Այլ երկրում նման հարցումը բուռն արձագանք կունենար
16:03, November 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Սահմանադրական փոփոխություններGellup International-ի հարցումների վերաբերյալ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։
Gellup International-ի հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանցիների 54,4 տոկոսը կողմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստանին։ Որքանո՞վ այս հարցման արդյունքները կարող են օբյեկտիվ լինել։
Նախ այն կազմակերպությունը, որը նման հարցադրմամբ հասարակական կարծիք է ուսումնասիրել, ինձ մոտ ոչ մի վստահություն չի ներշնչում որպես անաչառ ու հիմնավոր հարցում կատարող կազմակերպություն։ Ես ընդհանրապես կասկածի տակ եմ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը։ Մյուս կողմից, նման սոցիոլոգիական հարցման իրականացումը, անկախ տոկոսներից, պատահական երևույթ չեմ համարում, որովհետև այն տեղավորվում է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մեջ։ Բնականաբար, ԵՏՄ անդամ ցանկացած երկրում, ոչ միայն Հայաստանում, նման հարցերով հասարակական կարծիքի ուսումնասիրությունը պետք է հետաքրքրի Կրեմլին՝ շոշափելու հանրային տրամադրությունները, թե ինչ ազդեցություն ինքն ունի ԵՏՄ անդամ կամ անդամացու երկրներում։ Վերջին հաշվով, Կրեմլին հետաքրքրում է իր քարոզչության ազդեցությունը՝ բավական մեծ գումարներ Կրեմլը ներդրել է իր պետական քաղաքականությունը տարածելու, քարոզելու, մարդկանց իր կողմը գրավելու ուղղությամբ։Այդ առումով, իհարկե, հասկանալի է, որ դա Կրեմլի պատվերն է, բայց երկրորդ առումով ինձ բավական մտահոգում են ոչ թե ներկայացված թվերը, հնչող տոկոսները, այլ քաղաքական հիմնական ուժերի, որոնք պատասխանատու են երկրի վերաբերյալ որոշումների կայացման մեջ մասնակցության համար, զարմանալի անտարբերությունը, անգամ գիտակցված անտեսումը։ Թվում էր, թե անկախ իրենց անվանումներից ու դիրքորոշումներից, կա մեկ հարց, որի առումով քաղաքական տարաձայնությունները կամ քաղաքական տարբեր գունավորումներով տարբերությունները պետք է էական նշանակություն չունենան՝ դա երկրի ինքնիշխանության սահմանադրական նորմն է։ Դժվար է պատկերացնել, որ նման հարցադրմամբ հնարավոր լիներ հարցում անցկացնել ասենք,Վրաստանում, կամ Բալթյան երկրներում ու Մոլդովայում, էլ չեմ խոսում Ուկրաինայի մասին։ Ինքնին նման հարցադրմամբ սոցիոլոգիական հարցում այդ երկրներում անպատկերացնելի է։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ բուռն արձագանքի կարժանանար նման կարգի հարցումների արդյունքների հրապարակումը թե հասարակության, թե քաղաքական ու քաղաքացիական դերակատարների կողմից։ Այդ առումով, սա կարծես թե միաժամանակ ախտորոշման նպատակ ունի՝ տվյալ երկրում ինքնիշխանության դիրքերում գտնվող հիմնական ուժերը ռեսուրս ունե՞ն, թե ոչ։ Արդյոք երկիրն ունի՞ որևէ իմունիտետ՝ դիմագրավելու այն ոտնձգություններին, որոնք ուղղված կլինեն երկրի ինքնիշխանության դեմ։ Այստեղ խնդիրն էմոցիոնալ կողմը չէ, խնդիրն այն է, որ դա բավական լուրջ քննարկման առարկա չի դառնում հիմնական ուժերի կողմից ԱԺ-ում։ Լավ եք անում՝ բյուջե եք քննարկում, բայց արտահերթ մի ելույթ որևէ պատգամավորի կողմից, նման հարցումների իրականացման հետ կապված դատապարտում չարվեց։ Անգամ փորձ չի արվում հասկանալ, որ ենթադրենք այդ տոկոսները ճիշտ են, ապա որոնք են դրանց պատճառները, որ կարողացել են նման հանրային տրամադրություն ստեղծել։ Սա բոլորիս ուղղված բավական լուրջ մարտահրավեր է։ Նման հարցումների նկատմամբ նման իմունիտետի առկայությունը ես չեմ հասկանում։ Խոսքը չի վերաբերում որևէ պետական կառույցի նկատմամբ վստահության կամ անվստահության խնդրին։ Ինքնին անտարբերությունը, լռության մատնելը, դրան չարձագանքելը կամ վկայում է սեփական պատասխանատվության զգացման մասին՝ չխոսողները հավանաբար պատասխանատու են զգում այս իրավիճակի համար, և երկրորդ՝ մենք հերթական անգամ արձանագրում ենք, որ ՌԴ-ի հետ կապված ամեն ինչ պետք է անցնի միայն դրական, բայց եթե կան հարցեր, որոնք արժանի են քննադատության, չկան հարցումների արդյունքներում։
Նկատի ունեք՝ այս ամենի պատասխանատվությունը իշխանությունների վրա է, դրա համար էլ չե՞ն արձագանքում։
Ես գտնում եմ, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության օգտին քվեարկելու առումով իշխանության և այսպես կոչված ընդդիմության միջև տարբերությունները վերացել են, և բոլորն էլ պատասխանատու են այդ քվեարկության հետևանքով ստեղծվող այն իրավիճակի համար, որի դեպքում հնարավոր էր նման սոցիոլոգիական հարցում անցկացնելը: Եթե անգամ 30 տոկոս լիներ, սա էլի վտանգավոր է, հարցը տոկոսների մասին չէ, այն միտումների, թե ինչ մթնոլորտ է տիրապետում, երբ մտածողության ուղղությունը գնում է ոչ թե քո երկրի զարգացումը, ինքնուրույնությունը տեսնել ներքին ռեսուրսների զարգացման, ավելացման, կատարելագործման մեջ, այլ հույս դնել նրա վրա, որ ինչպես Թոխմախի Մհերը արտահայտվեց՝ առանց ռուս մենք կյանք չունենք։ Կարծում եմ՝ պետք է սուր և կոշտ լինեին քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների գնահատականները, որպեսզի աշխարհում հասկանան, որ վերջին հաշվով Հայաստանում երկիրը ամուր կանգնած է իր ինքնուրույնության, ինքնիշխանության, իր ներքին ռեսուրսների վրա հիմնված որոշումների կայացման վրա: Սա շատ կարևոր է, երբ ի վիճակի ես լինում ինքնուրույն որոշումներ կայացնել և հարաբերվել։ Այս ընկալման խարխլում է տեղի ունենում, և այստեղ է մեծ վտանգը։
Այս հարցումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 39,1 տոկոսը կողմ է սահմանադրական փոփոխություններին։ Արդյոք սա ռեալ թիվ կարելի է համարել, երբ հանրությունն ուղղակի անտարբեր է այս փոփոխությունների նկատմամբ։
Այս հարցման նպատակն այն է, որ իբր թե ներկայացնեն, թե տեսեք՝ սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ կա, և այս առումով էլ կարող ենք ասել, որ այս տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Հետևաբար այս սոցիոլոգիական հարցումը քաղաքական պատվեր է, որի հիմնական նպատակն է ցույց տալ, որ իբր հանրության ներսում կա սահմանադրական փոփոխությունների պահանջարկ։ Իմ բոլոր հնարավոր հանդիպումները թե քաղաքացիների, թե հասարակական, քաղաքական կառույցների հետ ցույց են տալիս, որ չկա այդպիսի տպավորություն և այդպիսի իրավիճակ։ Ես չեմ հանդիպել կողմ կարծիքի, նույնիսկ պետական ծառայողների մեջ չկան «այո»-ի կողմնակիցներ։ Չնայած նախագիծն ԱԺ-ում անցկացրել են, բայց իշխանությունը դեռ փնտրտուքի մեջ է՝ ինչպես հիմնավորել, որ այդ փոփոխություններն ունեն հասարակական պահանջարկ։ Նոյեմբերի երկրորդ կեսին հաջորդ ուսումնասիրությունը կկատարեն և կասեն, թե տեսեք՝ տոկոսներն աճել են՝ 49 տոկոս են։ Սա կոչվում է սոցիոլոգիական աճպարարություն՝ նպատակ ունենալով ստեղծել իմիտացիոն ենթադրյալ պատկեր, որ իբր թե այսպիսի հանրային մեծ աջակցություն ունեն սահմանադրական փոփոխությունները։ Եվ այն կարծիքը, որ իբր Ռուսաստանը չի հետաքրքրվում Հայաստանում իրականացվող սահմանադրական փոփոխություններով, ճիշտ չէ, Ռուսաստանը շատ լավ էլ հետաքրքրված է, և կարծում եմ, այս հարցում իրականացնող կազմակերպությունը Կրեմլի պատվերն է կատարում։
Սակայն ԱԺ-ում Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խնդրել է, որ վերջինս հորդորի ՀՀ իշխանություններին հետ կանգնելու սահմանադրական փոփոխություններ անելու մտադրությունից։ Ի պատասխան Մատվիենկոն նշել է, որ իրենք չունեն որևէ դիրքորոշում դրա վերաբերյալ և որ Հայաստանն ինքնուրույն երկիր է, ինքն է որոշում։
Ես չեմ հավատում Մատվիենկոյին, այդ երբվանի՞ց Ռուսաստանի Դաշնային խորհրդի կամ ռուս մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի համար գոյություն ունի որևէ երկրի ինքնուրույնություն և այդ երբվանի՞ց է Ռուսաստանը ելնում այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներից, քանի որ ակնհայտ է նրա կոպիտ միջամտությունը հարևան երկրի ներքին գործերին։ Դրա վկայությունը ռազմական ագրեսիան է Վրաստանի նկատմամբ, դրա վկայությունը Ղրիմի բռնակցումն է և նաև ռազմական ակնհայտ ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ, և Ուկրաինայի արևելքում իր կողմից ստեղծված ռազմական խմբավորումներին աջակցությունը, մերձբալթյան նախկին հանրապետություններին ուղղված սպառնալիքները։ Եվ ընդհանրապես, Պուտինի ագրեսիվ քաղաքականությունը վկայում է, որ նա այլ երկրների ներքին գործերին միջամտելու քաղաքականությունն է որդեգրել։ Այդ առումով Մատվիենկոն լիովին հակասում է իր քաղաքական ղեկավարի դիրքորոշմանը։ Կեղծիք եմ համարում, որ նա դիտարկում է Հայաստանը ինքնուրույն երկիր, մանավանդ այն բանից հետո, երբ մեկ գիշերում Սերժ Սարգսյանին ստիպեցին հայտնել ԵՏՄ անդամակցելու մասին։ Այս առումով Մատվիենկոյի կողմից հնչեցրածը ուղղակի սոփեստություն է։ Իսկ անկախ նրանից, թե ով կանի նման հարցադրումը, գտնում եմ, որ նման ֆորմատով հանդիպման ժամանակ այլ երկրի պաշտոնյային նման հարցադրումը ոչ տեղին է։ Բայց երբ աղմուկ են բարձրացնում ՀՀԿ-ականները, ես զարմանում եմ, քանի որ ինչու Թոխմախի Մհերի կողմից արված հայտարարությանը, որ մենք շատ թույլ ենք և առանց ռուս չենք կարող ապրել, որևէ հրապարակային քննադատության չենթարկեցին։ Եվ ոչ էլ քննադատություն տեսա, երբ Արտաշես Գեղամյանը ԵԽԽՎ-ում կամ ԵԱՀԿ-ի խորհրդանշական վեհաժողովում հանդես է գալիս ՌԴ շահերի պաշտպանության դիրքերից։ Այսինքն՝ սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի լուցկու չոփի մասին խոսելը տեղին չէ։ Բայց այն, որ մեկը մյուսին նման են՝ ԵՏՄ օգտին քվեարկելու առումով, սա ինձ համար միանշանակ է։
Աղբյուրը՝ lragir.am