Վերապատրաստվեցին «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող երկարաժամկետ դիտորդները
15:36, March 6, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. մարտի 1-3-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականցրեց «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացներ: Նրանք դիտարկելու են 2017 թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքը, նախընտրական շտաբերի և տեղամասային հանձնաժողովների աշխատանքը:
Դիտարկման նպատակն է գնահատել քարոզչության ընթացքում կուսակցությունների ու դաշինքների համար հավասար պայմանների ապահովումը և նպաստել ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը՝ քարոզչության մասնակիցների գործունեության և դրանց ընթացքում առաջացած խոչընդոտների վերհանման և ներկայացման միջոցով:
Դասընթացը վարում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և սոցիոլոգ Ռուբեն Սարգսյանը: Դասընթացավարները ներկայացրին դիտորդական առաքելության կառուցվածքը, քարոզարշավի ընթացքն ու դրան առնչվող օրենսդրական կարգավորումները:
Առաջիկայում նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ՝ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող կարճաժամկետ դիտորդների համար: