Ներքին ցնցումների հավանականությունն առավել քան մեծացել է
17:16, February 6, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն շուրջ 10 օր է խոսում են կոալիցիայի մասին, սակայն դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Որքանով են անկեղծ ՀՅԴ-ի պնդումները, թե գալիս են երկիրը ծանր վիճակից դուրս բերելու և արդյոք անակնկալ էր ՀՅԴ-ի նման դիրքորոշումը։
Այն, որ ՀՅԴ-ն և հատկապես նրա որոշ ներկայացուցիչներ ՀՀԿ-ի ներկայացուցիչներից ավելի մեծ ջանասիրությամբ էին քարոզում սահմանադրական փոփոխությունները քարոզարշավի ժամանակ, արդեն իսկ վկայում էր, որ նախքան հանրաքվեն համաձայնություն էր ձեռք բերվել սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Այնպես որ, սա չպետք է անակնկալ համարել: Ուղղակի հերթական անգամ հանրությունն ապշում է, թե ինչ աստիճանի կարող է պաշտոններ զբաղեցնելու ցանկությունը գերակայի քաղաքական սկզբունքներին ու դիրքորոշումներին։ Միայն թե պաշտոն զբաղեցնեն, միայն թե իշխանական կերակրատաշտից օգտվելու հնարավորություն ունենան՝ ոտնատակ անելով ցանկացած քաղաքական մոտեցում։
Հերթական անգամ քաղաքական դաշտում՝ հանձինս այս համագործակցության, ոչնչացավ ևս մեկ սուբյեկտ՝ ՀՅԴ-ն։ Մինչ այդ ԲՀԿ-ն սպառնալիքների և ուժի ցուցադրման միջոցով վերացավ, իսկ ՀՅԴ-ն էլ վերացավ կոռուպցիոն մեխանիզմի միջոցով։ Ամեն անգամ մարդիկ զարմանում են, թե որտեղ է սահմանը, մինչև որտեղ կարող է հասնել քաղաքական ուժն իր իշխանական հավակնությունները բավարարելու համար։ Հիմա բնականաբար անպայման պաշտոններ կտան Դաշնակցությանը՝ հանրաքվեի ժամանակ ցուցաբերած ծառայությունների դիմաց, բայց հիմնականում երևի թե Սերժ Սարգսյանը վերացրեց ՀՅԴ-ին որպես քաղաքական ուժ։ Այսինքն մնացել է անունը, իսկ բովանդակությունը, որպես այդպիսին, վերացավ։
Այն հրապարակումները, որ ներկայացնում են ՀՅԴ առանձին ներկայացուցիչներ, հակասում են մեկը մյուսին։ Խոսում են այն մասին, որ ներսում, այնուամենայնիվ, կա որոշակի դժգոհություն, մյուս կողմից պաշտոններ ստանալու գայթակղությունը գերակշռելու է տվյալ քաղաքական ուժի անունը պահելու մոտեցմանը։ Երկար ժամանակ Սերժ Սարգսյանն այս գործելակերպն է իրականացրել՝ անընդհատ ավելացնելով իր հաճախորդների թիվը։ Իսկ մնացած կուսակցությունները, որոնք այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ են տալիս, այս պահին հստակ, իրատեսական ծրագիր ու մոտեցումներ չեն ներկայացնում, որոնք հասարակության մոտ վստահություն կներշնչեն ստեղծված անելանելի, փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Չնայած նույն ՀՅԴ-ն էլ խոստովանում է, որ իրավիճակն այնքան վատ է, որ ստիպված են հեղինակազրկած իշխանությունների հետ կոալիցիա կազմել։ Իսկ ՀՀԿ-ականներն էլ ոչ թե առարկում են, որ իրավիճակը վատ է, այլ դժգոհում են, թե ինչու են ՀՀԿ-ն անվանում հեղինակազրկված։ Այսինքն ոչ թե մտածում են երկրում առկա խնդիրների մասին, այլ նեղվում են, որ իրենց հեղինակազրկված են անվանել։ Քաղաքական անպատասխանատվությունը հասել է իր դասական ձևավորմանը։ Այս վիճակում քաղաքական հնարավորությունների տեսակետից վիճակը փակուղային է, բայց այն հնարավորությունների տեսակետից, որը տալիս է աշխարհը, նկատի ունեմ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, Վրաստանում գազի խոշոր պաշարների հայտնաբերումը, Մերձավոր Արևելքում Սիրիական ճգնաժամի հետ կապված գործընթացները, Եվրոպայի և Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ և Ռուսաստանում վիճակի օրեցօր վատթարացումը, Ադրբեջանում իրավիճակի սրումը, ստեղծում են հնարավորություններ։ Մյուս կողմից, տեսնում ենք Արևմուտքի կողմից ուշադրության մեծացումը Հայաստանի նկատմամբ, բայց ցավոք, այստեղ չկա ներքին քաղաքական այն հնարավորությունը, որպեսզի նախ այդ ստեղծված հնարավորություններն օգտագործի, ձևակերպի որպես ռեսուրս և ունենա խնդիրների պատասխաններ։ Երկրորդ՝ մեր քաղաքական համակարգը պատրաստ էլ չէ այդ զարգացումներին։ Մենք անհաղորդ դիտորդի կարգավիճակում ենք գտնվում այդ բոլոր զարգացումների հանդեպ, ոչ թե այն պատճառով, որ չենք վերլուծում, չենք հասկանում, այլ ուղղակի ի վիճակի չենք որևէ նոր դիրքորոշում, նոր առաջարկություն, ծրագիր, մոտեցում ներկայացնել։ Այս իմաստով խորը ճգնաժամի մեջ է գտնվում ՀՀ քաղաքական դաշտը։
Այս պատկերի վրա երբ սկսվում են բանավեճերը իշխանության լծակների ձեռքբերման շուրջ, սա քաղաքացու համար անհասկանալի է։ Մենք ոչ թե սպասում ենք քննարկումների, թե ով ինչ արեց, ով ինչքան կոռուպցիոն եկամուտ ստացավ, ով ինչքան միլիարդներ ունի կամ չունի, այլ ակնկալում ենք քայլեր ու գործողություններ։ Ընդ որում, ոչ միայն զանգվածային հանրահավաքներ, այլ քաղաքական միտք, որը չկա։ Մենք լսում ենք միայն եղած իրավիճակը ներկայացնելու, քննադատելու, գովաբանելու, վերլուծելու պարբերաբար կրկնող խոսքեր։
Այս փակուղային թվացող իրավիճակում հնարավո՞ր է քաղաքական հայտ ներկայացնեն այնպիսի դեմքեր, որոնք կարող են հաջողել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Նման արագ գործընթացներ ակնկալո՞ւմ եք, թե էլի կլինեն աթոռի շուրջ բանակցություններ։
Հնարավոր է, բայց մենք պետք է հասկանանք, թե որն է այդ փակուղային իրավիճակի պատճառը։ Ես նշեցի քաղաքական համակարգի և քաղաքական դերակատարների ամլության ու թուլության մասին, բայց կա նաև վճռորոշ գործոնը՝ որոշիչ է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Ռուսաստանի իշխանության և անձամբ Պուտինի ազդեցությունը Հայաստանի իրավիճակի վրա ուղղակի վճռորոշ է։ Արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններն ու ստեղծված հնարավորություններին, պատուհաններին զուգահեռ կա դրանք սահմանափակող Ռուսաստանի ազդեցությունը։ Այստեղ է, որ մեր քաղաքական համակարգը որևէ պատասխան չի տալիս ռուսական ազդեցությանը։ ԽՍՀՄ փլուզումից 25 տարի անց մենք նորից դարձել ենք Ռուսաստանի կվազի-անդամ։ Այսինքն, անունով Հայաստանն անկախ պետություն է, ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի անդամ է, բայց դե ֆակտո շարունակում է հանդես գալ որպես Ռուսաստանի ենթակա սուբյեկտ։ Երբ խոսվում է էներգակիրների գների մասին, կարծես Ռուսաստանի ռեգիոնների միջև պայքար է գնում, թե որտեղ պիտի նավթը շատ տրվի, որտեղ քիչ։ Այսինքն սա կարծես ներքին ռուսական կոնտեքստում քննարկումների մեջ է դիտարկվում։
Մինչդեռ, հիմնական հարցը քաղաքական ու ռազմական ազդեցությունների մասին է, որը ցայտուն երևում է Պերմյակովի դատավարության ժամանակ։ Այդ դատավարությունը կարելի է համարել մոդել, որը ցույց է տալիս, թե որքանով է երկիրն անկախ։ Այդ դատարանը Հայաստանի անունով է, այնտեղ կա Հայաստանի դրոշ, ՀՀ դատավոր, ՀՀ կարգադրիչներ, փաստաբաններ, տուժողներ, բայց այդ ամենը գտնվում է ռուսական ռազմակայանի տարածքում։ Սա շատ խորհրդանշական է։ Այսինքն, մենք այդ բոլոր ատրիբուտներն ունենք, բայց գտնվում ենք ռուսական ռազմակայանի տարածքում։ Երբ այս մասին քաղաքական ուժերը հստակ պահանջներ, մոտեցումներ, գնահատականներ չեն ներկայացնում, ապա մնացած քննարկումներն առնվազն անիմաստ են, որովհետև հիմնական մարտահրավերը, ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ, «կենտրոնն» է, որի ազդեցությունն այն ժամանակ թուլացնելով ձեռք բերեցինք անկախություն։ Ու հիմա այդ «կենտրոնի» ազդեցությունն այնքան է ուժեղացել, որ մենք այդ հարցերի պատասխանը չունենք։ Սա ամենագլխավոր մարտահրավերն է, իսկ քաղաքական ուժերն այս խնդրի վերաբերյալ ոչ մի դիրքորոշում չեն հայտնում։ Այս իմաստով, մնացած բոլոր քննարկումներն անպտուղ ու անարդյունք են։
Եվրոպայում և Արևմուտքում մեր հնարավորությունները, ցավոք, պայմանավորված են Ռուսաստանի ազդեցության թուլացմամբ։ Սա չի նշանակում, որ պետք է սպասենք, որ Ռուսաստանում այս բոլոր գործընթացներն ավարտվեն, որովհետև այդ ժամանակ մենք պիտի կարողանանք պատրաստ լինել դրան։ Անկեղծորեն, ինձ ամենից շատ մտահոգողն այն է, որ ի տարբերություն 1988-90-ականների, երբ մարդիկ ժամանակավոր պատսպարվելու տեղ էին որոնում դրսում, որ հետո վերադառնան, հիմա զանգվածային փախուստ է տեղի ունենում երկրից։
Ես չէի ցանկանա, որ ճգնաժամից, որում մենք գտնվում ենք, դուրս գանք ցնցումներով։ Եթե հանրային դաշտում առկա ճգնաժամի հետևանքով լարումները, որոնք ակնհայտորեն տեսնում ենք, բյուրեղանան և գործողության տեսք ստանան, ապա իրապես դա կարող եմ համեմատել երկրաշարժի հետ։ Այսինքն այդ պարպումները կառավարելի դարձնելու կամ մարելու բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության, որովհետև բյուջեի 400 մլն դոլարի դեֆիցիտ ունենալը, 5 մլրդ դոլարի արտաքին պարտք կուտակելը թույլ չեն տալիս, որ դա տեղի ունենա։ Նրանք փորձեցին այդ խնդիրը լուծել այսպես կոչված կազմակերպված զինված խմբի իբր բացահայտմամբ, փորձելով ահաբեկել, կամ սեփական անձը կարևորել, թե տեսեք մենք այնքան կարևոր ենք, որ նման վտանգներ կան։ Հանրային ընկալման մեջ ներքին վտանգների միջոցով մարդկանց սաստելու կամ կառավարելի դարձնելու այդ մոտեցումը դատապարտված է անհաջողության, որովհետև ապրելու, գոյատևելու, այս անմարդկային պայմաններին հարմարվելու հնարավորությունները սպառվում են, և ցնցումների հավանականությունն առավել քան մեծ է, հատկապես այն անպատասխանատու վարքագծի ֆոնին, որը մենք տեսնում ենք հանձինս այդ քաղաքական դերակատարների և ՀՀԿ-ի քաղաքական «կայուն» մեծամասնության։
Այսինքն ցնցումներն անխուսափելի՞ կլինեն։
Միանշանակ։ Արդեն հիմա որոշակի ահազանգեր կան պետական որոշակի կառույցներում աշխատավարձերի կրճատման մասին։ Ընդ որում, կրճատելով հանդերձ զգուշացնում են, որ բողոքողները կազատվեն աշխատանքից։ Այսինքն, բառացի իմաստով այս պրեսինգը մարդկանց նկատմամբ, որ ամեն գնով հարմարվելու եք, հակառակ դեպքում եղածից էլ կզրկվեք, չի կարող երկար ժամանակ ընդունելի լինել։ Երկարաժամկետ տիրույթում դա չի կարող արդարացնել իրեն, որովհետև գոյատևելու հնարավորությունը չկա։ Ինչ է նշանակում 250 հազար դրամից, որից աշխատավարձը ենթադրենք 100 հազարն է, իսկ 150 հազարը պարգևավճար, հիմա այդ պարգևավճարը հանում են։ Խոսքը կոնկրետ մաքսային ծառայության աշխատակիցների մասին է։ Այսինքն հերթական անգամ կունենանք դե ֆակտո գործազուրկների մի ամբողջ բանակ, որոնք հանձին այդ գումարի ստանալու են գործազրկության նպաստ։