Քաղաքացիական անհնազանդությունը պատմության շարժիչ ուժն է. իրավապաշտպան
19:00, November 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Շանթ Հարությունյան, ՔաղբանտարկյալներՔաղաքացիական անհնազանդություն ասվածը Հայաստանում նոր երևույթ է, որն ամրագրում է՝ քաղաքացու ընդվզումը հակաիրավական օրենքների դեմ: Այս պրակտիկան, սակայն, ի տարբերություն Հայաստանի՝ նոր չէ աշխարհի մի շարք երկրներում:
«Քաղաքացիական անհնազանդության իրավունք» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ (քննարկումը նվիրված էր Շանթ Հարությունյանի՝ անազատության մեջ 1 տարի գտնվելու հանգամանքին) այս մասին ասաց Հելսինկյան քաղաքաացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ նկատելով, որ անձն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայանցնել, իր կարծիքն ազատ արտահայտել և անհրաժեշտության դեպքում` ընդդիմանալ անարդարության դեմ:
Նրա խոսքով` քաղաքացիական անհնազանդությունը պատմության շարժիչ ուժն է: «Եթե չլիներ քաղաքացիական անհնազանդություն ասվածը, բռնապետությունները հարատև կլինեին: Ինչ վերաբերում է կոնկրետ մեզ, ապա Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցումը կբերի քաղաքացիական անհնազանդության պրակտիկայի ճնշման, մինչդեռ Արևմուտքում քաղաքացիական անհնազանդությունը բարձր արժեք է»,- ասաց նա:
Քննարկման մյուս բանախոս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի օրենսդրական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չիլինգարյանն էլ իր հերթին նկատեց, որ յուրաքանչյուր երկրի կառավարությունը պետք է ստեղծի իրավունքի այնպիսի գերակայություն, որ անձը չդիմի իր իրավունքների պաշտպանության քաղաքացիական անհնազանդ գործողությունների:
«Քաղաքացիական անհնազանդությունն անհրաժեշտ է տարբերակել բողոքի այլ միջոցներից, ինչպիսին օրինակ` հեղափոխությունը կամ սահմանված կարգերը խախտելն է: Բացի այդ, քաղաքացիական անհնազանդության գործողությունները պետք է ունենան իրենց հիմնավորումները»,- նշեց նա:
ՄԻՊ գրասենյակի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցն էլ նկատեց, որ քաղաքացիական անհնազանդության մի շարք միջոցառումների ժամանակ ոստիկանությունն ակնհայտ բռնի ուժն է կիրառել:
«Ոստիկանության գործողությունները շատ դեպքերում խիստ խնդրահարույց են: Ոստիկանությունը պետք է լինի աջակցող մարմին, և ոչ թե խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրող ուժ»,- ասաց նա:
Քննարկաման կազմակերպիչները հիշեցրեցին, որ վերջին 2 տարիների ընթացքում մեր երկրում տեղի են ունեցել քաղաքացիական անհնազանդության մի շարք միջոցառումներ՝ «Վճարում ենք 100 դրամ», «Դ!եմ եմ» , «Մաշտոցի պուրակ», «Բանակն իրականում», «Դո՛ւրս մեր գրպաններից», հղիների՝ իրենցիրավունքների համար պայքարը և վերջապես Շանթ Հարությունյանի և նրա ընկերների «Արժեքների հեղափոխությունը»: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին Շանթ Հարությունյանը նստացույց սկսեց Ազատության հրապարակում, իսկ նոյեմբերի 5-ին ձեռնարկեց «Դիմակների երթ»: Սակայն երթը խափանվեց ոստիկանների հետ բախման արդյունքում, այնուհետ ոստիկանները բերման ենթարկեցին Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին՝ թվով 38 հոգու:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Այս մասին նաև՝ www.a1plus.am