Ժ. Բ. Օզկիրիսյանի գործը՝ ՀՀ Վարչական դատարանում
18:32, December 5, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայկական վերածնունդ կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Ժ. Բ. Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյանի) մուտքը ՀՀ արգելվել էր՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում նրա տվյալների՝ ներառված լինելու հիմքով:
Ժ. Բ. Օզկիրիսյանի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցի և գրասենյակի իրավաբան Ա. Չատինյանի կողմից վարչական բողոք էր ներկայացվել ԱԱԾ՝ նրա տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու հետ կապված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և տվյալները նշված բանկից հանելու վերաբերյալ, որը, սակայն, մերժվել էր: Մերժման հիմքի և մուտքի արգելքի ժամկետների վերաբերյալ արված հետագա հարցումներին ևս սպառիչ պատասխան չէր տրվել, մասնավորապես ԱԱԾ-ի պատասխան գրությամբ հայտնել են, որ Ժ. Բ. Օզկիրիսյանի նկատմամբ ՀՀ մուտքի արգելքը կիրառվել է անժամկետ և այն կարող է հանվել մուտքի արգելքի համար հիմք ծառայած հանգամանքները վերանալու դեպքում՝ այդպես էլ չներկայացնելով Ջ. Բ. Օսկիրիզյանի՝ ՀՀ մուտքի արգելքի կիրառման համար հիմք ծառայած հանգամանքները:
Ժ. Բ. Օսկիրիզյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Չատինյանը ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջվել է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱԱԾ այն գործողությունները, որով նրա տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր համարել վարչական բողոքի վերաբերյալ ԱԱԾ-ի կողմից տրված մերժումը և պարտավորեցնել ՀՀ ԱԱԾ-ին՝ հանելու Ժ. Բ. Օսկիրիզյանի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:
ՀՀ Վարչական դատարանի 2015 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ հայցադիմումը վարույթ է ընդունվել Դատարանի կողմից: