«Պատերազմ չի սկսվի. Ղարաբաղի խնդիրը թեժացնելը չի բխում որեւէ ուժային կենտրոնի շահերից»
23:28, January 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը 1in.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, վստահեցրել է՝ «Պատերազմ չի լինելու»:
Մինչդեռ շատ փորձագետներ, քաղաքական գործիչներ հակակրական են պնդում՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններն անխուսափելի են:
Aravot.am-ն պարոն Սաքունցին խնդրեց մեկնաբանել, թե ի՞նչ հիմքեր ունի վստահեցնելու, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում պատերազմական գործողություններ չեն լինի:
«Նախ՝ ապրիլյան պատերազմի չորս օրվա գործողությունների ընթացքը ցույց տվեց, որ նույնիսկ այդ 800 հեկտար հողերի զիջման փաստը, որ ադրբեջանական կողմը, չնայած իր սպառազինություններում երկարաժամկետ եւ մեծածավալ ներդրումներին, այնուամենայնիվ, չունի ներուժ հաղթահարելու պատերազմը: Այսինքն ՝ անընդհատ, որ խոսում էին ռազմական ճանապարհով հարցի լուծման մասին, այդ փորձարկումը, որը կատարվեց, ձախողված եմ համարում: Սրան գումարած՝ Ադրբեջանի տնտեսության շատ վատ վիճակը: Այսինքն՝ տնտեսական այն կարողությունները, որոնց հիման վրա երկար ժամանակ ռազմական հռետորիկան փոխվել էր, դրա համար հիմա պատշաճ հիմքեր չունի Ադրբեջանը: Նաեւ գումարած նավթի գների անկումն ու իր տնտեսական ռեսուրսների սահմանափակության հետեւանքով»,-այսպես հիմնավորեց Սաքունցը:
Պարոն Սաքունցի հիմնավորումներից է նաեւ միջազգային հանրության արձագանքը ապրիլյան պատերազմի հետ կապված. «Միանշանակ են միջազգային հանրության խիստ բացասական գնահատականները այդ պատերազմական գործողություններին: Այն իմաստով, որ պատերազմը, որպես հարցի լուծման միջոց, հավանություն չստացավ: Ավելին, իր ներքին խնդիրների պարագայում, նկատի ունեմ՝ քաղբանտարկյալներ, հետապնդումներ, ժողովրդավարական հաստատություններից ակնհայտ նահանջը: Այս ամենը Ադրբեջանի իշխանություններին ամենեւին լավ տեսքով չի ներկայացնում միջազգային արենայում»:
Պատերազմի չսկսվելու Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ մի կարեւոր հանգամանք կա՝ ներկայումս առաջին պլան է մղված Կրեմլ-Վաշինգթոն նոր հարաբերությունների ձեւավորման անհրաժեշտությունը: Այսինքն՝ Թրամփի ընտրվելուց որոշ ժամանակ է պահանջվում այդ հարաբերությունները հստակեցնելու համար. «Օբաման իր վարչակազմով հստակ գիծ ուներ, հիմա հայտնի չէ ԱՄՆ-ի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ: Իհարկե, Ռուսաստանը մի կողմից կփորձի իր համար աշխարհաքաղաքական բարենպաստ դիրքեր գրավել օգտվելով անցումային ժամանակաշրջանից: Մյուս կողմից էլ՝ չի համարձակվի կտրուկ գործողությունների դիմել, որոնք հայտնի չէ, թե ինչպիսի արձագանք կունենա ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից: Որովհետեւ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ուղղությունը դեռ հայտնի չէ: Սա կարեւոր է, որովհետեւ ՌԴ-ն որոշիչ գործոն է Ղարաբաղյան հակամարտության խնդրում, իսկ նա չի կարող միայնակ կտրուկ քայլեր անել, որի դրսեւորումներից են լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ մինչեւ չունենա որոշակի պատկերացում, թե ինչպիսին է ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումները: Այս առումով, սա զսպող գործոն է լինելու: Իսկ սա բավական երկար ժամանակ է պահանջելու՝ մինչեւ «ռեսթարթ» արվեն իրենց հարաբերությունները» Իրավապաշտպանի կարծիքով՝ Հայաստանն էլ ռեսուրսներ չունի սկսելու ռազմական գործողություններ կամ լարվածությունը մեծացնելու. «Այնպես որ, չնայած բոլոր գնահատականներին, իսկ այդ գնահատականները զուտ ապրիլյան պատերազմի հետ կապված առաջին ընկալումներն են, չեմ կարծում, որ լայնածավալ ռազմական գործողություններ լինելու են: Առնվազն այս տարի այդպիսի բան չի լինի»:
Պատերազմը բացառելու Սաքունցի մեկ այլ հիմնավորումներից է այն, ինչպես ինքն ասաց՝ Ղարաբաղի խնդիրը թեժացնելը չի բխում որեւէ ուժային կենտրոնների շահերից, որովհետեւ արդեն իսկ գոյություն ունեցող թեժ կետերը՝ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, եւ արդեն Թուրքիա, բավարար են, ու արթնացնել նոր թեժ կետ, ձեռնտու չէ նրանց. «Դա չի բխում նրանց շահերից ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը հակված չէ թեժացնելու, հակառակը, Ռուսաստանի միակ գործիքը մնացել է լարվածություն առաջացնելը, բայց նորից եղած թեժ կետերին ավելացնել մեկը, նրա ուժերից վեր է: Այստեղ ակամա գոյություն ունի տարածաշրջանի մակարդակով Հայաստան-Ադրբեջան, նաեւ մեծ առումով ԱՄՆ-ՌԴ հավասարակշռություն: Ռուսաստանն էլ տնտեսական լավ վիճակում չէ: Այնուամենայնիվ, Ղարաբաղը չի այն խնդիրը, որի հիման վրա Ռուսաստանը կարող է փորձել լարվածության նոր կետ առաջացնել՝ չլուծելով մյուս թեժ կետերում իր դիրքավորման խնդիրները»: