Ինչպե՞ս են դառնում անհաջող կադր
16:04, December 5, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ11 տարի է, ինչ Հայաստանում գործում է Օմբուդսմենի ինստիտուտը, ունենք երրորդ Օմբուդսմենը, սակայն երբ մեր Պաշտպանները փորձել են բարձրաձայնել մարդու իրավունքների ոլորտում աղաղակող խախտումների մասին, արժանացել են իշխանության կոշտ եւ ոչ ադեկվատ հակադարձմանը: Տպավորություն է ստեղծվում, որ մեր պաշտոնյաները, ԱԺ պատգամավորները պատկերացում չունեն այս ինստիտուտի դերի, առաքելության մասին: Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը hraparak.am-ի հետ զրույցում նշեց, որ թե՛ իր ղեկավարած կազմակերպությունը, թե՛ Հելսինկյան կոմիտեն անդրադարձել են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի՝ Կարեն Անդրեասյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ անկախ որոշ վերապահումներից: Արթուր Սաքունցը նկատում է, որ վերջին երկու-երեք տարիների ընթացքում ՄԻՊ-ը հետեւողական եւ սկզբունքային հարցեր է արծարծել մարդու իրավունքների ոլորտում, եւ դրանք վերաբերում էին հիմնականում դատական իշխանությանը, ոստիկանության բաժիններում ցուցաբերվող դաժան եւ անմարդկային վերաբերմունքին: «Ինչու՞ է այնուամենայնիվ, ՄԻՊ-ը, որպես ինստիտուտ, օտար մարմին ընկալվում մեր իրականության մեջ»,- հետաքրքրվեցինք Արթուր Սաքունցից: Ըստ իրավապաշտպանի՝ այն անձնական պիտակավորումները, որոնք հնչեցվում են ՄԻՊ-ի հասցեին, հենց բնութագրում են դրանց հեղինակներին: «Նույն կերպ Ռոբերտ Քոչարյանը «անհաջող կադր» անվանեց Արմեն Հարությունյանին, երբ մարտի 1-ի մասին կազմեց արտահերթ զեկույց, հարձակումների արժանացավ Լարիսա Ալավերդյանը, երբ բարձրաձայնեց Հյուսիսային պողոտայի բնակիչների խախտված իրավունքների մասին»,- հիշեցնում է մեր զրուցակիցը: