Գունավոր քվեարկությունը որպես ձայների առուվաճառքի և ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց
15:25, March 5, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքՀայաստանի ընդդիմադիր և փորձագիտական շրջանակներում կառավարության պաշտոնական կայքում հրապարակված ԸՕ-ի նախագծին քննադատաբար են մոտենում:
Ընդդիմությունը հայտարարում է, որ ներկայացված պահանջները, որոնք երաշխիք էին ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար, հաշվի չեն առնվել: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարում են, որ նախագծում առկա են դրույթներ, որոնք ընտրական իրավունքի նկատմամբ ենթադրում են իշխանությունների կողմից վերահսկողություն, բացի այդ, նախագիծը գրելիս հաշվի չեն առնվել ԵԱՀԿ ԺՄԻԳ պահանջները:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նախ անդրադարձավ, այսպես ասած, «գունավոր քվեարկության» նորամուծությանը, համաձայն որի խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համար տպագրվելու է առանձին քվեաթերթիկ: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության քվեաթերթիկն իր գույնով պետք է ակնհայտորեն տարբերվի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների քվեաթերթիկներից:
Սա Սաքունցը համարում է իշխանությունների կողմից քվեարկությունը վերահսկելու հին մեթոդի նորովի գործարկում:
«Պետք է հիշենք, որ ժամանակին կար այդպիսի քվեարկության ձև, երբ ընտրողը կարող էր իր նախասիրած նշանը կատարել համապատասխան թեկնածուի կամ կուսակցության անվան դիմաց, և դա շատ հստակ միջոց էր, որպեսզի վերահսկելի դարձներ ընտրողի քվեարկությունը: Այսպես, կարող էին ցանկացած նշան դնել վանդակում՝ պլյուս, մինուս, խաչ, որոնցով արդյունքների ամփոփման ժամանակ կերևար, թե քանի հոգի է հրահանգ կատարել:
Սա վերացվեց, դրվեց միատեսակ նշանի գաղափարը, որի միջոցով նման վերահսկողությունը բացառվեց:
Հիմա սա նշանակում է՝ ոչ թե հետ ենք գնում, այլ վերականգնում ենք ընտրողի կողմից քվեարկության ընտրության նկատմամբ վերահսկողության ինստիտուտը, որը մեր ընտրական պրակտիկայում վերացվել էր»:
Ըստ իրավապաշտպանի՝ սա ոչ միայն հնարավորություն է ստեղծում ձայների առուվաճառքի, այլև կգործի ահաբեկման, ստիպելու, ճնշելու մեթոդները հատկապես պետական կառույցներում աշխատողների պարագայում:
Նախագծով առաջարկվում է նաև քվեարկության կարգի փոփոխություններ: Ընտրատեղամասում միաժամանակ չի կարող գտնվել 8-ից ավելի տեղացի դիտորդ ու լրատվամիջոցի ներկայացուցիչ: Եթե գործող օրենսգրքով դիտորդական առաքելության իրավունք ունեն նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունները, ապա նոր նախագծով նման դրույթ նախատեսված չէ:
Դիտորդների ու վստահված անձանց մասով կա ևս մեկ նորամուծություն․եթե գործող օրենսգրքով նրանց ընտրատեղամասից կարելի էր հեռացնել միայն կալանքի կամ ձերբակալության դեպքում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տալ նաև ընտրահանձնաժողովի նախագահին, եթե դիտորդը կամ վստահված անձը խախտի Ընտրական օրենսգրքի պահանջները:
Ըստ Սաքունցի՝ անտրամաբանական է դիտորդի կամ ԶԼՄ ներկայացուցչի՝ տեղամասում գտնվելու սահմանված թվի մասին դրույթը, քանի որ ԿԸՀ-ն անարգել հավատարմագրում է իրականացնում.
«Վերջին հաշվով՝ նաև օրենքի նախագիծը չի տալիս պատասխան, թե ինչպես է որոշվելու՝ որ 8 հոգին է մնալու տեղամասում. դա վիճակահանությա՞մբ է լինելու, այբբենական կարգո՞վ է լինելու, հանձնաժողովի նախագահն է որոշելու:
Վտանգավոր է նաև ան, որ, ըստ էության, ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմնի որոշումը կարող է սահմանափակել տեղամասային հանձնաժողովի նախագահը: Այսինքն, նա՝ տեղամասային հանձնաժողովի նախագահը, կարող է հավատարմագրված լրագրողների կամ դիտորդական առաքելություն իրականացնող անձի գործողությունները կասեցնի, սահմանափակի, սա ընդհանրապես արտառոց նորություն է»:
Իրավապաշտպանի խոսքերով՝ ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի հրահանգները ևս անուշադրության է մատնել իշխանությունը:
«ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը հստակ է ներկայացրել, որ գրանցամատյաններից, որտեղ ընտրողների կողմից ստորագրություն է դրվում, թույլատրելի է տեղեկատվություն ստանալը կամ ձեռք բերելը, և այն չի հանդիսանում միջազգային իրավունքի խախտում: Այսինքն, թե ԺՄԻԳ-ը գտել է, որ դա պետք է խրախուսել, որ մարդիկ կարողանան այդ գրանցամատյաններից տեղեկություն ստանալ, թե ովքեր են եկել, ովքեր են քվեարկությանը մասնակցել:
Չնայած դրան՝ նախագծի հեղինակները դրան էլ չեն անդրադարձել, ընդհանրապես ուշադրություն չեն դարձրել և հաշվի չեն առել ԺՄԻԳ-ի այս վերջին զեկույցում առկա մոտեցումները»: