Հայաստանը վերջնականապես տապալեց «Հազարամյակի» մարտահրավերը
12:06, December 5, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՄ, Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում, ԵՏՄՀայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին՝ 2012 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանը դեռ բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել էր Սպիտակ տուն, հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին, ապա «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ում հետ քննարկել էր առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության հնարավորությունները: Այդ ժամանակ շրջանառվող տեսակետների համաձայն՝ Տիգրան Սարգսյանին հաջողվել էր հավաստիացնել ԱՄՆ-ին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու Սերժ Սարգսյանի որոշումը վերջնական է: Նույն այդ գնահատականների համաձայն՝ այն, որ Տիգրան Սարգսյանին Սպիտակ տանն ընդունել էր փոխնախագահ Բայդենը, և ծրագրի վերսկսման մասին քննարկումներ էին ընթացել, փաստում էր այն մասին, որ հայկական կողմը ստանձնել է այդ հանձնառությունը:
Այս հանդիպումը ՀՀ իշխանություններին հիմք էր տվել ենթադրելու, որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո դադարեցնելով ծրագիրը՝ ԱՄՆ-ը հավանաբար դիտարկում է այն վերսկսելու հնարավորությունը:
Ինչպես հայտնի է, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրվող ֆինանսավորումը դադարեցվեց 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններից, մասնավորապես Մարտի 1-ից հետո` արձանագրելով, որ ՀՀ-ն չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին: Ծրագրի ղեկավարներն այդ օրերին նամակով զգուշացրեցին նաև այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական ծրագրերի իրականացման հարցում կորպորացիայի ղեկավարությունը մտահոգություններ ուներ դեռևս Մարտի 1-ի իրադարձություններից շատ ավելի վաղ, իսկ Ջոն Դանիլովիչի՝ Քոչարյանին ուղղված նախազգուշական նամակին հաջորդեց նաև Քոչարյանի պատասխան նամակը, որի բովանդակությունն այդպես էլ հանրությանը հայտնի չդարձավ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն այդ ժամանակ նույնիսկ 500 հազար դրամ պարգևավճար խոստացավ նրան, ով իրեն կտրամադրեր նամակը, ապա դատի տվեց նախագահի աշխատակազմին, սակայն նամակն այդպես էլ չհրապարակվեց:
Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դրամաշնորհային ծրագիր է, որ ԱՄՆ իշխանությունը հատկացնում է զարգացման խնդիր ունեցող երկրներին՝ պայմանով, եթե նրանք բավարարում են ժողովրդավարության որոշակի չափանիշների: Առաջին ծրագրով, օրինակ, Հայաստանը հինգ տարվա ընթացքում ստացել էր մոտ 250 միլիոն դոլար: Սակայն Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության պատճառով Հայաստանը զրկվեց 64 միլիոն դոլար ֆինանսավորումից, որը պետք է ուղղվեր գյուղական ճանապարհների վերանորոգմանը: Փոխարենը՝ այդ գումարը տրամադրվեց հարևան Վրաստանին, որով կառուցվեցին Ախալքալաքի ճանապարհները:
Ի դեպ, «Հազարամյակի մարտահրավերների» ֆինանսավորումը ստանալու հավակնություն ունեցող երկրների թիվը մեծ է, ինչը ենթադրում է նաև մեծ մրցակցություն երկրների միջև: ՀՀ իշխանությունները, հատկապես Տիգրան Սարգսյանը, նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու որոշման հրապարակումից հետո, հայտարարեց, որ կառավարության համար միջազգային օգնության ստացման նոր հեռանկարներ են բացվում. «Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի արդյունքները՝ այն բնորոշելով «արդյունավետ»»:
Տիգրան Սարգսյանն այդ ժամանակ ֆինանսների նախարարին հանձնարարել էր «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ֆինանսավորման նոր հայտ ներկայացնել: «Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունն այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավանականություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ասել էր նա:
Սարգսյանը փաստել էր, որ ՀՀ հիմնական թույլ կողմը կոռուպցիոն ռիսկերն են: Սակայն արդեն այս հայտից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ասել էր, որ «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիան մոտ 13 ցուցանիշ է դիտարկում, որոնց շարքում հատկապես կարևորվում են հակակոռուպցիոն աշխատանքները: «Որպեսզի երկիրը համապատասխանի և կարողանա «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ ծրագիր իրականացնել, այդ չափանիշները պետք է անպայման ապահովված լինեն: Ինչպես փոխարտգործնախարարը նշեց, Հայաստանն այդ չափանիշներին շատ մոտ է արդեն: Հակակոռուպցիոն ցուցանիշի մասով Հայաստանը չհասավ պահանջվող շեմին, և անհրաժեշտ է այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ իրականացնել: Դա, անշուշտ, կարևոր է Հայաստանի համար, որպեսզի կարողանա բավարարել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից դիտարկվող այդ ցուցանիշը»,- ասել էր դեսպանը՝ հավելելով, որ այս առումով բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագիրը կարող է օգտակար լինել, որովհետև շատ բան դրանցում ուղղված է հենց բաց և թափանցիկ կառավարման հարցերին:
Այնինչ այսօր արդեն մեզ տեղեկություններ են հասել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին ներկայացված հայաստանյան հայտը մերժվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի հոգաբարձուների, իսկ այնուհետև շահառուների խորհրդի արդեն նախկին անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը բացատրեց, թե ինչ գործոններով է պայմանավորված ՀՄ գրասենյակի հայաստանյան հայտի մերժումը:
Սաքունցը նշեց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությամբ, վարքագծով, իր որոշումներով չի համապատասխանում որևէ միջազգային, քաղաքակրթական չափորոշիչի, որի պատճառով էլ ստանում է մերժում ՀՄ գրասենյակից: Ըստ նրա՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունն ինքնին հանգեցնելու է քաղաքակրթական բոլոր գործընթացներից ՀՀ-ի մեկուսացման, որովհետև Հայաստանն ընդգրկվում է հակաքաղաքակրթական մի ակումբ, «իզգոյ»-ների ակումբ:
«Անցյալ տարի հույսեր կային, որ Հայաստանը կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որն իրենից ներկայացնում էր բարեփոխվելու ցանկություն, կամք: ԵՏՄ անդամակցությունը ևս կամք է, հեռանկար՝ հայտնվելու ճահճային վիճակում, ենթարկվելու պուտինյան քմահաճույքներին: «Հազարամյակի մարտահրավերներ»-ն ինչպե՞ս կֆինանսավորի մի երկրի, որի հետ ԱՀԿ-ն արդեն խնդիրներ ունի: Հայաստանում շատ ծրագրեր են այսպես փակվելու, եթե Հայաստանի ԵՏՄ գործընթացը և աշխարհից մեկուսացումը շարունակի խորանալ: Այնպիսի իրավիճակ է, որ չի բացառվում Պուտինը ԵՏՄ դատարանում դնի այն հարցը, թե ՀՀ-ի և ԵՄ-ի միջև այս կամ այն պայմանագիրը չի համապատասխանում ԵՏՄ շահերին, իսկ դատարանը որոշի, որ չի համապատասխանում, և այդքանով վերջ ամեն ինչին»,- մեկնաբանեց Արթուր Սաքունցը:
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ձախողման ողջ պատասխանատվությունն, ըստ Սաքունցի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա է, նա է, որ պետք է պատասխանի հարցերին, թե ինչու տապալվեց ծրագիրը:
«ՀՄ-ի ձախողման պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է՝ 2008թ. Մարտի 1-ի այլանդակ հանցագործությամբ, որի մասնակից են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ այն ժամանակվա իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունները՝ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն: Այսօր այդ պատասխանատուները իշխանության ղեկին են, ընդդիմության շարքերում կամ մերձիշխանական տարածքում: Ի՞նչն է փոխվել: 2008-ի պատասխանատուները, որոնք ՀՄ-ի չափանիշների ձախողման, չկատարման անմիջական պատասխանատուներն են, այսօր շարունակում են մնալ իշխանության կամ ընդդիմության շարքերում, ի՞նչն է փոխվել. ոչինչ չի փոխվել: Սակայն ՀՄ-ն անընդհատ տարուբերումների մեջ է՝ հուսով, որ մարդիկ կարող են քայլ կատարել, բարեփոխվել, բայց ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու, կատարելու են քայլեր, որոնք տեղավորվում են հենց Մարտի 1-ի տրամաբանության մեջ: Ուստի ես ասել եմ և ասում եմ՝ քանի դեռ 2008թ. Մարտի 1-ի հանցագործությունն իրավական գնահատական չի ստացել՝ որպես պետության դեմ հանցագործություն, որպես ժողովրդավարության, իրավական պետության դեմ հանցագործություն, ոչ մի ծրագիր Հայաստանում չի իրագործվելու, հաստատուն չի լինելու»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա նաև հիշեցրեց վերջերս շատ արդիական դարձած և շրջանառության մեջ դրված դիլեման՝ «անվտանգությո՞ւն, թե՞ արժանապատվություն»: Արթուր Սաքունցն ընդգծեց. «Երբ հանուն անվտանգության զոհաբերում ես արժանապատվությունդ, ապա կորցնում ես և՛ արժանապատվությունդ, և՛ անվտանգությունդ: Կա նման պարզ բանաձև, որի մասին ստրկամիտները մոռանում են»:
Աղբյուրը՝ www.1in.am