Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժիշկը շարունակում է չընդունել մեղքը
18:21, May 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Կյանքի իրավունք, Պացիենտների իրավունքներ | Կարինե Հովհաննիսյան2016 թ. մայիսի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ Վահե Խալաթյանի, շարունակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող, Արմավիրի ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատաքննությունը:
Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը:
Այս դատական նիստին կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալ Ա. Պետրոսյանին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ավարտվեց ամբաստանյալի հարցաքննությունը, և գործի քննությունը վերահսկող դատախազ Գ. Ալոյանի աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Հատկանշական է, որ կողմերի հարցադրումներին ամբաստանյալ Ա. Պետրոսյանը հեգնական և անհարգալից տոնով էր պատասխանում, ինչի պատճառով էլ կողմերը բազմիցս նկատողություն արեցին նրան:
Ամբաստանյալը ևս մեկ անգամ հաստատեց, որ չի ընդունում իր մեղքը երեխաների մահվան մեջ՝ ընդգծելով, որ մի դեպքում երեխայի մոտ ախտորոշվել է տոքսիկ շոկ, որն անդառնալի երևույթ է, իսկ մյուս դեպքում երեխան մահացել է դեպքից 17 օր հետո «Սուրբ Աստվածամայր» կլինիկայում:
Այնուհետև հարցաքննվեցին պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված վկաներից երկուսը. երրորդ վկան առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատական նիստին, և պաշտպանական կողմը անհրաժեշտ չհամարեց լսել վերջինիս հաջորդ դատական նիստին՝ հրաժարվելով այդ վկայի մասով ներկայացված միջնորդությունից:
Դատակոչված վկաների թվում էր նաև Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, որի՝ որպես վկա դատարան հրավիրելը անհասկանալի էր այնքանով, որ վերջինս գործի վերաբերյալ որևէ էական տեղեկատվության չէր տիրապետում, կարող էր պատասխանել միայն երեխաների վիճակի և իրականացված գործողությունների վերաբերյալ հարցերին: Ա. Ասոյանը նշեց, որ համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ, և Ա. Պետրոսյանի գործողությունները մեծ մասամբ եղել են ճիշտ:
Նշենք, որ փորձագետի պնդմամբ՝ Ա. Պետրոսյանը պատշաճ չէր կատարել մասնագիտական պարտականությունները, ինչն էլ առաջացրել էր բուժվող հիվանդների մահ:
Չնայած դրան՝ պաշտպանական կողմի դիտարկմանը, թե Արա Ասոյանին հարցեր կուղղի ոչ թե փաստաբանը, այլ՝ ամբաստանյալը, վկան հակադարձեց՝ «Մնում էր ինքը հարցեր ուղղեր ինձ»:
Ապա Ա. Ասոյանը ամբաստանյալին հորդորեց հոխորտալով չպատասխանել հարցերին և չլարել իրավիճակը:
Այնուամենայնիվ Արա Ասոյանն իր ցուցմունքներով ակնհայտ նպատակ ուներ պաշտպանելու ամբաստանյալին:
Հարցաքննվեց նաև դատակոչված երկրորդ վկան, որը Բամբակաշատ գյուղի բժիշկն է, և առաջին բուժօգնություն ստանալու նպատակով Կարինե Հովհաննիսյանի հարազատները նրան են դիմել, ապա՝ վերջինիս հորդորով երեխային տեղափոխել են Արմավիրի ԲԿ: Երկրորդ վկան ևս գործի ելքի համար որևէ էական նշանակություն ունեցող տեղեկատվության չէր տիրապետում:
Հաջորդ դատական նիստը նշանակված է 2016 թ. մայիսի 18-ին՝ ժամը 11:30-ին, որի ընթացքում կողմերը հանդես կգան դատական ճառերով:
Տես նաև՝ azatutyun.am