ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննությունը կշարունակվի
15:41, February 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. փետրվարի 2-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Դարբինյանի, քննության առնվեց վարչական գործն՝ ըստ հայցի Անուշ Պողոսյանի՝ ընդդեմ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերության բացակայության ճանաչման պահանջի մասին: Հիշեցնենք՝ նախորդ նախնական դատական նիստին հայցվոր կողմը միջնորդել էր թույլատրել կատարել հայցի առարկայի փոփոխություն, և միջնորդության քննարկման համար դատական նիստը հետաձգվել էր:
Նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվոր Անուշ Պողոսյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, իսկ պատասխանող ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատշաճ ծանուցված լինելու մասին դատարանը տեղեկություններ չուներ:
Հայցի առարկայի փոփոխման առնչությամբ պատասխանողի՝ դիրքորոշում ներկայացնելու իրավունքի ապահովման նպատակով դատական նիստը հետաձգվեց: Մինչ դատական նիստի ավարտը հայցվորի ներկայացուցիչը հայցի ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան՝ խնդրելով ժամանակավոր բավարարել հայցվոր Ա. Պողոսյանի՝ կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու մասին հայցապահանջը: Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանը դիմում էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ Ա. Պողոսյանի բնակարան մուտք գործելու թույլտվություն ստանալու նպատակով: Դատարանը նշեց, որ միջնորդության վերաբերյալ դատական ակտը կկայացվի օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2017 թ. մարտի 21-ին՝ ժամը 12:00-ին: