Գայանե Առուստամյանի գործով դատաքննությունը կշարունակվի
14:24, March 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Գայանե Առուստամյան2016 թ. մարտի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Գայանե Առուստամյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործի քննությունը:
Դատական նիստը կայացավ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի ավագ իրավախորհրդատու Սոնա Մելիքյանի և գործով պատասխանող ու հակընդդեմ հայցվոր Գ. Առուստամյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Դատարանն ուսումնասիրեց հայցվորի կողմից դատարան մուտքագրված բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանի պատճենը, ըստ որի՝ Գ. Առուստամյանը ձերաբալվել է 20:55-ին և ազատ արձակվել 23:55-ին:
Դատական նիստին Գ. Առուստամյանի ներկայացուցիչը ներկայացրեց հակընդդեմ հայցադիմումի հստակեցված պահանջը, որով խնդրեց ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ոստիկանության՝ սուլելու, Գ. Առուստամյանին չներկայանալու, վիրավորելու, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու կարգի խախտման, ձերբակալման կարգի խախտման, առանց Գ. Առուստամյանի համաձայնության՝ նրան տեսանկարահանելու գործողությունները, որոնք հանգեցրել են Գ. Առուստամյանի՝ խոշտանգումներից, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, անձնական ազատության և անձեռնմխելիության ու ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը: Այնուհետև Տ. Սիրադեղյանը Դատարանին տրամադրեց նաև նախորդ նախնական դատական նիստի ընթացքում ներկայացված՝ Գ. Առուստամյանի հոգեբանական հետազոտության հավաստիությունը փաստող մի քանի փաստաթղթեր:
Դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշեց սկսել դատաքննությունը:
Դատաքննության ընթացքում բացման խոսքերով հանդես եկան դատավարության մասնակիցները:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանն իր բացման խոսքում նշեց, որ 2015թ. մայիսի 7-ին՝ 20:00-ի սահմաններում, ՀՀ Ոստիկանոթյան ՊՊԾ գնդի ծառայող Դ. Պիլիպոսյանը ծառայություն է իրականացրել Օպերայի տարածքում և փորձելով կանխել կարմիր գույնի լուսային ազդանշանի դեպքում դիմացի մայթից կին հետիոտնի փողոց անցնելը՝ սուլել է սուլիչով: Այդ ժամանակ մեկ այլ կին «ինչու ես սուլում այ էշ» արտահայտությամբ վիրավորել է ծառայություն իրականացնող ոստիկանին: Այնուհետև, ըստ ՀՀ Ոստիկանության, Գ. Առուստամյանը շարունակել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել, չի կատարել այդպիսի վարքագիծը դադարեցնելու մասին հորդորները: Հայցվորի ներկայացուցիչը նշեց, որ քանի որ տեղում հնարավոր չի եղել կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, Գ. Առուստամյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին, և ինչպես ձերբակալումը, այնպես էլ վարչական վարույթը կատարվել են սահմանված պահանջների պահպանմամբ: ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Ս. Մելիքյանը, գտավ, որ Գ. Առուստամյանը կատարել է վարչական իրավախախտում, և խնդրեց նրան ենթարկել վարչական պատասխանատվության՝ հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելու համար:
Պատասխանող և հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը որոշ հարցեր ուղղեց ՀՀ Ոստիկանության ներկայացուցչին, որից հետո ներկայացրեց իր առարկությունները հայցադիմումի դեմ: Մասնավորապես, Տ. Սիրադեղյանը նախ հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ վիրավորանքը քաղաքացիաիրավական հարաբերություններին բնորոշ ինստիտուտ է, և անձը չի կարող դրա համար ենթարկվել վարչական պատասխանատվության, այնուհետև նշեց, որ տվյալ դեպքում, բացակայում է նաև իրավախախտման սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը՝ մեղքը, քանի որ Գ. Առուստամյանը մինչ «վիրավորական արտահայտություն» հնչեցնելը չի իմացել, որ վիրավորանքը հասցնում է ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի, ով այդ պահին կատարում է հասարակական կարգի պահպանություն պարտականություններ: Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց նաև հայցադիմումի ոչ բավարար չափով հիմնավորվածության վերաբերյալ և խնդրեց մերժել ներկայացված հայցադիմումը:
Այնուհետև Գ. Առուստամյանի ներկայացուցիչը ներկայացրեց հակընդդեմ հայցադիմումի փաստական և իրավական հիմնավորումները, որով հիմնավորումներ ներկայացվեցին ՀՀ Ոստիկանության աշխատակիցների կողմից Գ. Առուստամյանի՝ խոշտանգումներից, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ինչպես նաև ազատ տեղաշարժի իրավունքները խախտելու վերաբերյալ:
Հակընդդեմ հայցադիմումով Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողն իրավունք չուներ նման դեպքում սուլիչ օգտագործելու, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքից բխող գործողություններ կատարելու իրավասությունը կրում է ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը:
Տ. Սիրադեղյանը ներկայացրեց նաև ընթացակարգային նորմերի խախտումների վերաբերյալ պնդումներ, այն է՝ Գ. Առուստամյանին չներկայանալու, ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերը չներկայացնելու, ձերբակալելու հիմքերը չներկայացնելու, նրան առանց համաձայնության տեսանկարահանելու, անհիմն ազատությունից զրկելու վերաբերյալ: Արդյունքում Տ. Սիրադեղյանը խնդրեց բավարարել ներկայացված հակընդդեմ հայցադիմումը:
Գ. Առուստանմյանի ներկայացուցչին որոշ հարցեր ուղղեց հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը, որից հետո, աշխատանքային օրվա ավարտի պատճառով Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2016 թ. ապրիլի 19-ին՝ ժամը 16:00-ին:
Տես նաև՝ aravot.am