Ջահելություն պետք չի անել. ՊՆ խոսնակը լավ կլինի մի քիչ սովորեցնի Վիգեն Սարգսյանին
10:05, December 5, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր2015 ձմեռային և 2016 թվականի ամառային զորակոչից դժգոհ 57 քաղաքացի դիմել է Հելսինկյան ասոցիացայի Վանաձորի գրասենյակ (Ծանոթություն՝ պետք է լինի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ): Այսօր Մեդիա-կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և հավելեց, որ եղել են զորակոչիկներ, որոնք ոչ պիտանի են ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության համար, սակայն վախենալով քրեական պատասխանատվությունից, մեկնել են ծառայության:
Արթուր Սաքունցը նշեց, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակած ապրիլյան պատերազմի զոհերի մասին զեկույցին ՊՆ պաշտոնապես չի արձագանքել:
Սաքունցը տեղեկացրեց, որ զեկույցն ուղարկել է և՛ Դատախազություն, և՛ ԱԺ պաշտպանության հանձնաժողով, դեռևս արձագանքներ չկան:
«Չեմ ողջունում նոր նախարարի գործելաոճը, նախորդ նախարարի հետ էլ միանգամից հարթ չի եղել աշխատանքը, բայց կար որոշակի երկխոսության մշակույթ, իսկ նախարարի այսօրվա դիրքորոշումը, որը հայելային արտատպվեց նրա խոսնակի դիրքորոշման վերաբերյալ, որ ոչ թե օբյեկտիվ է կամ չէ, այլ մի՛ խոսեք այդ թեմայի շուրջ: Մենք խոսելու ենք, շարունակելու ենք պահանջել, իսկ անհրաժեշտության դեպքում, կհանդիպենք դատարանում, իսկ այն քրեական գործերը, որոնցով չենք հասել հաջողության, պատասխանները երբ ՄԻԵԴ-ից կստանանք, այն ժամանակ նախարարը կհասկանա՝ պետք է գնա՞լ խոսակցության, թե՞ նման գնահատական տալ»,- ասաց Սաքունցը:
Սաքունցի համար անհասկանալի է, որ նախարարն առանց ստուգելու բարձրաձայնված խախտումները, գնահատական է տալիս, որի միտումը հետևյալն է, որ «չի կարելի խոսել».
«Չի կարելի նման վերաբերմունք ունենալ պաշտպանական գերատեսչությունից էդքան հեռու գտնվող անձի կողմից, մենք պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների խնդրով զբաղվում ենք առնվազն 10 տարի, իսկ ինքը նոր է նշանակվել նախարար: ՊՆ մամուլի խոսնակին կառաջարկենք, որ նախարարին գոնե ուղղություն ցույց տա, հուշի: Լավ կլինի՝ մի քիչ սովորեցնի. ջահելություն պետք չի անել: Պաշտպանության գերատեսչություն է, ոչ թե ինքնարտահայտման տեղ»,- ասաց նա: