ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց
17:39, February 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն2016 թ. փետրվարի 4-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Ռ. Մխիթարյանի, կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության դեմ ներկայացված բողոքի քննությունը: Նշված բողոքով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պահանջել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը և պարտավորեցնել կազմակերպության 2015 թ. դեկտեմբերի 10-ի հաղորդման հիման վրա կայացնել որոշում ու այն տրամադրել Կազմակերպությանը:
Բողոքի քննությանը մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը և ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Տիգրան Խաչիկյանը:
Նախագահող դատավորի և դատական նիստերի քարտուղարի մասնակցությունը բացառող հանգամանքների բացակայությունը պարզելուց հետո, Դատարանն անցավ բողոքի քննությանը:
Ա. Սաքունցը նշեց, որ 2015 թ. դեկտեմբերի 10-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ հանրաքվեի արդյունքները մի շարք տեղամասերում կեղծելու վերաբերյալ: Մասնավորապես, հաղորդմամբ կասկած էր հայտնվել, որ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ 60 տոկոս և ավելի մասնակցություն գրանցած տեղամասերում եղել է կամ լցոնում, կամ բացակա անձանց փոխարեն քվեարկություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, Կազմակերպության բողոքից հետո գրությամբ հայտնել էր, որ կազմակերպության գրության մեջ կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկություն չկա, որն անհրաժեշտ պայման է՝ ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարելու համար:
Ա. Սաքունցը վկայակոչեց ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը, որոնք պարտադիր են համարում հաղորդման հիման վրա որոշման կայացումն ինչպես քրեական գործ հարուցելու, այնպես էլ քրեական գործի հարուցումը մերժելու դեպքում: Ա. Սաքունցը նշեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության գրությամբ հայտնվել է, որ հաղորդմանը կից ներկայացված նյութերը մանրամասն ուսումնասիրվել են և եզրակացություն է կատարվել, որ բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ըստ Ա. Սաքունցի՝ միայն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով որոշման կայացման դեպքում հաղորդում ներկայացրած անձը կարող էր տեղեկանալ ձեռնարկված գործողությունների մասին և անհրաժեշտության դեպքում բողոքարկել կայացված որոշումը: Բացի դրանից՝ Ա. Սաքունցը գտավ, որ հաղորդման քննարկման շրջանակներում առնվազն մեկ տեղամասում կարող էին ստուգվել ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների տվյալ անձանց կողմից կատարելու փաստը, որը կվկայեր օբյեկտիվ և լրիվ քննության ապահովման մասին:
ՀՀ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Տ. Խաչիկյանը նշեց, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունն առարկում է ներկայացված բողոքի դեմ, քանզի հանցանքի մասին հաղորդում ներկայացնելը դեռևս չի նշանակում, որ դա առերևույթ հիմնավոր կասկած է պարունակում կատարված հանցագործության մասին, իսկ Հանրաքվեի ժամանակ 50-60 տոկոս մասնակցության շեմի գրանցումը չի կարող դիտվել որպես առերևույթ կասկած՝ հանցագործություն կատարված լինելու մասին: Տ. Խաչիկյանը վկայակոչեց ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ անձի դիմումը կարող է դիտվել որպես հանցագործության մասին հաղորդում, եթե կոնկրետ հանցագործության տարրեր է պարունակում:
Այնուհետև Ա. Սաքունցը նշեց, որ բոլոր դեպքերում ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր կայացնել որոշում, մինչդեռ Կազմակերպությանն ընդամենը պատասխանվել է գրությամբ:
Տ. Խաչիկյանն իր հերթին նշեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարել գրությամբ պատասխանելն այն դեպքում, երբ գրությունը հանցագործության տարրեր չի պարունակում:
Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը պարզեց, թե արդյոք Ա. Սաքունցը վերադասության կարգով բողոքարկել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Ա. Սաքունցը նշեց, որ ներկայացվել է բողոք ՀՀ Գլխավոր դատախազություն, որին ի պատասխան՝ տրամադրվել է նույնաբովանդակ պատասխան, և Դատարանին տրամադրեց վերադասության կարգով ներկայացված բողոքի ու ստացված պատասխանի օրինակները:
Այնուհետև դատարանը հարցրեց կողմերի կարծիքը՝ բողոքի քննությանը ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցչին ներգրավվելու վերաբերյալ:
Ա. Սաքունցը չառարկեց, սակայն միաժամանակ նշեց, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը նույնաբովանդակ մոտեցում է ցուցաբերել և նրա ներգրավումը չի կարող էական նշանակություն ունենալ: Տ. Խաչիկյանը նույնպես առարկություններ չներկայացրեց և հարցի լուծումը թողեց Դատարանի հայեցողությանը:
Նախագահող դատավոր Ռ. Մխիթարյանը որոշեց բողոքի պատճենն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հնարավորություն տալով ՀՀ Գլխավոր դատախազությանը մասնակցել բողոքի քննությանը:
Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. փետրվարի 18-ին՝ ժամը 16:30-ին:
Տես նաև՝ hcav.am