«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով որոշ բժշկական փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել
09:53, November 5, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի, քննության առնվեց Սուսաննա Սիմոնյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման բացթողնված ժամկետը վերականգնելու հրաժարման դեմ ներկայացված բողոքը:
Բողոքի քննությանը մասնակցում էին Ս. Սիմոնյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը և վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանը:
Բացարկի միջնորդությունների բացակայության հարցը ճշտելուց հետո դատարանն անցավ բողոքի քննությանը: Տ. Սիրադեղյանը նշեց, որ 2016 թ. հունիսի 22-ին Ս. Սիմոնյանը մասնակցել է ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպված հավաքին, որը տեղի է ունեցել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքի դիմաց, որտեղ պետք է քննարկվեր Ժ. Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ նախաքննության մարմնի միջնորդությունը: Հավաքի ընթացքում, սակայն, Ս. Սիմոնյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ, որի հետևանքով աջ ուսի շրջանում Ս. Սիմոնյանը վնասվածք է ստացել: Ս. Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախապատասրտված նյութերով 2016 թ. հուլիսի 7-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Նշված որոշումը Ս. Սիմոնյանը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն 2016 թ. սեպտեմբերի 1-ին, քանի որ տևական ժամանակ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով չի կարողացել իրացնել իր բողոքարկման իրավունքը: Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումն ստանալուց հետո 2016 թ. հուլիսի 18-ին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա շտապօգնությամբ հոսպիտալացվել է, հիվանդանոցից դուրս է գրվել 2016 թ. հուլիսի 19-ին, նշանակվել է մեկ ամիս տևողությամբ դեղորայքային բուժում: Այնուհետև, ամբողջությամբ վերականգնված չլինելով, 2016 թ. օգոստոսի 25-ին Ս. Սիմոնյանը կրկին դիմել է բուժող բժշկին և կրկին նշանակվել է դեղորայքային բուժում: Նման պայմաններում Տ. Սիրադեղյանն անհիմն համարեց ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանի այն հետևությունը, որ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ բողոք ներկայացնելու բացթողնված ժամկետը կարող էր հարգելի համարվել առավելագույնը հինգ օրվա համար, քանզի տվյալ ժամանակահատվածում Ս. Սիմոնյանի առողջական վիճակը հնարավորություն չի տվել, իր առողջական վիճակից բացի, որևէ այլ խնդիրներով զբաղվել: Այդպիսով՝ Ս. Սիմոնյանի ներկայացուցիչը խնդրեց վերականգնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. հուլիսի 7-ի որոշման բողոքարկման բացթողնված դատավարական ժամկետը:
Բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը: Վերջինս նշեց, որ բողոքին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը վկայում են, որ Ս. Սիմոնյանը կաթիլային բուժում է ստացել ընդամենը երեք օր և հաշվի առնելով նաև հիվանդանոցում գտնվելու ընթացքը՝ բացթողնված դատավարական ժամկետը կարող էր հարգելի համարվել հինգ օրվա համար, ուստի այն չի վերականգնվել:
Առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց նաև Ս. Սիմոնյանը՝ նշելով, որ 2016 թ. հուլիսի 18-ին իր մոտ դիտվել է աջ կեսի անզգայացում և այդ վիճակը պահպանվել է շուրջ 10 օր, մինչ օրս էլ նա ունի աջ ուսի հետ կապված խնդիրներ: Նա նաև հայտնեց, որ որոշ բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվել դատարան:
Տ. Սիրադեղյանը խնդրեց հնարավորություն տալ դատարան ներկայացնել նաև այլ բժշկական փաստաթղթեր: Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ին: