Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության
17:23, July 5, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ջ. Բ. Օզկիրիսյան (Շանթ Ոսկերչյան)Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Վարչական դատարանում կքննվի Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության:
Հիշեցնենք, որ սույն հայցով հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը պահանջել էին ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Նախորդ դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանը դատարան ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրությունն այն մասին, որ 2016 թ. ապրիլի 25-ին Ժ. Օզկիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը որոշեց այդ մասով կարճել գործի վարույթը: