Ոստիկանությունը պետք է լինի աջակցող մարմին, և ոչ թե խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրող ուժ. Քաղաքացիական անհնազանդության իրավունք թեմայով քննարկում
20:55, November 5, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք | Շանթ Հարությունյան, Ոստիկանություն, ՔաղբանտարկյալներՄեկ տարի առաջ նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանն իր մի խումբ համախոհների հետ Գայ Ֆոքսի դիմակներով Ազատության հրապարակից շարժվեց դեպի նախագահական նստավայր, սակայն Մաշտոցի պողոտայում Ոստիկանության հետ բախումների արդյունքում կալանավորվեց և դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Նրա հետ կալանավորվեցին նաև Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վահե Մկրտչյանը, Հայկ Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը եւ Սեւակ Մնացականյանը, ովքեր 2014 թ. հոկտեմբերի 17-ի դատարանի որոշմամբ տարբեր պատժաչափերով ազատազրկման դատապարտվեցին:
Այս իրադարձություններից մեկ տարի անց «Անի Պլազա» հյուրանոցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ հավաքվել էին մի խումք քաղաքացիական ակտիվիստներ և փորձում էին ապացուցել, որ Շանթն ու իր համախոհներն ունեին քաղաքացիական անհնազանդության իրավունք: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների և նախաձեռնությունների բաժնի համակարգող Անահիտ Չլինգարյանը ներկայացրեց համաշխարհային պատմությունից բազմաթիվ օրինակներ, ցույց տալով, թե ինչպես և որ երկրում քաղաքացիական անհնազանդությունն ինչպիսի դրսևորումներ է ունեցել, կամ ինչ հաջողություններ է արձանագրել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ կարծիք հայտնեց, թե «Խորապես համոզված եմ, որ մենք մեկ-երկու անգամ չենք առիթ ունենալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների և երևույթի հետ առնչվելու: Հունվարի 1-ից սկսած խնդիրն առավել արդիական է դառնալու, երբ նոր քաղաքակրթական միջավայր կընդգրկվենք, որը քաղաքացիական անհնազանդության նկատմամբ ավելի լավ վերաբերմունք ցույց չի տալիս, քան եվրոպական երկրները»:
Քննարկմանը ցուցադրվեց լրագրող Գայանե Առուստամյանի հեղինակած «Շանթ» տեղեկատվական-փաստագրական տեսահաշվետվությունը: Մինչ ֆիլմի դիտումը նա ասաց. «Ֆիլմում օգտագործված կադրերը նայելով՝ ես վերհիշում էի ոչ թե անհնազանդության գործընթացը, այլ իշխանությունների և ոստիկանության կողմից կազմակերպված այն որոգայթը, որը շատ ավելի լավ էր կազմակերպված, քան անհնազանդության ակցիան:
Մի դեմք եմ ֆիքսել. նա քննիչ է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանությունում: 2012-ի նախընտրական պրոցեսում, երբ իմ խումբը իջավ Մալաթիա-Սեբաստիա Նիկոլ Փաշինյանին զորակցելու և հրոսակախմբի որոգայթում հայտնվեցինք, այնտեղ էր հենց նույն այդ դեմքը: Ու երբ կադրերում տեսնում ենք, որ Շանթը խոսում է բարձրախոսով, ես նրա դեմքը տեսա Շանթի թիկունքում կանգնած: Այն տպավորությունն էր, որ Շանթի ակցիան մի երկրորդ օղակով շրջափակված էր: Այդ դեմքերը երևում են, որոնք նպաստեցին, որ Շանթը հայտնվի այն իրավիճակում, որտեղ հայտնվեց: Բոլոր կադրերից հիանալի երևում է, թե ինչպես են Շանթին սադրում: Ամբողջ այդ պրոցեսը սադրանքով է ուղեկցվում»:
Ելույթներով հանդես եկան նաև Շանթ Հարությույանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը և ՄԻՊ գրասենյակի Բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը, ով նշեց. «Ոստիկանության գործողությունները շատ դեպքերում խիստ խնդրահարույց են: Ոստիկանությունը պետք է լինի աջակցող մարմին, և ոչ թե խաղաղ ցուցարարներին բռնի ուժով ցրող ուժ»: