Նախագահը ներում շնորհում է իր մերձավորներին կամ նրանց ազգականներին. Ավետիք Իշխանյան
10:44, May 5, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄինչ ամանորի գիշերը տոնածառ տեղադրելու համար քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին ազատազրկում են 2,5 տարի եւ ոչ մի դատարան չի վերացնում կալանքը, երեկ նախագահ Սերժ Սարգսյանի ներմամբ ազատ է արձակվում «Վերնիսաժի» կրակոցների գործով 6,5 տարվա ազատազրկման դատապարտված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ որեւէ սահմանափակում չկա ներման խնդրագրով դիմելու համար, սակայն նախագահը այդ ինստիտուտը կիրառելու ժամանակ պետք է հաշվի առնի հանրային վտանգավորությունը, շահը, տարբեր հանգամանքներ կան. «Ես ինչքան հիշում եմ՝ նախագահի ներմամբ ազատ արձակվեց մի Հովհաննիսյան, մի տարի ընդամենը ազատազրկման մեջ եղավ։ Որպեսզի իմանաք Սերժ Սարգսյանը, տվյալ դեպքում ներման առումով, քանի դիմում է ստացել, քանիսը եւ ո՞ր դեպքերում է բավարարվել։ Դա գաղտնիք չի, այդ ամբողջական պատկերի դեպքում կարող ենք հստակ եզրակացություն կատարել։ Տպավորություն է, որ խիստ ընտրողաբար մոտեցում կա եւ սովորաբար կիրառվում է նախկին պաշտոնյաների կամ նրանց կողմից հովանավորություն ունեցած անձանց նկատմամբ»։
Իրավաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ նախագահի ներում շնորհվել է Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արմեն Սարգսյանին, որը ազատազրկման էր դատապարտվել 15 տարի ժամկետով, մեղադրվում էր Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ, Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղային, եւ երրորդը՝ Կարո Կարապետյանի փեսային. «Ներում շնորհվում է նրանց կամ նրանց ազգականներին, ովքեր նրա մերձավոր շրջապատից են։ Կան անձիք, ովքեր արել են ոչ ծանր հանցագործություններ, դիմում են նախագահին դրա համար, սակայն որեւէ մեկը չի ներվում։ Իմ կարծիքով՝ Վազգեն Սարգսյանի եղբորը ներում շնորհելը դա քաղաքական նպատակ էր հետապնդում, Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղային ներում շնորհեց, քանի որ մերձավոր մարդ է, նույնը վերաբերում է նաեւ այս վերջինին։ Ներման ինստիտուտը Հայաստանում, որը բացառիկ իրավասությունն է նախագահի, կիրառվում է ընտրողաբար, ինչպես արդարադատությունն է լինում Հայաստանում»։
2015թ. հոկտեմբերի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր վեցուկես տարվա, նույն գործով ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը` 3 տարվա, Նորայր Մելքոնյանը` 2 տարվա ազատազրկման:Գոռ Առաքելյանը մեղադրվում էր ապօրինի կերպով «Մակարով» տեսակի ատրճանակ ու փամփուշտներ ձեռք բերելու և պահելու մեջ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Առաքելյանը, հիշյալ զենքի գործադրմամբ, 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև, անուղղակի դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ էր հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: