում, հեշտությամբ կկարողանա «Այո»-ն անցկացնե՞լ։
Միանշանակ է, որ «Այո»-ն անցկացնելու համար պետք է անպայման գնա ընտրությունների արդյունքների կեղծման ճանապարհով, որովհետև տարբեր քաղաքներում տարբեր մարդկանց հետ շփումներում իշխանության ներկայացուցիչները որպես արգումենտ չեն կարողանում ասել, թե ինչի համար է «Այո»։ Այսինքն՝ եթե կա «Ոչ»-ի մի մաս, որ չի կարողանում հիմնավորել՝ ինչու ոչ, որովհետև ասում է՝ քանի որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, պետք է ոչ ասել, մյուս կողմից էլ Սերժ Սարգսյանը իր համախոհներով չունի որևէ փաստարկ՝ հիմնավորելու, թե ինչու պետք է «այո» լինի։ Եվ միանշանակ է, որ մեծ թվով քաղաքացիներ ոչ են քվեարկելու, և «այո» անցկացնելու միակ տարբերակը կեղծիքն է։ Պարզապես Սերժ Սարգսյանը օգտվում է այն հանգամանքից, որ «ոչ»-ի շարժումը ծրագրային, մարտավարական, բովանդակային տեսակետից կազմակերպված չէ։ Եվ իրապես «ոչ»-երն էլ մարդկանց հետ չեն աշխատել։ Եվ մենք գնում ենք իրազեկման, բովանդակային բացատրության, շատերը անտեղյակ են։ Վերջին հաշվով, երկուսուկես միլիոն ընտրողի պարագայում 70.000 սահմանադրական փոփոխությունների նախագիծ տպեցին, Հանրային հեռուստաընկերությամբ բանավիճային հաղորդում որպես այդպիսին չկազմակերպեցին։ Եվ այս հանգամանքից օգտվում է Սերժ Սարգսյանը, պարզապես իրեն ցինիկաբար է պահում։ Խոսքը դիմացինների ոչ գրագետ լինելու հիման վրա կառուցելը քիչ թե շատ իրեն լուրջ համարող մարդուն վայել չէ։
Սերժ Սարգսյանը օրերս հեռուստաընկերությունների հետ ասուլիսի ժամանակ որևէ անդրադարձ չկատարեց այս օրերին Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացներին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։
Իսկ ե՞րբ է Սերժ Սարգսյանը արձագանքել. նույնիսկ մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ, կամ ԼՂ իրավիճակի, կամ ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված, նույնիսկ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հետ կապված՝ բացի Արգենտինայում մեկ-երկու բառից։ Ինքն ընդհանրապես չի արտահայտվում, հանրային առումով առհասարակ որևէ կարծիք կարևոր խնդիրների մասին, որ բոլորիս է հուզում, չի ասում, չի անդրադառնում, բայց հիմնական մեսիջը, հիմնական խնդիրը իշխանությունը պահելու խնդիրն է, այն, ինչ ինքն իր հարցազրույցում կարմիր գծով անցկացրեց։
Ըստ էության, նա հերքե՞լ է իշխանության ներկայացուցիչների կողմից այն հիմնավորումները, որ չի պատրաստվում վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալ սահմանադրական փոփոխություններից հետո:
Նա հստակ պատասխանեց, որ այո, իշխանությունը վերցնելու է, ոչ թե վերցնելու է, այլ չի էլ հանձնելու, պարզապես այլ փաթեթավորմամբ շարունակելու է։ Իսկ ո՞վ էր հավատում, որ նա ասում էր, որ չի հավակնում ոչ վարչապետի և ոչ էլ նախագահի պաշտոնին։ Սահմանադրության այս հանրաքվեն անց է կացվում հանրային ամենացածր իրազեկման պայմաններում։ Բացի այդ, այս սահմանադրական փոփոխությունները նա մեզ պարտադրում է։ Երրորդ՝ խոսելով քաղաքական ուժերի ոչ պատրաստված լինելու մասին՝ նա ցինիկաբար լռում է ԲՀԿ-ի նկատմամբ օրը ցերեկով կատարված ահաբեկչության մասին, երբ ամբողջ պետական ապարատը գործի դրեց մի ամբողջ կուսակցության վերացման համար։ Մինչդեռ Գագիկ Ծառուկյանը ինչո՞վ է պակաս Սաշիկ Սարգսյանից կամ Թոխմախի Մհերից, Լֆիկ Սամոյից կամ գեներալ Մանվելից։ Նույն տիպն են, բայց հիմա ասում է՝ թող զբաղվեն նախնական կուսակցական գրասենյակներ ստեղծելով և այլն։ Դե հենա ԲՀԿ-ն զբաղվում էր, բայց հենց ԲՀԿ-ն, հանձին Գագիկ Ծառուկյանի, իրեն թույլ տվեց հանդես գալ որպես այլընտրանքային ուժ՝ ամենակեղտոտ մեթոդներով գործեց։ Նա վերացական դատողություններ է կատարում, բայց նրան թվում է, թե ինքը բավական խելացի մտքեր է արտահայտում։ Իմիջիայլոց, հենց Սերժ Սարգսյանն էլ երկիրը վերածեց կրկեսի։ Վստահության այնպիսի ցածր մակարդակի է հասցվել քաղաքացիների՝ պետության նկատմամբ հավատը իշխանության անողնաշար գործողությունների հետևանքով, որ մարդանց մոտ հավատ և վստահություն չկա, որ եթե նույնիսկ կարևոր գործողություն էլ կատարեն, ապա դա իրապես ծառայելու է երկրի շահերին և ոչ թե մի խմբի շահերին։ Կատարվում է շատ լուրջ փոփոխություններ հայ-թուրքական սահմանին, ռուս թուրքական հարաբերություններում, Սիրիայում, և եթե այդքան պատասխանատու մարդ է, կարելի էր չէ՞ ԱԺ նիստ հրավիրել, ասել, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում, բայց այդ մարդը լռում է, չի մտածում այդ ուղղությամբ, մտածում է իշխանությունը պահելու մասին։ Սա երբևէ ունեցած ամենաանպաասխանատու իշխանության մասին է վկայում։
Այս իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։ Հրապարակում այսօր հնչում են կոչեր՝ նոր տարուն նոր Հայաստան, հեղափոխությունը սկսվել է և այլն։
Ցանկացած ընդվզում և անհամաձայնություն, պրոտեստ, որն ապօրինության դեմ է, միայն պետք է ողջունել, որովհետև միայն այդ պարագայում կարող ենք խոսել, որ կա հնարավորություն, որպեսզի վիճակը ավելի չվատանա կամ հնարավորություն, որ իրավիճակը կարելի է փոխել, որովհետև լռության մատնել այս իրավիճակը, նշանակում է հաշտվել վախճանի հետ։ Կարծում եմ անթույլատրելի է նման մոտեցումը։ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը թատրոն էր ցույց տալիս, այլապես կարող էր շատ ավելի թափանցիկ լինել։ Այդքան լրագրողներ կան, այդ դեպքում ինչո՞ւ այդ լրագրողներին և ոչ թե մյուսներին, չէ որ այդքան լրատվամիջոց կա Հայաստանում։ Վերջին հաշվով, նման թատերական ներկայացումներով փորձում են սեփական գործողությունների լեգիտիմացումը ապահովել՝ ելնելով այն բանից, որ դիմացիններդ քիչ լեգիտիմությունն ունեն, դա բարոյական չէ։
Աղբյուրը՝ lragir.am