Ինչու են գերբեռնված Հայաստանի կալանավայրերը
15:59, December 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՀայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը անլուծելի է մնում՝ չնայած երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Թեև օրենսդրությամբ հստակ սահմանված է, թե որքան տարածքում քանի դատապարտյալ պետք է պահվի, սակայն իրականությունն այլ է: «Եթե խնդիրը դիտարկենք Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մշակված չափորշիչների տեսանկյունից , ապա գերբեռնվածությունը, այն, որ մարդիկ բանտերում քնում են հերթափոխով, զրկված են որակյալ բժշկական և այլ ծառայություններից, համարվում է խոշտանգում, վատ վերաբերմունք»,- Lragir.am-ի հետ զրույցում ասում է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Ո՞րն է ՔԿՀ-ների գերբեռնման պատճառը
Հիմնականում ծանրաբեռնված են ՔԿՀ-ների կալանավայրերի տարածքները, քանի որ հայաստանյան դատարանները որպես խափանման միջոց մեծամասաբ կիրառում են կալանքը: ՄԻՊ մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննիչներն ինչ բովանդակությամբ միջնորդություն ներկայացնում են դատարան, դատարանները հիմնականում դա են բավարարում: Նախորդ տարի իրականացրած ուսումնասիրությունները փաստել են, որ 96 տոկոսի չափով դատարանների կողմից ընդունվում է այն միջնորդությունը, որը բերում է քննիչը: Իսկ դատարանների որոշումներում չկա որևէ հիմնավորում, թե ինչո՞ւ է որպես խափանման միջոց ընտրվել կալանքը և ոչ թե, օրինակ, գրավով ազատ արձակելը կամ այլ տարբերակ:«Դատարանների այդ որոշումները հիմնավոր չեն, իսկ դրա հետևանքով ունենք խցեր, որտեղ մարդիկ հերթով են քնում»,- ասում է Երանուհի Թումանյանցը:
ՄԻՊ աշխատակիցները 2014 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ ամենաբեռնվածը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկն է, որտեղ լրակազմը սահմանված է 820 մարդու համար, սակայն ուսումնասիրության ժամանակ այնտեղ եղել է 1055 դատապարտյալ: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում լրակազմը 640 անձի համար է սահմանված, սակայն պահվել է 739 մարդ: «Սևան» քրեակատարողական հիմնարկում 548-ի փոխարեն 593 մարդ է պահվել, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում՝ 373 մարդու փոխարեն 402 մարդ: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խցերից մեկում ՄԻՊ աշխատակիցների այցի պահին պահվել է 18 ազատազրկված անձ, չնայած խցում տեղադրված է եղել ընդամենը 12 մահճակալ, իսկ խցի մակերեսը մոտ 40 քմ է եղել: Այնինչ, օրենսդրության համաձայն՝ ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել 4 քմ-ից: Այս տարվա ուսումնասիրությունները դեռևս ամփոփման փուլում են:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գերբեռնվածության խնդիրը կապում է հնից եկած ժառանգության հետ: «Մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որոնք շահագործվում են խորհրդային տարիներից, և բնականաբար դատապարտյալների քանակի հետ կապված էլ ունենք օբյեկտիվ խնդիրներ»,- Lragir.am հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ այսօր այս իրավիճակն է ստեղծվել, պատասխանում է նախարարը: Նա հույս է հայտնում, որ մի քանի ամսից հնարավոր կլինի խնդրին 90 տոկոսով լուծում տալ, շնորհիվ նորակառույց Արմավիր քրեակատորղական հիմնարկի:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանը, սակայն, ասում է, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ խնդիրը մասամբ է լուծվում:
«Ես միայն հույսս Արմավիր քրեակատարողական հիմնարկի վրա չէի դնի, քանի որ կա լուրջ համակարգային խնդիր: Դատարանների կայացրած վճիռների, քննություն իրականացնող մարմնի դանդաղ գործելու խնդիր կա: Ստեղծված է այնպիսի իրավիճակ, որ ազատազրկված անձը կարող է կալանավորվել և, օրինակ, Նուբարաշեն հիմնարկում պահվել մոտ երկու տարի՝ գործի քննությունն իրականացնելու համար: Բնական է, որ դա հանգեցնում է գերծանրաբեռնվածությանը»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սարգսյանը:
Ըստ մասնագետի՝ գերբեռնվածությունն իր հետ բերում է զանազան խնդիրներ՝ լիարժեք ծառայություններ չեն մատուցվում դատապարտյալներին, դա ազդում է ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-հոգեբանական ծառայությունների որակի վրա, անվտանգության ապահովման խնդիրներ են առաջանում: Մյուս կողմից էլ առաջացել է այլ խնդիր՝ քրեակատարողական հիմնարկների և շենքային պայմանները, և առկա ռեսուրսները բերում են նրան, որ այդ հաստատությունը չի ուղղում անձին: «Ինքը վերապատրաստման դպրոց է, հետագայում նոր հանցագործությունների կատարման մասով նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն է տալիս: Ավելի շատ ժամանակը գնում է դրա վրա, քան դատապարտյալի ուղղվելու»,- նշում է մասնագետը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր «Երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում տիրող անմարդկային պայմանները: Արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում շարունակել է չլուծված մնալ ոչ պատշաճ պահման պայմանների խնդիրը, այդ թվում՝ գերբնակեցումը, անբավարար սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային պայմանները: Ազատազրկվածներին պահելու վայրերի խիստ անբարենպաստ պայմանները հանգեցրել են ոչ միայն անձի արժանապատվության ոտնահարմանը, այլև վերջինիս մոտ մի շարք հիվանդությունների առաջացմանը:
ՄԻՊ աշխատակիցներն ականատես են եղել որոշ խցերում աղտոտվածության, ծայրահեղ վատ սանիտարահիգիենիկ պայմանների: Օրինակ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի շարք ազատազրկվածներ բողոքել են խցերում առկա միջատներից, որոնք լուրջ անհանգստություն են պատճառել կալանավորված անձանց` խայթելով իրենց ձեռքերը և ոտքերը: ՔԿՀ-ներում դեռևս առկա են խնդիրներ՝ պատշաճ բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև տրվող սննդի որակի առումով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը փաստում է, որ արդարացման դատավճիռների մասով շատ քիչ դրական տեղաշարժ է այսօր նկատվում Հայաստանում, բայց դա բավարար չէ՝ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության պատճառը մեղադրական դատավճիռներն ու կալանքը որպես խափանման միջոց կիրառելն է:
Ո՞վ է մեղավոր, որ չի գործում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը
Հայաստանում գրեթե չի գործում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, որը պետք է ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում ուղղված դատապարտյալներին վաղաժամկետ ազատ արձակվելու թույլտվություն տա: Սա իր հերթին որոշ չափով կբերի ՔԿՀ-ների բեռնաթափմանը: Այդ նպատակով ստեղծված անկախ հանձնաժողովը, որը պետք է նպաստեր խնդրի լուծմանն ու նվազեցներ կոռուպցիոն մեխանիզմները, որպես կանոն որոշում է, որ դատապարտյալը չի ուղղվել: Անկախ հանձնաժողովի անդամները տարբեր գերատեսչությունների՝ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն են, հետևաբար գերատեսչական շահ են հետապնդում: Իրավապաշտպանները, դիտորդներն ու դատապարտյալները այս հանձնժողովը պայմանականորեն են անկախ համարում:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքը սուբյեկտիվության վրա է հիմնվում, օբյեկտիվ գնահատականներ չեն տալիս: «Հանձնաժողովների մեծամասնությունը ուժային կառույցների ներկայացուցիչներ են, և նրանց հոգեբանությունը պատժիչ հոգեբանություն է»,- ասում է իրավապաշտպանը:
Այն, որ պայմանական վաղաժամկետ ինստիտուտը չի գործում, ահանզանգում է նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրը պետք է լրջորեն ու ամբողջովին վերանայվի, հանձնարարական եմ տվել, որպեսզի այդ ինստիտուտի վերանայում ու վերափոխում տեղի ունենա: Պետք է հստակեցնել չափանիշները»,- Lragir.am-ին ասում է նախարարը:
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունին Lragir.am-ին ուղղված մի շարք նամակներում ավելի քան մեկ տարի նկարագրել է, թե ինչ կամայական սկզբունքով է գործում անկախ հանձնաժողովը: Նա ահազանգել էր, որ ապացուցել էր իր ուղղված լինելը և ենթակա էր վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն դա չէր խանգարում, որպեսզի ՔԿՀ վարչակազմը 3, իսկ անկախ հանձնաժողովը 4 անգամ մերժեին իր դիմումը՝ պայմանական վաղաժամկետ ազատման մասին: Նրա խոսքով՝ անկախ հանձնաժողովի անդամները չարաշահում են իրենց դիրքն ու չեն կատարում իրենց պարտականությունները:
Ամատունին իր նամակներում գրել էր, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի չգործելու պայմաններում հսկայական վնաս է կրում Հայաստանի պետական բյուջեն, որտեղից ֆինանսավորվում են ՔԿՀ-ները: Նա ահազանգում է, որ խնդիրը համատարած է և ներկայացնում է ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը՝ ամսական միջինը 140 դատապարտյալի դիմումից պայմանական վաղաժամկետ ազատվում են միայն 4-6-ը: Միայն երկարատև պայքարից հետո Ռուբեն Ամատունին տեղափոխվեց պատիժը կրելու բաց ռեժիմով:
Դիտորդական խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանն ասում է, որ այսպես կոչված անկախ հանձնաժողովն անհասկանալի սկզբունքներով է որոշումներ կայացնում: Իսկ ամենաաբսուրդն այն է, որ այդ հանձնաժողովի կայացրած որոշումները բովանդակային առումով բողոքարկման ենթակա չեն: «Չես կարող բողոքարկել, թե ինչ հիմքով են նման որոշում կայացրել, ինչու են այդպես որոշել: Ստացվում է, որ ինքը որոշեց ու վերջ»,- ասում է նա:Եթե քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն անմիջապես շփվում է դատապարտյալների հետ և գիտի յուրաքանչյուրի բնութագիրը, ապա այս հանձնաժողովի անդամները մեկ-երկու անգամ այցելում են քրեակատարողական հիմնարկ ու դրա հիման վրա կայացնում իրենց որոշումը:
Նրա խոսքով՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման գործընթացում կան նաև չգրված կանոններ: Եթե օրենքով նախատեսված է, որ պատժի տեսակը որոշ ժամանակ անց կարող է վերանայվել, ապա կան հոդվածներ, որոնց դեպքում, թեև օրենքով պայմանական վաղաժամկետը պետք է կիրառվի, սակայն իրականում դրանց վրա տաբու է դրված: Դրանք են սպանության, թմրամիջոցների վաճառքի, սեռական բռնությունների, խմբակային հարձակումների դեպքերը: Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ այս հանցագործությունները կատարած անձանց 99.9 տոկոսով մերժում են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումները, չնայած օրենքով նման սահմանափակում չկա:
Բացի այդ, դիտորդական խմբի ղեկավարի խոսքով, հանձնաժողովի աշխատանքում նկատվում են անկողմնակալություն ու կոռուպցիոն որոշակի դրսևորումներ: Օրինակ՝ պաշտոնյայի հարազատների դեպքում այդ տաբուն չի կիրառվում: «Այսինքն՝ խտրականություն կա հանձնաժողովի աշխատանքում: Իսկ կոռուպցիոն դրսևորումն այնքանով է, որ ծանոթ-բարեկամը դեր է խաղում այս հանձնաժողովի աշխատանքում: Որոշ որոշումներ շատ զարմանալի ու վիճելի են, հարցեր են ծագում, թե ինչո՞ւ են մի դատապարտյալի մերժել, իսկ մյուսի դիմումը բավարարել: Նույն տաբու դրված հոդվածներն են, բայց տարբեր մետեցումներ են դրսևորվում պաշտոնյաների հարազատների ու ծանոթների դեպքում»,- ասում է նա՝ հավելելով, որ թեև այս հանձնաժողովի ստեղծումը պատճառաբանվեց նրանով, թե այն պայքարելու է կոռուպցիայի դեմ, բայց իրականում այն հանգեցրեց տվյալ ինստիտուտի գործունեության խափանմանը:
Նկատվում է ևս մեկ բացասական միտում: Եթե նախկինում միտում կար, որ քրեակատորղական հիմնարկի վարչական հանձնաժողովը դրական էր բնութագրում դատապարտյալին, բայց անկախ հանձնաժողովը մեծամասամբ բացասական որոշում էր կայացնում, ապա վերջին շրջանում հենց քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն են սկսել մերժել դիմումները, բացասական որոշումներ կայացնել:
“Իսկ ոչ պաշտոնական զրույցներում ասում են, թե վերևներից իրենց հրահանգել են, որ պետք է մերժեն: Սա արվում է դիտավորյալ, որպեսզի չստացվի, թե միայն անկախ հանձնաժողովն է մերժման որոշումներ կայացնում”,- ասում է Ռուբեն Սարգսյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ դատապարտյալների համար կենսական նշանակություն ունի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, որը չի գործում այսօր: “Կոռուպցիոն ռիսկ կա այստեղ, որովհետև հանձնաժողովի կազմում են այն գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր մեղադրող են հանդիսանում՝ Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն: Նրանք կանխակալ վերաբերմունք ունեն»,- ասում է Սաքունցը:
Դատապարտյալի պայմանական վաղաժամետ ազատ արձակելը խափանելու համար ՔԿՀ ղեկավարությունը, ըստ իրավապաշտպանի, միշտ պատճառներ գտնում է: “Իրենք արգելված հեռախոսները տալիս են դատապարտյալներին, դրա դիմաց փող են ստանում, գիտեն դրանք ում մոտ են, ըստ նպատակահարմարության հայտնաբերում, պատժում ու խափանում են պայմանական վաղաժամկետ ազատումը»,- ներկայացնում է իրավապաշտպանը:
Սաքունցը քրեակատարողական հիմնարկը մի լաբիրինթոս է համարում, որտեղ անձի համար խաղի կանոնները հստակ չեն, իրավունքների պաշտպանության մասին ընթացակարգերը խճճված են, իսկ կոռուպցիոն ռիսկերը՝ մեծ:
“Ընտրողական արդարադատության ձեռագիրը պայմանական վաղաժամկետի ժամանակ էլ է գործում: Քննարկումներից մեկի ժամանակ հանձնաժողովի անդամներից մեկն ասաց՝ այս հանցագործության մեջ մեղադրվողին ո՞նց կարող ենք ազատել: Բայց կարևոր չէ, թե ինչ գործով է մարդը դատապարտվել, կարևորն այն է, թե ինչպես է իրեն դրևսորել պատժի կրման ժամանակ»,- նշում է նա:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանցն ասում է, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում ցավալի փաստ է արձանագրվել՝ եթե ՔԿՀ վարչակազմի որոշումները ինչ-որ չափով հիմնավորված ու պատճառաբանված են, ապա անկախ հանձնաժողովի դեպքում պատճառաբանությունը բացակայում է: Որոշվում է հավանություն տալ կամ չտալ անձի դիմումին, իսկ որոշումը բովանդակային առումով հնարավոր չէ դատական կարգով բողոքարկել:
“Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից տրված համապատասխան բանաձևում ասված է՝ որոշումը պետք է լինի պատճառաբանված, պետք է լինի անպայման դատական կարգով վիճարկելի: Այս երկու սկզբունքները կարևոր սկզբունքներ են, որոնք այսօր խախտված են Հայաստանում”,- ասում է Թումանյանցը:
ՄԻՊ աշխատակիցներն ուսումնասիրել են 2013-2014 թվականների իրավիճակը և պարզել, որ ՔԿՀ վարչական հանձնաժողովներին 4774 դատապարտյալի կողմից պայմանական վաղաժամկետ ազատ արաձակման վերաբերյալ դիմում է ներկայացվել: Դրանցից 87-ի վերաբերյալ հետաձգման որոշում է կայացվել: Անկախ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է 673 գործ, անկախ հանձնաժողովը դրանցից 460-ը մերժել է, հավանություն է տվել 204-ին, 204-ից 184-ը դատարանով ազատվել են, երեքի պատժատեսակն էլ մեղմվել է: «Այսինքն՝ 4774 մարդուց բավարարվել է 184-ի դիմումը, ինչը շատ վատ ցուցանիշ է: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի իմաստն այն է, որ անձին ՔԿՀ-ում պետք է ուղղել, հետո նրան վերադարձնել հասարակություն: Բայց եթե այսքան փոքր է մեզ մոտ թիվը, նաև նշանակում է չեն կարողանում ուղղել»,- ասում է մասնագետը:
Դատապարտյալները մեծամասամբ դժգոհում են արդարադատությունից՝ իրենց նկատմամբ կայացրած վճիռներից, քրեական գործերի ընթացքից, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտի չգործելուց: «Ասում են՝ եթե մեր դատական գործերը նորմալ ընթանան, եթե իմանանք, որ պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորություն ունենք, ոչինչ, մյուս խնդիրները էական չեն»,- փոխանցում է Ռուբեն Սարգսյանը:
Կոռուպցիոն դրսևորումները ՔԿՀ–ներում չեն վերացվում
Քրեակատարողական հիմնարկներում հեռախոսների ապօրինի շրջանառությունը ամենաեկամտաբեր գործերից մեկն է: Դատապարտյալները, որպես կանոն, խուսափում են խոսել կոռուպցիոն դրսևորումների մասին, բայց դիտորդներն ու իրավապաշտպանները պարզել են, որ արգելված տարբեր իրերի ձեռք բերման համար դատապարտյալները գումարներ են վճարում ՔԿՀ աշխատակիցներին:
Ռուբեն Սարգսյանը նշեց, որ 2013 թվականին իրենք հավաքագրել էին տեղեկությունն ու փորձել պարզել, թե կոռուպցիոն սխեմաներում ի՞նչ գներ են գործում: Նրա խոսքով՝ հեռախոսի մեկ քարտի դիմաց դատապարտյալներից 5000 դրամից սկսած գումար էին պահանջում: Այսօր դիտորդական խումբը թարմացնում է այդ տվյալները, Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ պայմանավորված դոլար-դրամ փոխարժեքի տատանմամբ՝ այդ ծառայությունների գները թանկացել են այս տարի: «ՔԿՀ-ներում կա նման գաղափար, որ ամեն ինչ կարող ես փողով գնել: Այսօր դեռ կոռուպցիան կա ու գնալով ծաղկում է»,- ասում է նա:
Բջջային հեռախոսների ապօրինի շրջանառությունն օրենքով օրինականացնելուն, ինչպես նաև ՔԿՀ-ների բեռնաթափմանն այնքան էլ կողմ չեն ՔԿՀ-ների աշխատակազմերը, քանի որ, Ռուբեն Սարգսյանի խոսքով, գործում է հետևյալ սկզբունքը՝ ինչքան շատ լինեն մարդիկ, ավելի շատ եկամուտներ կարելի է ունենալ: Բեռնաթափումը որոշ անձանց եկամուտների կրճատման է բերելու:
Ներկայում դատական կարգով քննվում է վերջին տարիների ամենախոշոր կոռուպցիոն գործերից մեկը՝ կապված բջջային հեռախոսների ապօրինի շրջանառության հետ: Դատապարտյալ Արմեն Շամիրյանը հասարակական դիտորդներին հայտնել էր, որ «Հրազդան» ՔԿՀ ռեժիմային գծով պետի տեղակալ Սամվել Բաբայանի աջակցությամբ ու անմիջական հովանավորությամբ մեծ քանակի բջջային հեռախոսներ են մտցվել ՔԿՀ, վաճառվել են դատապարտյալներին, իսկ վաճառքից գոյացած ամբողջ գումարը փոխանցվել էր Սամվել Բաբայանին, ով հետագայում հրաժարվել էր այդ գումարը կիսել Արմեն Շամիրյանի հետ: Խոսքը մոտ 5 մլն դրամի մասին է: