Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել մարտի 23-ի հավաքի մասնակցին
18:56, September 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Ս. Հովակիմյանի, կայացավ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժակետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտի 23-ին, կազմակերպված հավաքի մասնակից Նաիրա Բադալյանի դեմ ՀՀ Ոստիկանության ներկայացրած հայցի քննությունը, որով պահանջվել է Ն. Բադալյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:
Նշենք, որ հավաքի մի շարք մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Ինչից հետո բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:
Նախնական դատական նիստը կայացավ ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանի, պատասխանող Նաիրա Բադալյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի մասնակցությամբ:
Նախագահող դատավոր Ս. Հովակիմյանը, նշելով, որ առաջին նախնական դատական նիստը հետաձգվել է Ն. Բադալյանին փոստով ուղարկված նամակը հետ վերադարձնելու պատճառով, նամակը հանձնեց նրան:
Հայցվորի ներկայացուցիչ Ս. Մելիքյանը, ներկայացնելով հայցի առարկան և հիմքերը, նշեց, որ պատասխանողը մասնակցել է 2016 թ. մարտի 23-ին կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի մասնակիցները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, այնուհետև չեն կատարել փողոցը բացելու և հավաքի բնականոն ընթացը չխոչընդոտելու՝ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների պահանջները, ինչի պատճառով էլ բերվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին:
Դատարանի հարցին ի պատասխան՝ պատասխանողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն արձանագրեց, որ գործը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը պատասխանող կողմը փաստացի ստացել է այս դատական նիստի ընթացքում, ուստի՝ հայցադիմումի պատասխան կներկայացնի սահմանված երկշաբաթյա ժամկետում և այդ հիմքով միջնորդեց հետաձգել դատական նիստը:
Հաջորդիվ հայցվոր կողմը որպես լրացուցիչ ապացույց դատարան ներկայացրեց բերման ենթարկված անձանց հաշվառման մատյանից կատարված քաղվածքը և դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները՝ էլեկտրոնային կրիչով:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2016 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին: